Սմբատ Օրբելյան

քաղաքական գործիչ

Սմբատ Օրբելյան (ծննդյան թիվը անհայտ, մահացել է 1273 թվականին), Օրբելյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ, իշխանաց իշխան, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հորեղբայրը։

Սմբատ Օրբելյան
Մահացել է1273
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Լիպարիտ Օրբելյան

Ավագ եղբոր՝ Էլիկումի մահից հետո, շուրջ երկու տասնամյակ գլխավորել է Սյունիքի Օրբելյանների իշխանական տունը։ Պայքարել է Հյուսիսարևելյան Հայաստանում Օրբելյանների քաղաքական առաջնության հաստատման համար։ Այդ նպատակով երկու անգամ մեկնել է մոնղոլական մեծ երկրի մայրաքաղաք Կարակորում, իր տիրույթներում ստացել ինշուի՝ մոնղոլական խաներին անմիջականորեն հարկ վճարելու առանձնաշնորհ իրավունք, ազատվել Զաքարյանների և վրաց թագավորի գերիշխանությունից։ Սմբատ Օրբելյանը ռազմական ուժով գրավել է Որոտան-Ծղուկ գավառը (մինչև Բորոտն ու Բղեն), Եղեգիսը, Վայոց ձորը, Փողահանսը, Ուրծը, Վեդին՝ իր ձորով (մինչև Երևան ու Կոտայք), Գեղարքունիքի զգալի մասը։ Ժամանակակիցները Սմբատ Օրբելյանին հորջորջել են «իշխանաց իշխան», «արքայաշուք իշխան», «արքա», հավանաբար նկատի ունենալով ձեռք բերած ներքին ինքնավարությունը։ Թաղվել է Ամաղու Նորավանքում, Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 455