Միքայել Մուրադյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)
Միքայել Ազատի Մուրադյան (1941 թվականի հունվարի 24, Թիֆլիս - 2012 թվականի դեկտեմբերի 24), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002):
Միքայել Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | 1941 թվականի Հունվարի 24 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 2012 թվականի Դեկտեմբերի 24 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԳԱԱ պատվոգիր, ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1941 թ. հունվարի 24-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ 1961–1966 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում ԽՍՀՄ Պատմություն մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայում սովորելուն զուգընթաց դասախոսել է ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքում։ 1969–2012 թվականներին 40 տարուց ավել դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում՝ զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի, ապա՝ պրոֆեսորի պաշտոններ։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին XIX դարի ռուսական պատմագրության և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ» թեմայով։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց պատմության հիմնահարցերը ռուսական պատմագիտական և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (XVIII-XIX դարերում)» թեմայով։ Միքայել Մուրադյանը համատեղությամբ Ռուսաստանի քաղաքական պատմություն է դասավանդել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Միքայել Մուրադյանն ակտիվորեն մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ Մոսկվայում (1995) և Երևանում (2000, 2005) գումարված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովներին։
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
խմբագրելԴասավանդել է Ռուսաստանի պատմություն, Աղբյուրագիտություն, Պատմագրություն դասընթացները։ Պատմագիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են միջազգային հարաբերությունների պատմության հիմնահարցերից մինչև Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, հայ-ռուսական առևտրատնտեսական, քաղաքական ու միջպետական հարաբերությունները։ Վեց մենագրության և ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է։
Պարգևները
խմբագրել- ԵՊՀ Ոսկե մեդալ
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգիր
- ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգիր
- ՀՀ ԳԱԱ–ի պատվոգիր
- ԵՊՀ–ի պատվոգիր
Երկեր
խմբագրել- Սովետական միության պայքարը հանուն խաղաղության և միջազգային անվտանգության արդի էտապում, Երևան, 1979, 224 էջ։
- Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, 148 էջ։
- Восточная Армения в русской историографии 19 веков, Ереван, 1990.
- Հայոց ողբերգությունը ռուսական հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ, Երևան, 1997, 72 էջ։
- Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (XVIII - XIX դարեր), (հեղինակակից՝ Էդիկ Մինասյան), Երևան, 2005, 562 էջ։
- Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011, 265 էջ[1]
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 251։