«Երեք արջի հեքիաթը» (նաև «Ոսկեծամիկը և երեք արջերը» անգլերեն տարբերակում և «Մաշան ու երեք արջերը» ռուսական տարբերակում), անգլերեն մանկական հայտնի հեքիաթ։ Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Ռուսերենում մեծ տարածում է ստացել Լև Տոլստոյի վերապատմումը, որից էլ հայերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանը[2]։ Առավել լայն տարածում ունեցող անգլիական տարբերակում աղջկա անունը Ոսկեծամիկ է (անգլ.՝ Goldilocks): Տոլստոյի տարբերակում աղջիկն ի սկզբանե անուն չուներ և գրված է «մի աղջիկ»[3]։

Երեք արջի հեքիաթը
Goldilocks and the Three Bears
Տեսակգրական ստեղծագործություն և հեքիաթ
Ժանրհեքիաթ
ՀեղինակՌոբերտ Սաութի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է19-րդ դար[1]
Հրատարակվել է1837
 The Three Bears

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Ոսկեծամիկը փախչում է 3 արջերից:
Ամերիկյան հրատարակություն, 1912 թվական:

Ժամանակակից բանագետները հեքիաթի անգլիական տարբերակի արմատները տեսնում են սյուժեով համանման շոտլանդական հեքիաթում, որ պատմում է 3 արջերի ու խորամանկ աղվեսի մասին[4]։ Մտնելով արջերի տուն ու չարաճճիություններ անելով՝ աղվեսը քնում է ամենափոքր արջի մահճակալին, վրա են հասնում վերադարձող տանտերերը, աղվեսն ստիպված է լինում փախչել։ Հեքիաթում նա պարզապես կոչվում է «խորամանկ աղվես»։ «Վերադառնալով արմատներին»՝ Ջոն Բաթենի (անգլ.՝ John D. Batten) տարբերակում (1894) աղվեսի անունը Ճանկռտան է (անգլ.՝ Scrapefoot)[5]:

Գրական ավանդույթներում 1837 թվականին Ռոբերտ Սաութիի կողմից հեքիաթը ներդրվել է որպես «Հեքիաթ 3 արջերի մասին» (անգլ.՝ The Story of the Three Bears): Այդ տարբերակում պրոտագոնիստը ոչ թե աղվեսն է, այլ խուլիգանական բնավորությամբ «փոքրիկ պառավը» (անգլ.՝ a little old Woman), որն ինչ-որ բանով հիշեցնում է պառավ Շապոկլյակին։ Կա մի ենթադրություն[4], ըստ որի՝ Սաութին փոքր ժամանակ այդ պատմությունը լսել է իր քեռի Ուիլյամ Թալլերից և անգլ.՝ vixen բառը հասկացել ոչ թե հիմնական նշանակությամբ («աղվես»), այլ փոխաբերական («ծայրահեղ կռվարար կին»)։ Դա, սակայն, չի բացատրում, թե ինչու է նրան դարձրել պառավ։

Սաութիի հեքիաթում 3 մարդակերպ արջ-տղամարդիկ՝ «փոքր, միջնեկ և մեծ արջերը», միասին ապրում են անտառի տանը։ Սաութին նրանց ներկայացնում է որպես բարի, վստահելի, անվնաս, կոկիկ և հյուրընկալ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աթոռը, շիլայի ափսեն և մահճակալը։ Մինչ շիլան հովանում էր, նրանք գնում են անտառում զբոսնելու։ Կինը նրանց ընտանիքից հեռացված էր, քանի որ նրանց համար խայտառակություն էր համարվում։ Պատմության տարբեր մասերում նա ներկայացված է որպես խարդախ, վատը, զազրախոս, տգեղ, կեղտոտ շրջմոլիկ, որ արժանի էր ուղղիչ հաստատությունում գտնվելու։ Կինն անտառում հասնում է արջերի տանը, ներս նայում պատուհանից, նայում կողպեքի անցքից, բարձրացնում սողնակը և համոզվելով, որ տանը ոչ ոք չկա՝ ներս մտնում։

Դեռևս 1813 թվականին (մինչև 1837 թվականին հրատարակելը) Սաութին հեքիաթի իր տարբերակը պատմել է ընկերներին ու ծանոթներին։ 1831 թվականին Էլեանորա Մյուրը (անգլ.՝ Eleanor Mure) լսած հեքիաթը ներկայացրել է բանաստեղծության ձևով և ծննդյան օրվա առթիվ նվիրել իր զարմիկ Գորացիյա Բրոկին՝ գրելով նրա ձեռագիր ալբոմում։ Սաութիի և Մյուրի տարբերակները տարբերվում են մանրամասներում։ Սաութիի արջերն ուտում էին վարսակի շիլա, իսկ Մյուրի մոտ կաթ էին խմում։ Սաութիի պառավը տուն ներթափանցելու պատճառ չուներ, իսկ Մյուրի պառավը վիրավորվել էր, երբ նրան մերժել էին քաղաքավարի այցի ժամանակ։ Էլեանոր Մյուրի տարբերակը սյուժեի պատմության մեջ մնացել է որպես ամենից արյունախումը։ Մյուս բոլոր տարբերակներում աղվեսը, պառավը կամ աղջիկը փրկվում են՝ փախչելով պատուհանից, նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ Մյուրի տարբերակում պառավը նետվում է Հռոմի բազմահարկ տան պատուհանից ու խրվում Սուրբ Պողոսի տաճարի սրաձողին[6]։

Բանահավաքներ Այոնա և Փիթեր Օպիները (անգլ.՝ Iona and Peter Opie) 1999 թվականի իրենց «The Classic Fairy Tales» գրքում ցույց են տալիս, որ երեք արջերի մասին հեքիաթը «Սպիտակաձյունիկի» մասնակի նմանօրինակն է. մոլորված արքայադուստրը մտնում է թզուկների տուն, փորձում նրանց ուտելիքն ու քնում մահճակալներից մեկին։ Երեք արջերի նման թզուկները լաց են լինում. «Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին։», «Ինչ-որ մեկը կերել է իմ ափսեից։» և «Ինչ-որ մեկը քնել է իմ անկողնում։»։ Օպիները ցույց են տալիս նաև նմանությունը արքայադստեր մասին նորվեգական հեքիաթի հետ։ Վերջինս ապաստան էր գտել մի քարայրում, որտեղ բնակվում էին արջի մորթիներ հագած ռուս երեք իշխանները։ Նա ուտում է նրանց ուտելիքն ու թաքնվում մահճակալի տակ։

Հեքիաթը ժամանակակից տեսքի բերելու կարևոր քայլ է կատարել անգլիացի գրող Ժոզեֆ Քանդելլը։ 1850 թվականին հրատարակվել է նրա «Հետաքրքրաշարժ գրքերի գանձարան փոքրիկ երեխաների համար» (անգլ.՝ Treasury of Pleasure Books for Young Children) աշխատությունը[7]։ «Երեք արջերի» նրա տարբերակում հերոսը փոքրի աղջիկն է, իսկ խուլիգանություն անելու դրդապատճառը վերացված է. աղջիկը փորձում է ուտել և քնել, որովհետև մոլորվել էր անտառում, հոգնել ու սովածացել։ Ճիշտ է՝ աղջկա անունը ոչ թե Ոսկեծամիկ էր, այլ Արծաթե մազիկ (անգլ.՝ Silver-Hair): Նախաբանում Քանդելլն իր ընտրությունն այսպես է բացատրել[6].

«Երեք արջերի մասին հեքիաթը» շատ հին հեքիաթ է, բայց ոչ մեկի մոտ այնքան լավ չի պատմված, որքան մեծ բանաստեղծ Ռոբերտ Սաութիի մոտ, որի տարբերակով (նրա թույլտվությամբ) ես կիսվում եմ ձեզ հետ։ Միայն ինձ մոտ տուն ներխուժում է փոքրիկ աղջիկը, ոչ թե պառավը։ Ես այդպես եմ արել, որովհետև Արծաթե մազիկի տարբերակը գտնում եմ ավելի հայտնի, և որովհետև արդեն կան շատ այլ պատմություններ պառավի մասին։

Նոր տեսքով հերոսուհու հայտնվելուց հետո նրա անունը հաճախ է փոխվել՝ կախված հրատարակություններից։ Սկզբում նրա մազերն արծաթագույն էին՝ անգլ.՝ Silver-Hair (1850), անգլ.՝ Silver-Locks (1858), անգլ.՝ Silverhair (1867): 1868 թվականի հրատարակումից հետո մազերի գույնը փոխվել է և աղջիկը դարձել է Ոսկեծամիկ (անգլ.՝ Golden Hair)՝ վերջնականապես հաստատվելով 1904 թվականին հրատարակված տարբերակով՝ անգլ.՝ Goldilocks (բառացի Ոսկեծամ, կամ բնօրինակից փոքրացված ձևով պահպանվելով Ոսկե խոպոպիկներ)[8]։

Սյուժե խմբագրել

Փոքրիկ աղջիկը, մոլորվելով անտառում, գտնում է մի դատարկ տուն և ներս մտնում։ Այնտեղ նա տեսնում է 3 չափի առարկաներ՝ ափսեներ, աթոռներ և մահճակալներ։ Փորձում է դրանք օգտագործել, բայց յուրաքանչյուր առարկայից երկուսը նրա համար այս կամ այն պատճառով անհարմար էր, իսկ երրորդը՝ «հենց իրենն է որ կա»։ Երբ աղջիկը քնում է, վերադառնում են տանտերերը՝ հայր արջը, մայր արջը և նրանց քոթոթը, որոնք վրդովվում են իրենց իրերին ձեռք տալու համար։ Աղջիկն արթնանում է և պատուհանից փախչում։

Հովհաննես Թումանյանի թարգմանած տարբերակում հեքիաթի վերջում աղջիկը վախից արթնանում է և հասկանում, որ այդ ամենը երազ էր[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հեքիաթի սյուժեի համանմանությամբ անգլիական աստղագիտության մեջ առաջացել է «Ոսկեծամիկի գոտի» (Goldilocks Zone) տերմինը, որ նշանակում է գոտի աստղերի շուրջը, որտեղ հնարավոր է կյանքի գոյությունը, այսինքն՝ լուսատուին չափազանց մոտ ու տաք չէ, բայց և չափազանց հեռու ու սառն էլ չէ։
  • Հեքիաթի ծաղրանմանական ու արդիականացված սյուժեով շարադրանքն է պարունակում Ռոալդ Դալի «Revolting Rhymes» բանաստեղծությունների ժողովածուն (1982)։
  • Ամերիկացի մանկական գրող Ջեն Բրեթը (անգլ.՝ Jan Brett) 2007 թվականին հրատարակել է «Երեք ձյունե արջերը» (The Three Snow Bears) հեքիաթը, որը հիմնված է Ոսկեծամիկի մասին հեքիաթի վրա։ Գլխավոր հերոսուհին Ալի-Կու (անգլ.՝ Aloo-ki) էսկիմոս աղջիկն է, հեքիաթի գործողությունները տեղի են ունենում հյուսիսում, իսկ արջերն սպիտակ են[9]։

Էկրանավորում խմբագրել

  • «Թավշե արջերը» (անգլ.՝ The 'Teddy' Bears) – ամերիկյան ֆիլմ, որ «Ոսկեծամիկը և երեք արջերը» անգլիական հեքիաթի հիման վրա նկարահանվել է 1907 թվականին ռեժիսոր Էդվին Փորթերի կողմից։
  • «Երեք արջերը» – 1937 թվականի խորհրդայի մուլտֆիլմ՝ նկարահանված Լև Տոլստոյի փոխադրության մոտիվներով։
  • «Երեք արջերը» – 1958 թվականի խորհրդայի մուլտֆիլմ՝ նույնպես նկարահանված Լև Տոլստոյի փոխադրության մոտիվներով։ Գլխավոր հերոսի անունը, որքան էլ տարօրինակ է, Վարվարուշկա է։
  • «Երեք արջերը» – խորհրդային մուլտֆիլմ-օպերա։
  • Ever After High մանկական մեդիաֆրանշիզայի մշտական հերոսներից մեկը Ոսկեծամիկի դուստրն է, նրան կոչում են Բլոնդի Լոքս (անգլ.՝ Blondie Lockes): Նրա անունը կարելի է թարգմանել «Խարտյաշ գանգուրներ»։ Նրա հիմնական տաղանդն այն է, որ կարողանում է բացել ցանկացած կողպեք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.torontopubliclibrary.ca/detail.jsp?R=DC-37131062568829D
  2. 2,0 2,1 Հովհաննես Թումանյան. «Երեք արջի հեքիաթը»
  3. Толстой Л. Н.. «Три медведя». журнал «Костёр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 Graham Seal. Goldilocks // Encyclopedia of folk heroes. — US: ABC-CLIO, 2001. — С. 90—92. — ISBN 1576072169
  5. «Scrapefoot» в Викитеке
  6. 6,0 6,1 Iona Opie, Peter Opie. The Classic fairy tales. — UK: Oxford University Press, 1992. — С. 200. — ISBN 0192115596
  7. Joseph Cundall. «A treasury of pleasure books for young children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  8. Maria Tatar. The annotated classic fairy tales. — US: WW Norton & Company, 2002. — С. 245. — ISBN 0393051633
  9. «Summary/reviews: The three snow bears». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք արջի հեքիաթը» հոդվածին։