Ընդմիջվող կաղությունը, ցավ է, որն առաջանում է սրունքի հետին խմբի մկաններում (ավելի հազվադեպ ազդրի և հետույքի մկաններում) ֆիզիկական աշխատանքի ժամանակ և թեթևանում է հանգստի վիճակում[1]։ Ախտանիշների արտահայտվածությունը կարող է տատանվել թեթևից մինչև ծանր։ Ընդհատվող կաղության պատճառը մկանի իշեմիան է, որն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ դեպի մկանը գնացող զարկերակի օբստրուկցիայի և արյունամատակարարման խախտման հետևանքով։ Սա տարածված խնդիր է, որի առաջացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ։ 65 տարեկանն անց բնակչության մեկ հինգերորդ մասի մոտ կա այս խնդիրը, և հաշվի առնելով շատ զարգացած երկրներում կատարվող ժողովրդագրական փոփոխությունները հիվանդացության տարածվածության ցուցանիշը հաջորդ մի քանի տարում կարող է մեծանալ 20 անգամ[2]։

Ընդմիջվող կաղություն
intermittent claudication
Տեսակախտանիշ և հիվանդության կարգ
ՊատճառՄկանը սնող զարկերակի նեղացում կամ խցանում
Հիվանդության ախտանշաններցավ վերջույթում, մկանային սպազմ և ջղակծկում
Բժշկական մասնագիտությունանոթաբուժություն
ՀՄԴ-9440.21
Հոմանիշներընդհատվող կաղություն
Ախտորոշումանամնեզ և գործիքային հետազոտություններ
Տարբերակիչ ախտորոշումնյարդարմատի սեղմում, ողնուղեղի ստենոզ, արտաքինից ճնշման սինդրոմ
Բուժումհակաագրեգանտներ,ստատիններ

Ընդմիջվող կաղությունը դեպքերի մեծամասնությունում շատ հեշտ է ախտորոշվում։ Այն զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը։ Հիվանդների միայն փոքր մասին է անհրաժեշտ ռեվասկուլիզացիա։ Բուժման գլխավոր նպատակն է իջեցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը։ Բուժման գլխավոր մեթոդներն են ծխելու դադարեցումը, զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի հսկումը, ստատինների և հակաագրեգանտային դեղերի դուրս գրումը։

Ընդմիջվող կաղությունը կյանքի որակի վրա թողնում է բացասական ազդեցություն և ազդում է մարդկանց աշխատունակության վրա։ Սա շատ լուրջ սոցիալական խնդիր է, որը անուշադրության է մատնված։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն մահվան բարձր ռիսկ։ Սակայն շատ մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը չեն դիմում բժշկի։ Վաղ ախտորոշումը և ռիսկի գործոնների կառավարումը շատ կարևոր են մահվան ցուցանիշի իջեցման գործում։

Ռիսկի գործոնները խմբագրել

Դեպքերի մեծամասնությունում հիմնական ռիսկի գործոնը աթերոսկլերոզն է։ Ծխելը ծայրամասային անոթներում աթերոսկլերոզի առաջացման ամենամեծ ռիսկի գործոնն է, որն էլ իր հերթին բերում է ընդհատվող կաղության։ Ծխելը մեծացնում է հիվանդացության ռիսկը ամենաքիչը 3 անգամ և որքան շատ է տարի/տուփ հարաբերակցությունը այնքան ռիսկը ավելի է մեծանում։ Այլ ռիսկի գործոններ են տարիքը, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, հիպերլիպիդեմիան, հիպերհոմոցիստեինեմիան։ Երիտասարդների մոտ ընդհատվող կաղություն կարող է առաջանալ ծնկափոսային զարկերակի խցանումից, ֆիբրոլորձային դիսպլազիայից և արտաքինից ճնշման սինդրոմից (որն առաջանում է մկանային մեծ լարվածություն գործադրող մարզիկների, օրինակ՝ հեծանվորդների մոտ)[1]։

Նշաններ ու ախտանիշներ խմբագրել

Ֆիզիկական ակտիվության ժամանակ, երբ մկանները զգում են թթվածնի կարիք, որը նրանց է հասնում արյան միջոցով, ընդմիջվող կաղությունը կարող է դրսևորվել հետևյալ նշաններով՝

  • Մկանների կծկանք (սպազմ)՝ մկանի կամ դրա մի մասի հանկարծակի կծկում
  • Ջղաձգում (ցնցում)՝ մկանների խմբի հանկարծակի կծկում, որը ուղեկցվում է ուժեղ ցավով
  • Թմրածություն
  • Ցավ
  • Ծակծկոցի զգացում
  • Թուլություն

Սովորաբար այս սիմպտոմները զգացվում են ոտքերում և բարձրանում են վեր՝ դեպի հետույքի շրջան։ Վիճակը լավանում է կամ սիմպտոմները անհետանում են, երբ դադարեցվում են շարժումները։

Այլ սիմպտոմներ, որոնք նույնպես կարող են վկայել ընդմիջվող կաղության հետ՝

  • Այրոցի կամ ցավի զգացում վերջույթում
  • Փայլուն մաշկ ոտքի կամ ոտնաթաթի վրա
  • Ոտքի սառնություն
  • Ցիանոզ (կապտություն)
  • Ոտքերի վրա վերքեր
  • Մազաթափություն ոտքերի շրջանում (կապված է սնուցման խանգարման հետ)
  • Տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա
  • Թուլացած ձեռքեր կամ ոտքեր

Բարդություններ խմբագրել

Ժամանակի ընթացքում ոտքերի ցավը կարող է առաջանալ ոչ միայն ֆիզիկական ակտիվության ժամանակ, այլ նաև հանգստի վիճակում։ Վերքերն ու խոցերը չեն լավանում այնպես, ինչպես հարկն է, կամ չեն լավանում ընդհանրապես։ Եթե վերքերը ինֆեկցվեն, հնարավոր է առաջանա գանգրենա, որը կարող է ավարտվել ոտքի ամպուտացիայով[3]։

Ախտորոշում խմբագրել

Ընդմիջվող կաղությունը ախտորոշում են հիվանդության պատմության հիման վրա, երբ բուժառուն գանգատվում է մկանային ջղակծկումերից նույն բեռնվածության ֆիզիկական ակտիվության ժամանակ, որոնք անհետանում են հանգստի պայմաններում։ Ոտքի վրա անոթազարկի թուլացումը կամ անհետացումը և արյան հոսքում աղմուկի առկայությունը, որը առաջանում է տուրբուլենտ հոսքի պատճառով, վկայում են ընդմիջվող կաղության մասին։ Սակայն որոշ պացիենտներ նորմալ անոթազարկով և անոթներում աղմուկի բացակայությամբ, նույնպես կարող են ունենալ հիվանդությունը[1]։

Ծունկ-բազկային ճնշման հարաբերության նվազումը (<0,9) նույնպես խոսում է այս ախտորոշման մասին։

Այնուամենայնիվ, նորմալ ծունկ-բազկային ճնշման հարաբերությունը և նորմալ շոշափելի անոթազարկը դեռ չեն հերքում հիվանդության առկայությունը։ Եթե անամնեզը համապատասխանում է ընդմիջվող կաղությանը, սակայն ծունկ-բազկային ճնշման հարաբերությունը նորմալ է, պետք է կրկնել թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում։ Եթե ծանրաբեռնվածության թեստից հետո ճնշումը ծնկում իջած է և միաժամանակ առաջացել են վերը նշված սիմպտոմները, ապա վստահորեն կարելի է ախտորոշել ընդմիջվող կաղություն[1]։

Կարելի է անցկացնել ուլտրաձայանյին հետազոտութոյւն, որի ժամանակ բժիշկը կտեսնի անոթներով արյան անցման ձևը[3]։

Մագնիսառեզոնանսային շերտագրությամբ և համակարգչային շերտագրությամբ կարելի է տեսնել արյան անոթները, պարզել նրանց խցանված կամ սեղմված լինելը[3]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են նյարդարմատի կոմպրեսիան (սեղմումը), ողնուղեղի ստենոզը, արթրիտը կոնքազդրային հոդում, Բայքերի ախտանշային կիստան, երակային կաղությունը, կարող են կրկնօրինակել ընդմիջվող կաղության սիմպտոմները։

Ցավը, որն առաջանում է նյարդարմատի սեղմումից տենդենցիա ունի տարածվելու մեջքից դեպի ոտքի հետին շրջան, ինչպես նաև հիվանդները գանգատվում են սուր ցավերից գոտկատեղի շրջանում, որը կարող է թեթևանալ մեջքի դիրքը փոխելուց (հաճախ առաջ թեքվելով)։

Ողնաշարի ստենոզի ժամանակ միշտ կա շարժողական թուլություն։ Ողնաշարի գոտկասրբանային բաժնի հիվանդության և ծայրամասային անոթների հիվանդությունների առկայության դեպքում հաճախ դժվար է լինում պարզել, թե որ հիվանդություն է հանդիսացել սիմպտոմի առաջացման պատճառ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Cassar, Kevin (2006 թ․ նոյեմբերի 11). «Intermittent claudication». BMJ : British Medical Journal. 333 (7576): 1002–1005. doi:10.1136/bmj.39001.562813.DE. ISSN 0959-8138. PMC 1635612. PMID 17095782.
  2. Diehm, C.; Kareem, S.; Lawall, H. (2004-11). «Epidemiology of peripheral arterial disease». VASA. Zeitschrift fur Gefasskrankheiten. 33 (4): 183–189. doi:10.1024/0301-1526.33.4.183. ISSN 0301-1526. PMID 15623192.
  3. 3,0 3,1 3,2 «Intermittent Claudication: Causes, Symptoms, Diagnosis, and Treatment». WebMD (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.