Գևորգ Նալբանդյան

հայ երաժիշտ, Եթովպիայի կայսրության պետական օրհներգի երաժշտության հեղինակը

Գևորգ Նալբանդյան, հայ երաժիշտ, Եթովպիայի կայսրության պետական օրհներգի երաժշտության հեղինակը, ծննդյան թվականն անհայտ - մահ. 1963 թվական, Եթովպիա։

Գևորգ Նալբանդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էծննդյան տարեթիվն անհայտ
Այնթապ
ԵրկիրԵթովպիայի կայսրություն
Մահացել է1963 թվական
Ադիս Աբեբա, Եթովպիա
Մասնագիտություներաժիշտ

Կյանքի վաղ տարիները խմբագրել

Գևորգ Նալբանդյանը ծնվել է Այնթապ քաղաքում։ Նա նախնական կրթություն է ստացել տեղի վարժարանում, իսկ ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին, որբախնամ ընկերությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Երաժշտության տեսությունն ուսումնասիրել է անձամբ Կոմիտաս վարդապետի մոտ։ Աչքի ընկնելով իր բնատուր շնորհով և ճանաչում ձեռք բերելով որպես տաղանդավոր երաժիշտ, Հայ եկեղեցու հրավերով տեղափոխվում է Քիլիս՝ երաժշտություն դասավանդելու։ Նա նվագում էր քանոն, ջութակ, փողային գործիքներ, երգում էր և գրում երաժշտություն։ Երբ վերսկսվում են վայրագությունները, Գևորգը 1919 թվականին տեղափոխվում է Սիրիա՝ որոշ ժամանակ բնակություն հաստատելով Հալեպում և շարունակելով իր մանկավարժական գործունեությունը։

Կյանքի տարիները Եթովպիայում խմբագրել

 
Եթովպիայի կայսր Հայլե Սըլլասե Ա (1892-1975)

1924 թվականին տեղափոխվում է Երուսաղեմ և տեղի Հայոց պատրիարքարանի մանկատան սաներից ստեղծում մի երաժշտական խումբ։ Մի քանի ամիս անց, նույն տարում, Երուսաղեմ է այցելում Եթովպիայի գահի խնամակալ Հայլե Սըլլասեն և ներկա լինում Գևորգ Նալբանդյանի ղեկավարած երաժշտախմբի ելույթին։ Նա անչափ հիանում է հայ որբերի երաժշտական ունակություններով և տոնախմբությունից հետո խնդրանքով դիմում Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, որպեսզի իրեն հանձնվի երաժշտախումբը։ Նա խոստանում է հարազատ հոր պես հոգ տանել նրանց մասին։ Եվ ահա, Եթովպիայի գահի խնամակալը, որդեգրելով 40 պատանի երաժիշտներին, նրանց հետ վերադառնում է Ադիս Աբեբա։ Իր որբերի հետ Եթովպիայի մայրաքաղաք է մեկնում նաև Գևորգ Նալբանդյանը։ Հայլե Սըլլասեի հրամանագրով հայ որբերից կազմավորվում է «Արբա Լըջոչ» կայսերական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Գևորգ Նալբանդյանը։ Նվագախմբի անունը ամհարերենով նշանակում է «Քառասուն մանկունք»։ Իր խոստմանը համաձայն, Հայլե Սըլլասեն հոգում է հայ որբերի բոլոր կարիքները՝ նրանց կրթության տալով և ապահովելով բնակարաններով։ Հայրենակից որբերի կրթությամբ մեծապես զբաղվում է հենց Գևորգ Նալբանդյանը։

Եթովպիայի պետական օրհներգի երաժշտության հեղինակը խմբագրել

Շուտով Եթովպիայի գահակալ Հայլե Սըլլասեն թագադրվելու էր կայսր, որի առթիվ նա Գևորգ Նալբանդյանին պատվիրում է գրել Եթովպական կայսրության ազգային օրհներգը։ Երաժիշտը կատարում է պատվերը՝ ստեղծագործությունն անվանելով «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ», որ նշանակում է «Երջանիկ եղիր, Եթովպիա»։ Հանրության առաջ երգն առաջին անգամ կատարվում է 1930 թվականի նոյեմբերի 2-ին, Հայլե Սըլլասեի կայսր թագադրվելու օրը։ Այդ թվականից սկսած Գևորգ Նալբանդյանի ստեղծագործությունը մնում է Եթովպիայի պետական օրհներգը մինչև 1974 թվականը։ Դրանից հետո Եթովպիայում մեծ հարգանք վայելող Գևորգ Նալբանդյանը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ գրելով հիսունից ավելի եթովպական երգեր, որոնց մեծ մասը նվիրված էին կայսրին։ Նա նաև հիմնադրում է Ադիս Աբեբայի թատրոնը։

Գևորգ Նալբանդյանի երաժշտական ժառանգությունը մեզ է հասել առաջին հերթին նրա զարմիկ Ներսես Նալբանդյանի միջոցով, որը կարևոր դեր է ունեցել ջազի առանձին տեսակի՝ էթիո-ջազի (եթովպական ջազի) զարգացման գործում։ Գևորգ Նալբանդյանը մահացել է 1963 թվականին Եթովպիայում։

Ստացած պարգևներ խմբագրել

Գևորգ Նալբանդյանը պարգևատրվել է ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակ» պատվավոր կոչումով։

Աղբյուրներ խմբագրել