Զեֆիր և Ֆլորա (ֆր.՝ Flore et Zéphire), մեկ գործողությամբ անակրեոնային բալետ, որն ստեղծել և բեմադրել է Շառլ Դիդլոն։ Բալետը պատկանում է, այսպես կոչված, գործողության բալետին (ballet d’action), որտեղ սյուժեն կարևորվում է պլաստիկայից, իսկ վերջինս ենթարկվում է սյուժեին։

Զեֆիր և Ֆլորա
Տեսակբալետ
ԿոմպոզիտորCesare Bossi?
 Zephire et Flore Վիքիպահեստում

Զեֆիրի և Ֆլորայի երջանիկ սիրո մասին լեգենդը ոգեշնչել է և՛ նկարիչներին, և՛ պոետներին, և՛ երաժիշտներին։ Գոյություն ունի նաև նույն անվանումով օպերա, որի հեղինակն է Պ. Վրանիցկին։ Ռիկարդո Դրիգոյի «Ֆլորայի կենդանացումը» բալետը (բեմադրվել է Պետերբուրգում, խորեոգրաֆներ` Մարիուս Պետիպա և Լև Իվանով, 1894 թվականին ցուցադրվել է Պետերգոֆսկի պալատական թատրոնում, այնուհետև` Մարիինյան թատրոնում, բալետը վերաբեմադրվել է հենց այնտեղ, 2007 թվականին[1]), և Լ. Մյասինի «Զեֆիր և Ֆլորա» անվանումով բալետները ևս ստեղծվել են ըստ նույն սյուժեի։

Բալետի ստեղծման պատմություն խմբագրել

Այս բալետը նախ մտադրվել էր բեմադրել Շառլ Դիդլոն, 1795 թվականին, Լիոնում, երբ նա բեմադրում էր «Կերպարանափոխություն» բալետն (Lа métamorphose) ըստ հավաքական երաժշտության` նվիրված իր մանկավարժին` Ժան Դոբերվալին, որն էլ դարձել է «Զեֆիր և Ֆլորա» բալետի հիմքը[2]։ Սակայն բեմադրել ներկայացումը Լիոնում չի ստացվում բեմի փոքր լինելու և թատերական տեխնիկայի անկատարելության պատճառով։ Բեմադրության համար Շառլ Դիդլոյին անհրաժեշտ էին փոխակերպումներով, թռիչքներով, շատրվան արձակող և 18-րդ դարի համար այլ հրաշքներով հատուկ թատերական մեքենաներ, ինչը Լիոնի թատրոնում չկար։ Սակայն հաջորդ` 1796 թվականին բալետմայստերը, փրկվելով յակոբիններից, գնում է Լոնդոն և այնտեղ նա հնարավորություն է ունենում բեմադրել իր ներկայացումը։

Առաջին անգամ «Զեֆիր և Ֆլորա» բալետը ներկայացվել է Լոնդոնի թագավորական թատրոնում 1796 թվականի հուլիսի 7-ին` ըստ կոմպոզիտոր Չ. Բոսիի (Cesare Bossi) երաժշտության։ Հիմնական դերերում բալետմաստերն ու իր կինն էին[3]։

Այս բալետը հատուկ դեր է խաղացել Դիդլոյի ստեղծագործական կյանքում։ Նա միշտ վերադառնում էր դրան նոր բեմադրություններով, փոխում, կատարելագործում, առաջ էր բերում նոր կերպարներ, տարբեր կոմպոզիտորների երաժշտություններ և ներկայացնում էր տարբեր անուններով` «Զեֆիր և Ֆլորա», «Ֆլորա և Զեֆիր», «Թեթևամիտ Զեֆիր` պատժված և զսպված, կամ Ֆլորայի հարսանիքը»[2]։ Դիդլոն բեմադրել է իր բալետը Եվրոպայի տարբեր բեմերում, այդ թվում նաև` Պետերբուրգում, հետագայում բալետը թարմացվել է շատ խորեոգրաֆների կողմից։

Այս բալետն ունի ևս մեկ յուրահատկություն. մի քանի բալետի պատմաբաններ համարում են, որ հենց այդ բալետում է առաջին անգամ բալետի պարուհին կանգնել պուանտների վրա։ Մասնավորապես Յու. Բախրուշինը գրում է.

  Կանացի դասական պարն այդ ժամանակաշրջանում հասել է մեծ զարգացման։ Այս առումով որոշիչ պահը եղել է «Ոտքի մատների վրա դիրքը», այդ դիրքը առաջ է բերել Դիդլոն և առաջին պարուհին, որը կատարել է այդ, հավանաբար եղել է Դանիլովան «Զեֆիր ևև Ֆլորա» բալետում 1808 թվականին ( Ոտքի մատների վրա կանգնելու բոլոր առաջին տեսարանները պատկանում են հենց «Զեֆիր և Ֆլորա» ներկայացմանը[4]):  

Դա հաստատելու համար Յու. Բախրուշինը թարգմանում է Դիդլոյի 1815 թվականին Փարիզում բեմադրված «Զեֆիր և Ֆլորա» ներկայացման մասին ֆրանսիացի բալետի պատմաբան Կաստիլ Բլազայի խոսքերը. «Մենք թերթերից իմացանք, որ մեծ տիկինը` Գոսլեն, մի քանի վայրկյան կանգնել է մատների վրա, sur les pointes des pieds, որն մինչ այժմ չտեսնված է եղել»[4]։ Ճիշտ է` պուանտներ դեռ չկային, կատարողները կրում էին փափուկ սանդալներ։ Սակայն դա դեռ պուանտների վրա պար չէր։

Գործող անձիք խմբագրել

Գործող անձանց ցանկը վերցվել է 1804 թվականի բեմադրությունից, որը տեղի է ունեցել Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում[5] (Մի քանի բեմադրություններում հիշատակվում են նաև այլ կերպարներ)։

  • Զեֆիր
  • Ֆլորա
  • Ամուր
  • Վեներա
  • Բախուս
  • Հիմենեյ
  • Գեղուղիներ
  • Կլեոնիսա
  • Ամինտա
  • Էրիգոնա
  • Ցեֆիսա
  • Սատիր
  • Սելեն
  • Ֆավն
  • Վակխանկա
  • Ամուրներ, Զեֆիրներ, Նայադներ, Տրիտոններ, Սատիրներ, Նիմփաներ։

Սյուժե խմբագրել

Գլխավոր կերպարներն են գարնանային մեղմ քամու աստված Զեֆիրը, որն երբեմն փոթորիկ էր դառնում և Ֆլորան՝ բույսերի և պտուղների հովանավոր, գարնան և ծաղիկների նիմփան էր, որոնք սիրահարված էին միմիանց։ Սակայն Զեֆիրը չափազանց անհոգ էր և փոփոխական, մեկ հանկարծակի անհետանում էր, մեկ նույն կերպ հանկարծակի հայտնվում, մեկ հանդիպում է գեղեցկուհի նիմփային և մոռանալով ամեն ինչի մասին` սկսում է պարել նրանց հետ, իսկ նրանք պատրաստ են պատասխանել թեթևամիտ ու անկաշկանդ երիտասարդի սիրախաղին։ Սակայն խիստ Ամուրը որոշում է ինքն զբաղվել այդ գործով, Զեֆիրին սիրելիի հանդեպ ցուցաբերած անվճռականության և անբարոյականության մասին բացատրելով` նա փորձում է կարգավորել նրանց հարաբերությունները։ Ամեն ինչ բարեհաջող է ավարտվում՝ թեթևամիտ Զեֆիրն ամեն ինչ հասկանում է և Ֆլորային տանում է Հիմենայի մոտ։ Դիդլոն բեմադրությունում հատուկ նշանակություն է տվել բեմական էֆեկտներին՝ ծաղկող վարդի թփին, հանդիսատեսի աչքին հանկարծակի թռչող ամպի վերածվելուն, թռչող նիմփաներին և աստվածություններին, ցայտող շատրվանին, Վեներայի տաճարի ջրվեժին ... Այս ամենը ներկայացման մեջ գեղեցիկ պարի տեսարանային լրացումներ էին[5]։

Բեմադրություններ խմբագրել

  • 1796 թվականի հուլիսի 7` Լոնդոնի Նորին մեծության թատրոն, կոմպոզիտոր` Չ. Բոսի, նկարիչ` Լիպարոտի, Շառլ Դիդլո` Զեֆիր, Ռոզա Դիդլո` Ֆլորա
  • 1804 թվական` Էրմիտաժի թատրոն, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, նկարիչ` Կորսին, Կ. Դիդլո` Զեֆիր, Ռ. Դիդլո` Ֆլորա
  • 1808 թվական` Էրմիտաժի թատրոն, Սանկտ Պետերբուրգ, կոմպոզիտոր` Կ. Կավոս, Դյուպրե` Զեֆիր, Դանիլովա` Ֆլորա (Յու. Բախրուշինը նշել է բալետի պարուհու առաջին ելույթը պուանտների վրա[4])
  • 1812 թվականի ապրիլի 7՝ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոն, երաժշտությունը՝ Ա. Վենյուայի, բալետմաստեր՝ Կ. Դիդլո
  • 1815 թվականի դեկտեմբերի 12՝ Փարիզի Գրանդ օպերա, երաժշտությունը՝ Ա. Վենյուայի, նկարիչներ՝ Պ. Սիսերի և Մարշ, բալետմաստեր՝ Կ. Դիդլո, Ալբեր՝ Զեֆիր, Գոսելեն ավագ՝ Ֆլորա (Դիդլոն բեմադրություն կատարելու թույտվություն է ստացել այդ ժամանակ Փարիզի նախկին իշխան Կոնստանտին Պավլովիչի աջակցությամբ, ներկայացումներից մեկին ներկա էին գտնվել դաշնակից միապետերը և Լուի XVIII-ը, որն անձամբ է արտահայտել իր զարմանքն ու հիացմունքը մեծ խորեոգրաֆին[2], նաև հիշատակում է բալետի պարուհու առաջին բեմելը պուանտների վրա[4])
  • 1818 թվականի հունվարի 2` Պետերբուրգ` Էրմիտաժի թատրոն, նկարիչ` Ս. Կոնդրատևև Կ. Բաբինի, նոր խմբագրությամբ, բալետմաստեր` Շառլ Դիդլո
  • 1828 թվական հունվարի 18` Մեծ քարե թատրոն, երաժշտությունը` Կավոսի, նոր խմբագրությամբ, բալետմաստեր Կ. Դիդլո, Իստոմինա` Ֆլորա
  • 1829 թվական` Մոսկվա` Մեծ թատրոն, ըստ կոմպոզիտորներ Կ. Կավոսի և Ն. Կուբիշտի երաժշտության (Ֆ. Գյուլեն Սոր` Ֆլորա)
  • 1830 թվականի հուլիսի 3` Լոնդոնի Կովենտ գարդեն թատրոն, վերաբեմադրել է խորեոգրաֆ Շ. Դիդլոն, բալետմաստեր` Ֆիլիպո Տալիոնի, Մարիա Տալիոնի` Ֆլորա։ Հենց այդ ժամանակ է Մարիա Տալիոնին առաջին անգամ բեմ դուրս եկել կոշիկի նոր ձևով` հողաթափ-պուանտներով[6]։
  • 1841 թվական, ապրիլի 19` Պետերբուրգի մեծ քարե թատրոն, վերաբեմադրություն, երաժշտությունը` ըստ Կավոսի և Վենյուի, բալետմաստեր` Ա. Տիտյուս և Կուզմինա, Է. Գրեդլյու` Զեֆիր, Անդրեևա Երկրորդ` Ֆլորա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пробуждение Флоры
  2. 2,0 2,1 2,2 Большая биографическая энциклопедия, автор Вл. Греков
  3. «Театральная энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ю.Бахрушин. «История русского балета». М., Сов. Россия, 1965, 249 с.)
  5. 5,0 5,1 «Зефир и Флора». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Пуанты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.