Թաղոտ, (Աթաղոտ, Թաղուտ), գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։

Բնակավայր
Թաղոտ

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Աշխարհագրական տեղեկություններ խմբագրել

Գտնվում է Հադրութից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ հեռավորությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 115 կմ է։ Դիրքը գեղատեսիլ է, շրջապատված է այգիներով, բարձրությունը ծովի մակերևույթից 845 մետր է, կլիման, օդը և ջուրը շատ բարենպաստ է։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1929 թվականին, տնտեսության հիմնական ուղղություններն են, հացահատիկի մշակությունը, ինչպես նաև` խաղողագործությունն ու անասնապահությունը։

Գյուղի շրջակայքը հարուստ է թեղու ծառատեսակով, որից էլ առաջացել է «թեղուտ» բառից, որը ձևափոխվել և այժմ կոչվում է Թաղոտ։ Գյուղի պատմությունն սկսվում է 12-րդ դարի սկզբներից, Հադրութի շրջանի պատմական գյուղերից է, ըստ գյուղի բնակիչների` այստեղ բնակավայր է եղել դեռ 9-րդ դարից։ 1836 թվականին այստեղ 7 Քար կոչվող եկեղեցու տեղամասում կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն այժմ ոչ բարվոք վիճակում է[2]։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 70 տուն, 475 բնակիչ, 1987 թվականին` 71 տուն, 198 բնակիչ։ Էլեկտրաֆիկացվել է 1951 թվականին։ Այս գյուղում է ծնվել հայ խորհրդային հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից` Բաղդասար Ավագյանը։

Բնակչությունը խմբագրել

Գյուղի բնակիչները սերում են 1703 թվականի Սյունյաց աշխարհի Դարբաս գյուղից տեղափոխված Գալուստի, Գրիգորի և Յաղուբի ընտանիքներից, սակայն գյուղի տարածքում պահպանվել են նաև 12-րդ դարի հուշարձաններ։ 19-րդ դարում այն իր մարդաշատությամբ գավառի հայաբնակ մեծ գյուղերից էր։ Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 160 մարդ, որից զոհվել են 72-ը իսկ ըստ Ս. Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» գրքի[3]` Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 134 մարդ, որից զոհվել է 51-ը. նրանց հիշատակին կանգնեցվել է հուշարձան։ Արցախյան առաջին պատերազմին մասնակցել է 35 մարդ, որից 5-ը զոհվել են, 5-ը վիրավորվել[4]։

Հուշարձանները խմբագրել

Գյուղի տարածքում պահպանվել են մի շարք հուշարձաններ, որոնք թվագրվում են զարգացած միջնադարից և հասնում է մինչև 19-րդ դարը։ Կան բնակելի երկհարկանի տներ, որոնցից մի քանիսն ունեն 18-րդ դարի շինարարական արձանագրություն։

Գյուղի հյուսիսային եզրին գտնվում է Ս. Հովհաննես եկեղեցին, որը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1841 թվականից։ Այն միանավ բազիլիկ շինություն է, երկթեք տանիքը հենված է հյուսիսային և հարավային պատերի վրա։ Արևելյան մասում կիսաշրջան խորանն է ՝ կից ավանդատներով, իսկ հյուսիսային մասում մկրտության խորշն է՝ ավազանով։ Եկեղեցու մուտքը հարավից է, լուսավորությունը ապահովում են վեց լուսամուտները։

Գերեզմանատունը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան հատվածում։ Այստեղ պահպանվել են 16-19-րդ դարերի մի քանի տասնյակ արձանագիր տապանաքարեր։ Գյուղամիջում կանգուն է 1719 թվականի մի աղբյուր, որն ըստ շինարարական արձանագրության կառուցել է Սյունյաց Աղվերծ (Դարբաս) գյուղի խոջա Ղազարը՝ ի հիշատակ իր հարազատների[5]։ Ճվավանքի ուխտատեղին գտնվում է գյուղից 800 մետր հարավ-արևմուտք։ 1922 թվականին հիշատակվում է Ճառավանք անվամբ:Խորհրդային տարիներին սրբավայրը քանդվել է, սակայն տեղում պահպանվել են տարբեր շինությունների հետքերը։ 2001 թվականի ուսումնասիրությունների ընթացքում հուշարձանի շրջակա գերեզեմանատանը առկա էին 12-13 -րդ դարերի ութ խաչքար, որոնցից երեքն արձանագիր են[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. Վերնագիրը վերջում - Հավատամք(չաշխատող հղում)
  3. Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990թ., էջ 270
  4. Բալայան Վ. (2020). Արցախի հանրապետությա բնակավայրերի պատմության ուրվագծեր. Երևան: Երևան. էջ 202.
  5. Մկրտչյան Շ. (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան. էջ 117.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Աբրահամյան Է. (2021, 15, էջ 59-64). «Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները». Վարձք.