Էդուարդ Բադալյան

կիթառահար, կոմպոզիտոր, մանկավարժ

Էդուարդ Գևորգի Բադալյան (հոկտեմբերի 15, 1937(1937-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 1995(1995-12-15), Երևան, Հայաստան), կիթառահար, կոմպոզիտոր, մանկավարժ։

Էդուարդ Բադալյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1937(1937-10-15)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 1995(1995-12-15) (58 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր և մանկավարժ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Կենսագրություն խմբագրել

Նունե Պողոսյանի հայրը։ Դասական կիթառի դպրոցի հիմնադիրը Հայաստանում։

1957 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Մոսկվայի Արվեստների ժողովրդական համալսարանի հարմոնիայի (1965 թվական), դասական կիթառի (1975 թվական, Ա. Իվանով-Կրամսկոյի դասարան) հեռակա բաժինները։ 1973 թվականից՝ Հայհամերգի և Սոյուզկոնցերտի մենակատար։

1968 թվականին՝ Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան (Հայաստանում՝ առաջին), 1978 թվականին՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական, Ա. Օստրովսկու անվան երաժշտամանկավարժական ուսումնարաններում բացել է կիթառի դասարաններ։

Նպաստել է դասական կիթառի երկացանկի տարածմանը, կիթառահարների նոր սերնդի դաստիարակմանը։

Գրել է կիթառի 48 պիես, «Ադաջո» պոեմը՝ կիթառի և կամերային նվագախմբի համար, մշակել և փոխադրել է հայ և այլազգի կոմպոզիտորների բազմաթիվ մենանվագ և անսամբլային երկեր։

Բադալյանի գործերի մեծ մասն ընդգրկվել է երաժշտական հավաքածուներում («Կոնցերտային պիեսներ վեցլարանի կիթառի համար», «Կիթառահարի նվագացանկը», «Սկսնակ կիթառահարի ալբոմ»)։

Համերգներով շրջագայել է Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում։

Երկացանկում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Լեոպոլդ Վեյսի, Ռոբեր դե Վիզեի, Ֆրանսիսկո Տառեգայի, Ֆերնանդո Սոռի, Անդրես Սեգովիայի, Լեո Բրաուերի, Ագուստին Բարիոսի, Իվանով-Կրամսկոյի, Մանուել Պոնսեի, Իսաակ Ալբենիսի, Ֆեդերիկո Տոռոբայի, Էյտոր Վիլա-Լոբոսի, Ատաուալպա Յուպանկի, նաև իր գործերից և հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ։ Ունի ֆոնդային ձայնագրություններ ՀՀ ռադիոյում։

«Բյուրեղապակե լարեր» (1981–1983 թվականներին, Դոնեցկ, 1991 թվական, Մարիուպոլ), «Ղրիմյան լարեր» մարզային II (1989 թվական, Ղրիմ), «Կիթառիերաժշտության օրեր» (1990 թվական, Դնեպրոպետրովսկ), Կիթառի երաժշտության համամիութ. (1991 թվական, Չելյաբինսկ) փառատոների դափնեկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։