Արքայադուստր Սենիե Զոգու (ալբ․՝ Senije Zogu, 15 նոյեմբերի, 1903, Բուրգայետ, Մատի, Օսմանյան կայսրություն - 15 ապրիլի, 1969, Կանն, Ֆրանսիա), ալբանացի արքայադուստր[2], Ալբանիայի առաջին թագավոր Ահմեդ Զոգուի քույրը, հասարակական գործիչ։

Սենիե Զոգու
ալբ․՝ Senije Zogu
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1903(1903-11-15) կամ նոյեմբերի 15, 1908(1908-11-15)[1]
ԾննդավայրԲուրգայետ, Մատի շրջան, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 28, 1969(1969-04-28) կամ ապրիլի 15, 1969(1969-04-15)[1]
Մահվան վայրԿանն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ալբանիայի թագավորություն և  Ալբանիա
ԱմուսինՄահմեդ Աբիդ էֆենդի
ԾնողներՋեմալ փաշա Զոգու
Սադիա Տոպտանի

Կենսագրություն խմբագրել

Սենիե Զոգուն ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 15-ին Օսմանյան կայսրության Բուրգայետ ամրոցում (ներկայում՝ Ալբանիայի Մատի շրջանում)։ Նրա հայրն է եղել Ջեմալ փաշա Զոգուն, մայրը՝ Սադիա Տոպտանին։ Աղբյուրներում նշվում է, որ Սենիե Զոգուն եղել է եղբոր՝ Զոգու I-ի վեց քույրերից ամենասիրելին, և իրենց մոր մահից հետո Սենիե Զոգուն է կատարել առաջին տիկնոջ պարտականությունները մինչ 1938 թվականի ապրիլի 27-ին Զոգու I-ն ամուսնացել է Գերալդինե Ապոնիի հետ։

Զոգու I-ի թագավորության առաջին տարիներին արքայադուստրերը վարում էին մեկուսի կյանք ու հազվադեպ էին երևում հասարակության շրջանում։ Սակայն ամեն ինչ փոխվում է Սենիե Զոգուի ամուսնությունից հետո։ 1936 թվականին Սենիե Զոգուի ամուսնությունը թուրքական սուլթանի որդու հետ հանուն պետական շահի կատարված գործարք էր, և այդ ժամանակից ի վեր Զոգու I-ը պարբերաբար կազմակերպում էր պաշտոնական թագավորական պարահանդեսներ, որոնց մասնակցում էին նրա չորս կրտսեր քույրերը։ Սենիե և Ահմեդ Զոգուները մասնակցել են իրենց քույրերի դաստիարակությանը, սովորեցրել են նրանց նվագել դաշնամուր, պարել, ձիավարել, ինչպես նաև սովորեցրել են լեզուներ։ Նրանք մի քանի անգամ ճանապարհորդել են Արևմտյան Եվրոպայում, որտեղ հայտնի են դարձել իրենց թանկարժեք գնումներով։

1928 թվականի հոկտեմբերին արքայադուստր Սենիե Զոգուն թագավորի կողմից նշանակվում է Ալբանական Կարմիր խաչի ներկայացուցիչ։ Նույն թվականին Ալբանիայում թագավորն արգելում է կանանց բոլոր կազմակերպությունները և դրանք փոխարինում մեկ կազմակերպությամբ՝ Gruaja Shiqiptare, որ զբաղվում էր կանանց հարցերով։ Լինելով Ալբանիայում Կարմիր խաչի ղեկավար՝ արքայադուստր Սենիե Զոգուն թագավորի կողմից նշանակվում է նաև Gruaja Shiqiptare միության նախագահ։ Այդ կազմակերպության նպատակն էր աջակցել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը, և այն ինքնուրույն գործունեություն ծավալել չէր կարող։ Gruaja Shiqiptare կազմակերպության մասնաճյուղեր էին գործում Ալբանիայի շուրջ 20 քաղաքներում։

1937 թվականին Սենիե Զոգուն եղբոր պահանջով ամանորյա պարահանդեսի է հրավիրում ապագա թագուհուն՝ հունգարացի կոմսուհի Գերալդինե Ապոնիին։ Պարահանդեսը տեղի է ունենում Տիրանայում գտնվող թագավորական պալատում, որտեղ Զոգու I-ն առաջարկություն է անում Գերալդինեին։ Արքայադուստր Սենիե Զոգուն իր ընտանիքի մյուս անդամների հետ հեռացել է Ալբանիայից 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսելուց հետո։ Պատերազմի ավարտից հետո նա մի որոշ ժամանակ բնակվել է Եգիպտոսում, իսկ 1955 թվականին Զոգու ընտանիքի որոշ անդաների հետ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ իր քույրերի հետ ապրել է մինչև իր մահը։

Սենիե Զոգուն մահացել է 1969 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի Կանն քաղաքում։

Անձնական կյանք խմբագրել

1936 թվականի հունվարի 12-ին Սենիե Զոգուն Տիրանայում ամուսնացել է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի որդու՝ արքայազն Մահմեդ Աբիդ էֆենդիի հետ (1905-1973)։ Նրանք ամուսնալուծվել են 1949 թվականին։ Երեխաներ չեն ունեցել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել