Բուրթել Օրբելյան
Բուրթել Երկարակյաց Օրբելյան (), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ, Օրբելյան տոհմի գահերեց իշխան (1300-1349), իշխանաց-իշխան։
Բուրթել Օրբելյան | |
---|---|
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Էլիկում Օրբելյան, մայր՝ Թամթա խաթուն |
Երեխաներ | Իվանե Օրբելյան |
Էլիկում Օրբելյանի որդի Բուրթելին հաջողվել է իր գահերեցության ներքո վերամիավորել մյուս իշխանությունները և ավատատերերի տրոհված զին․ ուժերը։ Նրա օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), Սպիտակավոր Աստվածածինը (1322), Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 1340-ական թվականներին Բուրթելը նշանակվել է իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա։ Բուրթելի մահից հետո նրա ժառանգների միջև ծագած երկպառակությունները կրկին թուլացրել են Օրբելյանների իշխանապետությունը, որից օգտվելով, Խաղբակյանները փորձել են կրկին իրենց գերիշխանությունը հաստատել Վայոց ձորում։
Եղել է Հայոց և Վրաց զորքերի սպարապետ։ Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Ամբերդեցու, Զաքարյան տոհմից Շահնշահ Գ-ի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։
Գրականություն
խմբագրել- Գրիգոր Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք /13-14-րդ դարեր։ Երևան, 1981 թ․։
- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ., էջ 131։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |