Բայրոնյան հերոս, ռոմանտիկական հերոսի տիպ, որը գրավել է եվրոպական հասարակության երևակայությունը լորդ Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի (1812-1818) հրատարակումից հետո, որում առկա են ինքնակենսագրական մոտիվներ։ 1820-ական թվականների սահմանին հետագա զարգացում է ապրել Ջոն Պոլիդորիի «Վամպիրը» պատմվածքում, Չարլզ Ռոբերտ Մեթյուրինի «Մելմոթ թափառականը» վեպում, «Կորսարի»ի նման բայրոնյան պոեմներում։

Բայրոնի դիմանկարը (1816), հեղինակ՝ Հենրի Հարլոու

Նկարագրություն խմբագրել

Ալեքսանդր Պուշկինը «Եվգենի Օնեգին» պոեմում հեգնել է նմանատիպ սյուժեների ժողովրդականությունը.

 

Իր ստով մուսան բրիտանական
Զրկել էր քնից մատաղ աղջկան։
Տանյայի համար կուռք էին արդեն
Մի խոհուն Վամպիր կամ մի Ծովահեն,
Կամ թե շրջմոլիկ, մռայլ մի Մելմոտ,
Մի թափառական հրեա տանջահար,
Կամ խորհրդավոր, ինքնամփոփ Սբոգար։
Բայրոնն իր թեթև քմայքով թախծոտ
Խառնել էր նրա սիրույն տխրահույզ
Վհատ ռոմանտիզմ, էգոիզմ անհույս։

 

Պուշկինի թվարկած ստեղծագործությունների հերոսներն իրենց շրջապատի մարդկանց գերազանցում են իրենց խելքով և կրթվածությամբ, նրանք խորհրդավոր են ու խարիզմատիկ, գրավիչ են հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Նրանք իրենց դիտարկում են որպես հասարակությունից և օրենքից դուրս, հասարակական կարգին վերաբերվում են ամբարտավանությամբ, որ երբեմն հասնում է ցինիզմի։ Հանրային օրենքների նկատմամբ արհամարհանքը երբեմն հասցնում է հանցագործության։ Մութ կողմի առկայությունը (դատապարտելի անցյալ) նման հերոսներին մոտեցնում է հակահերոսին։ Այդ կիսակամավոր մենակյացը վայելում է իր աստանդական ու տարագրյալ կյանքը։ Ըստ Վլադիմիր Նաբոկովի՝ նա «հաշտ չէ ո՛չ դրախտի, ո՛չ դժոխքի, ո՛չ աստվածների, ո՛չ մարդկանց հետ»[1]։

Գրականագետ Բորիս Կուզմինը նշել է, որ «Բայրոնը պոտենցիալ հերոսը եղել է հեղափոխական, իրականը՝ հիասթափված միայնակ վրիժառու։ Առաջինին կարելի է մեկնաբանել հեղափոխական կլասիցիզմի ոգով, որին Բայրոնը միշտ ձգտում էր։ Երկրորդը պահպանել է իր վեհությունը միայն ռոմանտիկական իդեալականացման շնորհիվ»[2]։

 
Միխայիլ Վրուբել, «Դևը նստած» (1890), Տրետյակովյան պատկերասրահ

Պուշկինը պնդել է, որ 1816 թվականի «Ադոլֆ» վեպում ֆրանսիացի գրող «Կոնստանն առաջին անգամ է ներկայացրել այդ բնավորությունը, որը հետագայում ժողովրդականության է արժանացել լորդ Բայրոնի հանճարի շնորհիվ»[3]։ Իրականում իրենից և աշխարհից հիասթափված թափառականի նորամուտը եղել է Շատոբրիանի «Ռենե» կիսաինքնակենսագրական (1802) վիպակը[4], որն իր հերթին շարունակել է սեփական վշտերից հաճույք ստանալու սենտիմենտալիստական ավանդույթը, որը գալիս է Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774) ստեղծագործությունից։ Ուշ շրջանի վիկտորյական գրականության բայրոնյան հերոսների օրինակներ են Հիտքլիֆն ու Ջեյն Էյրը Բրոնտե քույրերի վեպերից։ Բայրոնականության գծերով օժտված են նաև 19-րդ և 20-րդ դարերի բազմաթիվ արկածային վեպերի հերոսներ (օրինակ՝ Կոմս Մոնտե-Քրիստոն, կապիտան Նեմոն

Ռուս գրականության մեջ բայրոնյան հերոսին հատուկ է ռեֆլեքսիան. նա Համլետն ու Դոն Ժուանն է նույն մարդու մեջ։ Այդ տիպի հերոսներին հատուկ դեմոնիզմը լիակատար կերպով իր արտահայտությունն է գտել Լերմոնտովի «Դևում»։ Որպես բայրոնյան հերոս ռուս բանաստեղծների կողմից վերաիմաստավորվել է նաև հեռավոր կղզի աքսորված Նապոլեոնը[5]։ Եվգենի Օնեգինն ու Պեչորինը ներկայացնում են այդ տիպի հետագա զարգացումները ռուս հասարակության մեջ, այսինքն՝ ավելորդ մարդկանց[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vladimir Nabokov. Eugene Onegin: Commentary on preliminaries and chapters one to five. Part 2. Bollingen Foundation, 1964. Page 356.
  2. Кузьмин Б. А. Жанр лиро-эпической поэмы Байрона // Борис Кузьмин. О Голдсмите, о Байроне, о Блоке…— М.: Художественная литература, 1977. — С. 66-67.
  3. «ФЭБ: Ахматова. "Адольф" Бенжамена Констана в творчестве Пушкина. — 1936 (текст)». feb-web.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  4. Peter Larsen Thorslev. Byronic Hero: Types and Prototypes. University of Minnesota Press, 1999. Page 216.
  5. Наполеоновский цикл // Лермонтовская энциклопедия / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинск. Дом) ; науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия» ; гл. ред. В. А. Мануйлов ; редкол.: И. Л. Андроников … [и др.]. — М. : Сов. энцикл., 1981. — 746 с.
  6. "Лишние люди" // Литературная энциклопедия : в 11 т. — [М.], 1929—1939.