Երաժշտական դրամա (իտալ.՝ dramma per la musica, dramma in musica), օպերայի նախնական անվանումներից է, որը XVI–XVII դարերի սահմանագծին առաջացել է Իտալիայում։ Մինչև XVIII դարը օգտագործվել է «օպերա» եզրույթին զուգահեռ։

Հասկացություն խմբագրել

Այն առաջադրվել է XIX դարի կեսին՝ պայմանավորված օպերայի պայմանականությունների դեմ պայքարով։

Նպատակ և խնդիրներ խմբագրել

Նպատակը դրամատիկական թատրոնի սկզբունքներն օպերա ներմուծելն էր։ Երաժշտական դորամայի տեսական խնդիրների վերամշակմամբ զբաղվել է Ռիխարդ Վագները։ Նա առաջադրել է կարևոր սկզբունք, ըստ որի՝ դրաման նպատակն է, երաժշտությունը՝ նրա իրագործումը։ Իր օպերաներում ձգտել է հին օպերայի ձևերը վերափոխել Երաժշտական դորամայի սկզբունքներով։ Նրա հայեցակարգը նպաստել է օպերայի արվեստի զարգացմանը։ Ազգային այլ դպրոցների կոմպոզիտորներ (Ջուզեպպե Վերդի, Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով, Ալեքսանդր Դարգոմիժսկի և ուրիշներ) այդ խնդիրը լուծել են յուրովի։

Դրամատիկ ստեղծագործություն խմբագրել

Դրամատիկական ստեղծագործության մեջ առավել կարևորված է երաժշտությունը (վոկալ և գործիքային)։ Երաժշտական դորամայի այդպիսի նմուշներ գոյություն են ունեցել աշխարհի հին և միջնադարյան թատրոններում (լիթուրգական դրաման՝ Եվրոպայում, երաժշտական թատրոնը՝ Չինաստանում և այլն)։ «Երաժշտական դրամա» են անվանում նաև արևելյան ասքերի հիման վրա ստեղծված երաժշտաբեմական երկերը («Լեյլի և Մեջնուն», «Ֆարհադ և Շիրին», «Թահիր և Զոհրա» և այլն)։

Հայկական թատրոնում 1910-1920-ական թվականներին ռեժիսոր Հովսեփ Ոսկանյանի ջանքերով բեմադրվել են «Լեյլի և Մեջնուն» (Արմեն Տիգրանյանի երգերով), «Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովայի երգերով, Շարա Տալյանի կոմպոզիցիայով) ներկայացումները։

Եզրույթ խմբագրել

Դրանով բնորոշվում է գերիշխող դրամատիկական (ոչ կատակերգական, ոչ հեքիաթային) բովանդակության օպերայի ժանրը (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», Ժորժ Բիզեի «Կարմեն» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։