Էնդի Ալո
Էնդի Ալո, Andy Allo (հունվարի 13, 1989, Բամենդա, Կամերուն), կամերունյան ծագումով ամերիկացի երգչուհի, երգահան, կիթառահար, դերասանուհի[1]։
Էնդի Ալո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Բամենդա, Կամերուն |
Կրթություն | El Camino Fundamental High School? և American River College? |
Քաղաքացիություն | Կամերուն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երաժիշտ, երգչուհի, մոդել, հեղինակ-կատարող և հեռուստատեսային դերասանուհի |
Ժանրեր | սոուլ |
andyallo.com | |
Էնդի Ալոն ճանաչում է ձեռք բերել հատկապես The Game ֆիլմաշարի կատակերգական և դրամատիկական տեսարաններում ցուցադրած տպավորիչ դերասանական խաղով[2], Attack of the Show! թոք շոուին իր ուշագրավ մասնակցությամբ[3], Jimmy Kimmel Live! թոք շոուում իր երաժշտական հիշարժան կատարումներով[4], ինչպես նաև՝ արդեն իսկ թողարկած երաժշտական երեք ալբոմներով՝ Unfresh, Superconductor և Hello (ի դեպ, Hello ալբոմը թողարկվել է PledgeMusic-ի ֆինանսավորմամբ)[5][6]։
Կենսագրություն
խմբագրելԷնդի Ալոն ծնվել է 1989 թվականի հունվարի 13-ին, Կամերունի հյուսիսարևմտյան Բամենդա տարածաշրջանում։ Ընտանիքում հինգ երեխաներից կրտսերն էր։ Երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ու հակում դրսևորել է դեռ վաղ հասակից. ընդամենը յոթ տարեկան էր, երբ մայրն սկսեց նրան դաշնամուրի դասեր տալ, նվագել սովորեցնել։
Էնդին հաճախել է Բամենդայի PNEU դպրոցը։ 2000 թվականին, երբ ընդամենը տասնմեկ տարեկան էր, քրոջ՝ Սյուզանի հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտո քաղաքը։ Նրա՝ ծնունդով կալիֆորնիացի մայրը՝ Սյուն, քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառով որոշ ժամանակ անց ստիպված էր վերադառնալ Կամերուն, Բայց Էնդին հոր՝ բնապահպան Էնդրյու Ալոյի խնամքի ներքո մնացել է ԱՄՆ-ում, ուսումը շարունակել Սակրամենտոյում գտնվող Արդենի միջին դպրոցում։ 2006 թվականին նա ավարտել է Սակրամենտոյի El Camino Fundamental High School ավագ դպրոցը, ապա հաճախել Հյուսիսային Սակրամենտո կոմսության American River Community քոլեջը։ Այդ ժամանակաշրջանում Էնդին հիմնել է իր երաժշտախումբը՝ Allo and the Traffic Jam-ը, որը դեպքից դեպք ելույթներով հանդես էր գալիս Սակրամենտոյի 22-րդ և J փողոցների անկյունում։
Ալոյի առաջին սոլո համերգը տեղի է ունեցել 2008 թվականին, Սակրամենտոյի գործարար թաղամասի Fox & Goose Public House-ի բացման երեկոյի ժամանակ։ Հաջորդ տարում նա թողարկել է իր առաջին ալբոմը՝ UnFresh-ը, որը պարունակում էր նրա հորինած տասներկու երգերը։ Ընդ որում՝ ալբոմի առաջին սինգլը՝ "Dreamland"-ը, կատարում է ռեփեր Բլուն։
Ալոյի հեղինակությունն ու համբավը՝ որպես տաղանդավոր երաժիշտի, տարեցտարի աճում էին, և 2011 թվականին նա ընդգրկվեց ամերիկացի հայտնի երաժիշտ Փրինսի The New Power Generation երաժշտախմբում՝ իբրև երգիչ ու կիթառահար[7]։ Համերգային շրջագայությունների ժամանակ համագործակցելով Փրինսի հետ՝ նա գրեց երեք երգ՝ "Superconductor"-ը, "The Calm"-ը և "Long Gone"-ը։ Դրանք հետագայում ընդգրկվեցին Superconductor ալբոմում, որը թողարկվեց 2012 թվականի նոյեմբերի 20-ին՝ որպես Amazon.com-ի Soul and R&B շարքի ձայնագրություններից առաջինը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Այդ ալբոմում ընդգրկված որոշ ստեղծագործություններ կատարում են ճանաչված երաժիշտներ Մասեո Փարքերը և Թրոմբոն Շորթին։
2014 թվականի հոկտեմբերին Ալոն թողարկեց իր "Tongue Tied" սինգլը, իսկ 2015 թվականի ապրիլին՝ PledgeMusic-ի ֆինանսավորմամբ՝ Hello ալբոմը։ Այդ նույն տարում, համագործակցելով Փրինսի հետ, մասնակցեց Oui Can Luv խորագիրը կրող նախագծի ավարտական փուլի աշխատանքներին[8]։
2017 թվականին, Ռուբի Ռոուզի հետ մեկտեղ, Էնդի Ալոն հանդես եկավ Pitch Perfect 3 կինոնկարում՝ կատարելով Evermoist անվանումով երաժշտախմբի անդամ Սերենիթիի դերը։
Սկավառակագրություն
խմբագրել- UnFresh (2009)
- Superconductor (2012)
- Hello (2015)
- Oui Can Luv (2015)
- One Step Closer (2017)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Daily Feed with Andy Allo 4.22.11». G4 TV. 2011 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Andy Allo – Filmopgraphy». Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Full cast crew». Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Chanel, Paris (2013 թ․ ապրիլի 1). «WATCH: Andy Allo Performs "People Pleaser" On Jimmy Kimmel Live». www.thevinylbridge.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Andy Allo». Last FM. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Andy Allo». SoundCloud. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Andy Allo Listening Party, Sun, 9/23 @ Chicago House of Blues w/Special Guests New Power Generation Band». Prince.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Petridis, Alexis (2015 թ․ նոյեմբերի 12). «Prince: 'Transcendence. That's what you want. When that happens – Oh, boy'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- AlloEvolution, Offizielle Website von Andy Allo
- AndyAllo, Twitter-Benutzerkonto von Andy Allo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ալո» հոդվածին։ |