Էթել Մայերս (անգլ.՝ Mae Ethel Klinck Myers, ի ծնե՝ Lillian Cochra, օգոստոսի 23, 1881(1881-08-23) կամ 1881[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 24, 1960(1960-05-24) կամ 1960[1], Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և քանդակագործ, նկարիչ Ջերոմ Մայերսի կինը։ Հարել է Աղբամանների դպրոցին, ճանաչման հասել է ամուսնությունից հետո։ Եղել է նաև արվեստի մասնավոր ձեռնարկու և մանկավարժ։

Էթել Մայերս
Ի ծնեանգլ.՝ Lillian Cochran
Ծնվել էօգոստոսի 23, 1881(1881-08-23) կամ 1881[1]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 24, 1960(1960-05-24) կամ 1960[1]
Մահվան վայրCornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, նորաձևության դիզայներ և արվեստագետ
ՈճԱղբամանների դպրոց
Թեմաներքանդակագործություն
ՈւսուցիչՌոբերտ Հենրի, Walter Satterlee? և Վիլյամ Չեյզ
ԱմուսինՋերոմ Մայերս
ԶավակներVirginia Janet Mayer?
 Ethel Myers Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Էթելը դստեր՝ հինգամյան Վիրջինյայի հետ

Ծնվել է 1881 թվականի օգոստոսի 23-ին Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա 20-ամյա մայրը Էթելի ծնվելու ժամանակ ծանր հիվանդ է եղել և մահացել է, երբ լրացել է աղջկա չորս տարին։ Այդ ժամանակներում հայրը ևս մահացել է, և աղջիկը որբացել է։ Որոշ ժամանակ անց նրան իրենց հարկի տակ ընդունել է ունևոր Մայքլ և Ալֆիատա Կլինկ զույգը, աղջկան տվել Մայ Էթել Կլինկ անունը[2]։ Մահացել է նրա խորթ հայրը, և աղջիկը խորթ մոր հետ ապրել է Բրուքլինում և Օրանժում, Նյու Ջերսիում Էթելը սովորել է մասնավոր դպրոցներում։ Նրա խորթ մայրը դաշնամուր է նվագել, աղջկան ևս սովորեցրել այն հույսով, որ կդառնա դաշնակահարուհի։

Այդ ընթացքում նրանք ապրում էին Նյուարկ քաղաքում, որտեղ Էթելը շարունակել է սովորել դպրոցում։ Դաշնամուր նվագելով զբաղվելը նրան հետաքրքիր չէր և նա սկսել է սովորել Նյու Յորքի Ազգայն ակադեմիայում, այնուհետև 1898 թվականից շարունակել ուսումը Նյու Յորքի Արվեստի դպրոցում։ Միաժամանակ սովորել է Վիլյամ Չեյզի մասնավոր դպրոցում և 1904 թվականին ավարտել Արվեստի դպրոցը։ Չեյզի դպրոցում նա ծանոթացել է ամերիկացի բազում նկարիչների հետ, որոնցից էին Ջոն Սլոունը, Ուիլյամ Գլակենսը և ուրիշներ[3]։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Ռոբերտ Հենրին, որը մեծ ազդեցություն է ունեցել աղջկա արվեստի վրա։

Իր ապագա ամուսնու՝ նկարիչ Ջերոմ Մայերսի հետ Էթելը հանդիպել է 1904 թվականին արվեստի գործակալ Ուիլյամ Մակբեթի պատկերասրահում[4]։ Ջերոմը և Էթելը ամուսնացել են 1905 թվականին փոքրիկ եկեղեցում և սկսել են միասին ապրել 59-րդ փողոցում գտնվող նրա արվեստանոցում[4]։ Աղջկա մայրը չի ողջունել Մայերսի հետ ամուսնությունը՝ համարելով նրան խեղճ նկարիչ, նախընտրելով աղջկա վաղ նշանադրությունը գործարարի հետ։ Հետագայում նա զրկել է Էթելին ժառանգության մասից, որը խոստացվել էր։ Ամուսնությունից մեկ տարի անց՝ 1906 թվականի հոկտեմբերի 21-ին, Էթելն աղջիկ է ունեցել՝ Վիրջինյային, որը հետագայում դարձել է ամերիկացի հայտնի պարուհի։

Աղջկա ծննդից կարճ ժամանակ անց Էթելը որոշել է հեռանալ գեղանկարչությունից՝ արվեստանոցի տարածքն ազատելով ամուսնու համար, իսկ ինքն զբաղվել է փոքր քանդակներ ստեղծելով։ Սկզբում ստեղծել է մարդկանց ծաղրանկարային բրոնզե քանդակներ, որոնցից շատերը զվարճալի դիրքերով էին։ 1913 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Արսենալյան ցուցահանդեսում, որտեղ նրան նկատել է արվեստաբան Շառլոտա Ռուբինշտեյնը։ Շատ թերթեր և հանդեսներ գրել են նրա արվեստի մասին։

Ամերիկացի նկարիչ և գրող Ռոջեր Ֆրայը (Մետրոպոլիտեն թանգարան) գնել է Ջերոմ Մայերսի մի շարք աշխատանքներ և առաջարկել նրան գնալ Լոնդոն, որտեղ Ֆրայի կարծիքով նա իր աշխատանքների համար կգտներ հարուստ շուկա։ Այդ պատճառով Մայերս ընտանիքն ամբողջ կազմով 1914 թվականին գնացել է Լոնդոն։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մնացել էր մեկ ամիս։ Լոնդոն հասնելուց հետո ընտանիքն իրենց արվեստի գործակալի հետ գնացել է Փարիզ, որտեղ բնակարան են վարձել և կահույք գնել՝ պատրաստվելով իրենց կյանքի նոր փուլին։ Ջերոմն արագ աշխատանք է գտել, Էթելն իմացել է իր անելիքը՝ մեծ հույսեր տածելով աղջկա հանդեպ։ Սակայն սկսված պատերազմը խառնել է նրանց պլանները։ Ամերիկայի դեսպանությունը խորհուրդ է տվել Ջերոմին և Էթելին հեռանալ Փարիզից։ Հավաքելով իրենց իրերը, ներառյալ անավարտ նկարները՝ գրեթե առանց միջոցների նրանք բռնել են դեպի Ամերիկա իրենց հետադարձի ճանապարհը[5]։

ԱՄՆ վերադառնալուց հետո դժվար ժամանակներում լրացուցիչ եկամուտ ստանալու համար Էթելն ուշադրություն է դարձրել կարի ձեռնարկությանը, որոնք կանանց համար արտադրանք էին ստեղծում։ Նա զբաղվել է հագուստի և գլխարկների դիզայնով, ինչպես նաև դասավանդմամբ՝ չթողնելով նաև քանդակագործությամբ զբաղվելը։ Նա հագուստներ է ստեղծել հայտնի մարդկանց համար, Նյու Յորքում ունեցել է խանութ։ Որպես գործարար կին նրա կյանքը տևել է 25 տարի՝ 1915-ից մինչև 1940 թվականը, երբ մահացել է ամուսինը։ Ամուսնու մահից հետո Էթելն իր ժամանակի մեծ մասը նվիրել է ամուսնու արվեստի հանրայնացմանը՝ ողջ ԱՄՆ-ի տարածքում Արվեստի ամերիկյան ֆեդերացիայի (անգլ.՝ American Federation of Arts) հովանավորությամբ դասախոսություններ է կարդացել նրա աշխատանքների մասին։

1949 թվականից Էթելը թոշակի է անցել՝ մինչև 1959 թվականը լինելով Նյու Յորքի Christodora House-ի գեղեցիկ արվեստների և խեցեգործության բաժնի արտ տնօրենը[6][7]։

Մահացել է 1960 թվականի մայիսի 24-ին Կորնուոլ քաղաքում, Նյու Յորք։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. Spanierman Gallery, Artist Biography of Ethel K. Myers
  3. «Show of the Late Ethel Myers' Work». The Villager. New York. 1963 թ․ մարտի 18.(անգլ.)
  4. 4,0 4,1 «Jerome Myers Papers». Helen Farr Sloan Library, Delaware Art Museum. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  5. Myers, Ethel. «Notes on the start of war and the trials of getting back to America». Ethel Myers Estate. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.(անգլ.)
  6. National Cyclopedia of American Biography
  7. New York Sun, January 18, 1913

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Մայերս» հոդվածին։