Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորին (ռուս.՝ Григорий Александрович Печорин), հորինված կերպար, ռուսական կայսերական բանակի սպա, Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի գլխավոր հերոսը։ Համատեղում է ռոմանտիզմի դարաշրջանի բայրոնյան հերոսի և «ավելորդ մարդու» հատկանիշները, որը չի գտել իր տեղը կյանքում։

Գրիգորի Պեչորին
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՄիխայիլ Լերմոնտով
Ներկայացված էՄեր ժամանակի հերոսը, Q4137471?, A Hero of Our Time? և Մեր ժամանակի հերոսը (ֆիլմ)
Սեռարական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ
Դերը կատարել ենԱնդրեյ Գրոմով, Nikolay Prozorovsky?, Անատոլի Վերբիցկի, Վլադիմիր Իվաշով, Օլեգ Դալ և Իգոր Պետրենկո

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Պեչորինի խոսքով՝ «ուսումը նրան արագ ձանձրացրել է»։ Ազատվելով ծնողական խնամքից՝ նա անմիջապես սկսել է վայելել կյանքի բոլոր հաճույքները, բայց շուտով դրանք նույնպես ձանձրացրել են։ Դրանից հետո նա գնացել է բանակ։ Որոշ ժամանակ անց մենամարտի մասնակցելու համար աքսորվել է Կովկաս՝ միանալու գործող զորքերին։ Պեչորինի կյանքի այդ ժամանակահատվածն էլ պատկերված է «Մեր ժամանակի հերոսը» վեպում։ Նա հույս ուներ ցրել ձանձրույթը ռազմի դաշտում, բայց մեկ ամիս անց սովորել է նաև փամփուշտների սուլոցին և մահվան մոտիկությանը։

Վեպի «Թաման» գլխում, որը ժամանակագրական կարգով առաջինն է, Պեչորինը բախվում է մաքսանենգների խմբի հետ և ոչնչացնում նրանց modus operandi-ն։ Այս գլխում նրա մոտ ծագում է այն միտքը, որ ինքը բոլորին միայն դժբախտություն է բերում։ Դրանից հետո Պեչորինը գնում է Կիսլովոդսկ, որտեղ հանդիպում է իր վաղեմի ծանոթ յունկեր Գրուշնիցկուն, վաղեմի սիրեցյալ Վերային և իշխանուհի Մերիին։

Կիսլովոդսկում և Պյատիգորսկում գտնվելու ընթացքում Պեչորինը սիրահարվում է իշխանուհի Մերիին, որին հետագայում մերժում է, մենամարտի ժամանակ սպանում է Գրուշնիցկուն, ինչի համար նրան կրկին աքսորում են՝ այս անգամ ուղարկելով ամրոց։ Այնտեղ նա ծանոթանում է Մաքսիմ Մաքսիմիչի հետ։

Պեչորին և Օնեգին

խմբագրել

Համարվում է, որ Լերմոնտովն իր կերպարին անվանել է Պեչորա հյուսիսային գետի պատվին։ Հետազոտողները համեմատում են այն մեկ այլ կերպարի՝ Օնեգինի հետ, որը կոչվել է այդ նույն սկզբունքով։ Օնեգան հանդարտ հոսում է դեպի ծով, իսկ Պեչորան բուռն լեռնային գետ է[1]։

Միխայիլ Լերմոնտովը զարգացրել է Պուշկինի կերպարը։ 1840 թվականի իր հոդվածում Բելինսկին Պեչորինին անվանել է «Մեր ժամանակի Օնեգին»։ Նրա խոսքով՝ «նրանց միջև եղած անհամապատասխանությունը շատ ավելի քիչ է Օնեգայի և Պեչորայի միջև եղած հեռավորությունից»[2]։ Պուշկինը, հայտնաբերելով Օնեգինին իրեն շրջապատող իրականության մեջ, քննադատել է նրան, իսկ Լերմոնտովը բացահայտել է իր էգոիստ կերպարի էությունը[3]։

Տատյանա Ալեքսանդրովնա Իվանովան, որը Լերմոնտովին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է, կարծում է, որ «Մեր ժամանակի հերոսը» ստեղծագործությունը գրելիս նրա աչքի առաջ եղել է Օնեգինի կերպարը։ Նա մատնացույց է անում ձեռագրում եղած սխալմունքը, երբ հեղինակի իր վեպի հերոսի փոխարեն գրել է «Եվգենի», ապա հետագայում ուղղել իր սխալը[4]։

Քննադատների կարծիքներ

խմբագրել

Մի շարք ռեակցիոն քննադատներ, որոնք պաշտպանում էին գոյություն ունեցող հասարակական կարգը, դատապարտել ռն Պեչորինին՝ նրան համարելով անառակ մարդ։ Նրանց կարծիքով՝ նրան «մեր ժամանակի հերոս» անվանելը հավասարազոր էր Ռուսաստանին վիրավորելուն։ Բոլորովին այլ տեսակետ ուներ Վիսարիոն Բելինսկին։ Նա կարծում էր, որ գլխավոր հերոսը 19-րդ դարի 40-ական թվականների առաջադեմ մարդկանց ողբերգության արտացոլումն է։ Քննադատը Պեչորինի մեջ տեսել է հեղինակի արձագանքները, որը չի կարողացել մինչև վերջ առանձնանալ նրանից և ճիշտ գնահատել նրան։ Լերմոնտովի հետ հանդիպման ժամանակ Բելինսկին համոզվել է գրողի բնավորության՝ կերպարի բնավորության հետ նմանության մեջ։ Դա, ըստ նրա, կայացել է «կյանքի և մարդկանց դատողական, սառնասիրտ հայացքի մեջ»[5]։

Ֆադեյ Բուլգարինը կարծում էր, որ Պեչորինը տիպիկ չի եղել ռուսական հասարակության համար, իսկ նման էգոիստների ձևավորման մեջ մեղադրել է Արևմուտքին։ Հերոսին նմանատիպ գնահատականներ են տվել Ստեպան Շևիրևը և Օսիպ Սենկովսկին[6]։

Պեչորինի կերպարը կինոյում

խմբագրել
  • 1913 թվականին Խանժանկովի ստուդիան էկրանավորել է «Բելլան», որտեղ Պեչորինի դերը կատարել է ֆիլմը բեմադրած Ա. Գրոմովը։
  • 1926-1927 թվականներին Վլադիմիր Բարսկին «Վրաստանի Պետկինոպրոմ» ստուդիայում «Մեր ժամանակի հերոսը» վեպի մոտիվներով բեմադրել է երեք ֆիլմ՝ «Իշխանադուստր Մերի», «Բելլա» և «Մաքսիմ Մաքսիմիչ», որտեղ գլխավոր դերը կատարել է Նիկոլայ Պրոզորովսկին։ Չնայած ֆիլմն արժանացել է քննադատների բացասական արձագանքներին, Պրոզորովսկու խաղը դրական է գնահատվել նրանց կողմից։ Հնչուն կինոյի ստեղծումից հետո վեպի բազմիցս էկրանավորվել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։
  • 1955 թվականին թողարկվել է ռեժիսոր և սցենարիստ Իսիդոր Անենսկու «Իշխանադուստր Մերի» գունավոր ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Անատոլի Վերբիցկին։
  • 1967 թվականին թողարկվել է «Մեր ժամանակի հերոսը», որը կազմված է երեք նովելներից («Բելլա», «Թաման» և «Մաքսիմ Մաքսիմիչ»), նկարահանվել է Ստանիսլավ Ռոստոցկու կողմից։ Նրանում Պեչորինին մարմնավորել է Վլադիմիր Իվաշովը։ Խորհրդային քննադատների կարծիքով՝ ֆիլմի պատկերավորության պատճառով դրա հեղինակները չեն կարողացել վերստեղծել հերոսի բնավորությունն ու բացահայտել նրա ներքնաաշխարհը։
  • 1975 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունը բեմադրել է «Պեչորինի հանդեսի էջեր» (ռուս.՝ «Страницы журнала Печорина») հեռուստաներկայացումը։ Ռեժիսորը եղել է Անատոլի Էֆրոսը, իսկ Պեչորինի գլխավոր դերը կատարել է Օլեգ Դալը[7]։
  • 2006 թվականին Ալեքսանդր Կոտտի նկարահանած «Մեր ժամանակի հերոսը» հեռուստասերիալում (8 սերիա), որը բավական սառն է ընդունվել քննադատների կողմից, Պեչորինի դերը կատարել է Իգոր Պետրենկոն, որի խաղը ճանաչվել է հաջող։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бушмин, Алексей Сергеевич История русского романа. — Изд-во Академии наук СССР, 1962. — Т. 1. — С. 287.
  2. Райхин Давид Яковлевич Белинский в школе. — 1960. — С. 66. — 160 с.
  3. Мордовченко Николай Иванович Лермонтов в оценках Белинского. — Гослитиздат, 1941. — С. 21.
  4. Иванова Татьяна Александровна Москва в жизни и творчестве М. Ю. Лермонтова: 1827-1832. — Московский рабочий, 1950. — С. 125. — 188 с.
  5. Мордовченко Николай Иванович Лермонтов в оценках Белинского. — Гослитиздат, 1941. — С. 8—10.
  6. Гершензон, Михаил Осипович Лермонтов в русской критике. — 1941.
  7. Алфавитная словарная часть. Кинематография // Лермонтовская энциклопедия. — 1981.