Լեյլի և Մեջնուն (օպերա)
Լեյլի և Մեջնուն (ադրբ.՝ Leyli və Məcnun), չորս գործողությունից բաղկացած ադրբեջանական օպերա, որի հեղինակը Ուզեիր Հաջիբեկովն է։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի հեղինակ | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով և Ջեյհուն Հաջիբեկլի |
Սյուժեի աղբյուր | Leyli and Majnun? |
Գործողությունների քանակ | 4 ± 1 արար |
Ստեղծման տարեթիվ | 1907 |
Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 12 (25), 1908 |
Հրատարակման տարեթիվ | 20-րդ դար |
Leyli and Majnun (opera) Վիքիպահեստում |
Ներկայացման պատմություն
խմբագրելՕպերան գրվել է 1907 թվականին[1] և առաջին անգամ ներկայացվել է 1908 թվականի հունվարի 12-ին Բաքվի Թագիևի թատրոնում։ Այն համարվում է իսլամական աշխարհի առաջին օպերան[2][3]։
Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հուսեյն Արաբլինսկին, իսկ Հաջիբեկովը անձամբ նվագել է ջութակ։
Ուզեիր Հաջիբեկովը և նրա եղբայրը Ջեհում Հաջիբեկովը Մուհամմեդ Ֆիզուլիի «Լեյլա և Մեջնուն» պոեմի հիման վրա գրել են օպերայի լիբրետտոն․ պոեմի որոշ մասեր թողնվել են անփոփոխ[4]։
Լեյլի և Մեջնուն օպերան դառնում է աշխարհի երաժշտական մշակույթում եզակի նոր ժանրի հիմնադիրը, որը սինթեզում է արևելյան և եվրոպական երաժշտական ձևերը՝ նմանվելով Արևելքի և Արևմուտքի երաժշտական մշակույթների երկխոսությանը[5][6]։
Օպերան ավելի քան 20 000 անգամ ցուցադրվել է ինչպես Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, այնպես էլ այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Թուրքիայում, Ուզբեկստանում և Թուրքմենստանում[7][8]։
Դերեր
խմբագրելԴեր | Ձայնի տեսակ | Պրեմիերա 1908 թվականի հունվարի 12
(Խմբավար Աբդուռահիմ Հախվերդով) |
---|---|---|
Գեյս (Մեջնուն) | տենոր | Հուսեյնկուլի Սարաբսկի |
Լեյլի | սոպրանո | Աբդուրահման Ֆարաձև |
Գեյսի հայր | տենոր | Միրզա Մուխթար Մամեդով |
Գեյսի մայր | սոպրանո | Միր Մահմուդ Կազիմովսկի |
Լեյլիի հայր | բարիտոն | Իմրան Կասումով (Քյանգյարլի) |
Լեյլիի մայր | մեցցո սոպրանո | Ջ. Վեզիրով |
Իբն Սալամ | տենոր | Ջեյհուն Հաջիբեկով (Դաղստանի) |
Նոֆել | բարիտոն | Ջեյհուն Հաջիբեկով (Դաղստանի) |
Զեյդ | տենոր | Իմրան Կասումով (Քյանգյարլի) |
Առաջին արաբ | տենոր | Մամեդով |
Երկրորդ արաբ | տենոր | Սաֆարով |
Խնամախոսներ, հյուրեր, աշակերտ տղաներ և աղջիկներ |
Գործողություն 1
խմբագրելՏեսարան 1
Տղաներն ու աղջիկները գնում են դպրոց։ Գեղեցիկ Լեյլին և Գեյսը սիրում են իրար, նրանք սիրում են շփվել՝ մոռանալով մյուսներին։ Բայց ընկերները Լեյլիի վարքգիծը համարում են ոչ բարոյական և հեռանում են նրանից։
Գեյսը խնդրում է հորը ամուսնացնել իրեն Լեյլիի հետ, քանի որ առանց նրա չի կարող ապրել։
Տեսարան 2
Լեյլիի ծնողները իմանում են Գեյսի՝ Լեյլիի նկատմամբ ունեցած սիրո և Լեյլիի նրա հանդեպ ունեցած փախադարձ սիրո մասին։ Աղջկա մայրը բարկացած հանդիմանում է նրան, իսկ աղջիկը տխուր լսում է։ Նա չի ժխտում, որ սիրում է Գեյսին աշխարհում ամեն ինչից շատ։
Գեյսի հայրը գալիս է Լեյլիին և Գեյսին միավորելու։ Լեյլիի հայրը խիստ և վճռական մերժում է դա։ Նա երբեք չի որոշի ամուսնացնել իր աղջկան Մեջնունի (խելագարի) հետ․ բոլորը այդպես էին անվանում Գեյսին, որը սիրուց խելագարվել էր։
Իմանալով մերժման մասին՝ Գեյսը կատաղի անիծում է մարդկանց և իր տխուր ճակատագիրը։
Նա իրեն մենակ է զգում և հեռանում է անապատ։
Բայց Լեյլիի ճակատագիրը այլ կերպ է լուծվում։ Ծնողները համաձայնվում են ամուսնացնել նրան հարուստ Իբն Սալամի հետ։ Այս լուրից զարմացած Լեյլին ուշաթափվում է։
Գործողություն 2
խմբագրելՎիշտը փոխում է Գեյսին։ Նա շրջում է լեռներում և անապատի ավազներում՝ մտածելով Լեյլիի մասին։ Մեջնունի հայրը և ընկերը՝ Զեյդը, գտնում են նրան, բայց խելագարված տղան չի համաձայնվում հետ վերադառնալ։ Նրա տխուր ճակատագիրը և հոր թախիծը անապատով անցնող արաբների մոտ համակրանք են առաջացնում, և նրանց հրամանատար Նոֆելը հետաքրքրություն է ցուցաբերում դժբախտ Մեջնունի նկատմամբ։ Նա ուզում է օգնել դժբախտ տղային և սուրհանդակ է ուղարկում Լեյլիի հոր մոտ։
Բայց նույնիսկ Նոֆելի միջամտությունը չի ստիպում Լեյլիի հորը փոխել իր որոշումը։ Այդ ժամանակ Նոֆելը որոշում է ստիպել նրան ուժով։ Լեյլիի հայրը բացատրում է մերժման պատճառը․ իր դուստրը մեկ ուրիշի նշանածն է։
Գործողություն 3
խմբագրելԳալիս է Իբն Սալամի ու Լեյլի հարսանիքի օրը։ Հյուրերը ուրախ տոնում են, երջանկություն ցանկանում նորապսակներին։ Եվ վերջապես նորապսակները մնում են իրար հետ։ Լեյլին խառնաշփոթության մեջ է։ Այդ պահին լսվում է Մեջնունի թույլ ձայնը, որը ստվերի պես հայտնվում է նրա կողքին։ Իբն Սալամը կանգնած է, Լեյլին ուշաթափվում է։ Ծառաները զգուշությամբ հեռացնում են խելագարվածին։
Գործողություն 4
խմբագրելՏեսարան 1
Իբն Սալամի տանը երջանկություն չկա։ Լեյլին տառապում է դեպրեսիայով։ Նա խոստովանում է ամուսնուն, որ սիրում է Գեյսին, և չի կարող սիրել ուրիշին։ Թող Իբն Սալամը սպասի, որ նրա զգացմունքները Մեջնունի նկատմամբ կանցնեն։ Իբն Սալամը հեռանում է։ Եվ հանկարծ կրկին Լեյլիին որպես անմարմին ստվեր հայտնվում է Մեջնունը։ Նա բողոքում է Լեյլիին, որ նա դավաճանել է իրեն, կործանել է իր կյանքը, տվել է ցավ և վիշտ։ Մոռանալով իր հիվանդության մասին՝ Լեյլին իրեն նետում է իր սիրեցյալի գիրկը, բայց վերջինս չի ճանաչում նրան․ նա որոնում և կանչում է իր անցյալ մաքուր սիրուն։
Լեյլիի սիրտը չի դիմանում դրան[9]։
Նա մահանում է Իբն Սալամի ձեռքերում։
Տեսարան 2
Մեջնունը գալիս է Լեյլիի գերեզմանին։ Հիմա Լեյլին պատկանում է իրեն, հիմա նրանք միասին կլինեն ընդմիշտ։ Հուսահատված Մեջնունը ընկնում է սիրեցյալի գերեզմանին և մահանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Talibov, Yusif; Sadigov, Ferahim; Guliyev, Sardar (2000). C.Məmmədquluzadə və Ü.Hacıbəyovun pedaqoji fikirləri.
- ↑ Leyli & Majnun, Azerbaijan International ([northern] Autumn 2009)
- ↑ «100th anniversary of the first opera in the East: Leyli and Majnun (1908)» (PDF). UNESCO.
- ↑ «The Permanent Delegation of Azerbaijan to UNESCO requested that UNESCO should be associated with the 100th anniversary of the first opera in the East: "Leyli and Majnun", in 2008» (PDF). UNESCO.
- ↑ "Leyli and Majnun – 90th Jubilee", by Ramazan Khalilov, Azerbaijan International ([northern] Winter 1997)
- ↑ «Опера "Лейли и Меджнун" покорит США». 1News.
- ↑ «Opera revived in Turkmenistan». Central Asia Online.
- ↑ «Leyli And Majnun (opera)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Libretto - Leyli and Majnun. Mugham Opera in Five Acts (1908) by Uzeyir Hajibeyov and Jeyhun Hajibeyli.