Գիտական սարքաշինությունը Հայաստանում

Կիրառական բնույթի հետազոտություններ, գիտական սարքաշինություն. Այս բնագավառում առաջին նշանակալի ներդրումները կատարել են ԵՖԻ-ի աշխատակիցները, մեծ նվաճում էր կայծային խցիկի կատարելագործումը, որի ստեղծմանը մասնակցել են ԽՍՀՄ բազմաթիվ լաբորատորիաների աշխատակիցներ։ Համատեղ ջանքերով ստեղծվել են հետքային կայծային խցիկներ, որոնց համար մի խումբ ֆիզիկոսներ Արտեմ Ալիխանյանի և Թինաթին Ասաթիանիի հետ 1970 թվականին արժանացել են Լենինյան մրցանակի։

Արգելակման կոհերենտ ճառագայթմանը նվիրված տեսական աշխատանքներ խմբագրել

Արգելակման կոհերենտ ճառագայթմանը նվիրված տեսական աշխատանքները (Տեր-Միքայելյանի-Յուբերալի էֆեկտ) հիմք են ծառայել բևեռացման բարձր աստիճանով օժտված գամմա-քվանտների քվազիմեներանգ փնջի ստեղծման համար։ 1959 թվականին Գ. Ղարիբյանի և Կ. Բարսուկովի (Ղարիբյանից անկախ) տեսականորեն կանխատեսած ռենտգենյան անցումային ճառագայթումը հանգեցրել է լիցքավորված մասնիկների դետեկտորների ստեղծմանը։ Այդ դետեկտորների գաղափարն առաջինը առաջարկել են Արտեմ Ալիխանյանը, Կ. Իսպիրյանը, Ֆաբլուխ Հարությունյանը և Մ. Տեր-Միքայելյանը, իսկ դրանց ստեղծման գործում մեծ ավանդ են ունեցել Մարտիրոս (Գրիշա) Լորիկյանը և ուրիշներ։

Ռենտգենյան ինտերֆերոմետրեր խմբագրել

ԵՊՀ-ում ստեղծվել են ռենտգենյան ինտերֆերոմետրեր (Պետրոս Բեզիրգանյան, Ֆերդինանդ Էյրամջյան, 1970), նոր տիպի եռաբլոկ և քառաբլոկ ինտերֆերոմետրեր (Ֆ. Էյրամջյան, Պ. Բեզիրգանյան, Կ. Թրունի, Լաուրա Գասպարյան, 1973)։ Տեսականորեն մշակվել և փորձնականորեն իրականացվել են ռենտգենոօպտիկական ռեզոնատորներ, շրջանային մեներանգիչներ, ռեզոնատորային և ինտերֆերաչափական գիրոսկոպներ, բազմակի անդրադարձումներով ռենտգենյան սպեկտրաչափներ (Արման Ռոստոմյան, Պ. Բեզիրգանյան և ուրիշներ)։ Ստեղծվել է ռենտգենոդիֆրակտային տեղագրական պատկերների տեսանելիացման ռենտգենահեռուստատեսային համակարգ (Պ. Բեզիրգանյան, Կոլյա Ավետյան, Սերգեյ Շաբոյան), որի համար հեղինակները 1985 թվականին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Հսկվող պարամետրերով համաձուլվածքների հաշվարկման մեթոդ խմբագրել

Վիկտոր Արամյանը մշակել է հսկվող պարամետրերով համաձուլվածքների հաշվարկման նոր մեթոդ, որի օգնությամբ սինթեզվել են հազվագյուտ հողերի մետաղների օքսիֆտորիդներ, մետաղասիլիկատներ և (GdLaY)(ZnCd) տիպի միացություններ, ուսումնասիրվել է դրանց մագնիսական ընկալունակությունը։ Ստացված եզակի փորձարարական և կիրառական հետազոտությունների արդյունքները կիրառվել են բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներում՝ գերհաղորդականության բնույթի բացահայտման նպատակով։ Առաջարկվել է հարթ կոճի նոր մեթոդ, որի օգնությամբ փորձնականորեն բացահայտվել է նորմալ-գերհաղորդիչ ֆազային անցման 3 կրիտիկական ջերմաստիճանների գոյությունը (Սամվել Գևորգյան և ուրիշներ)։ Այս մեթոդի հիման վրա մշակվել և կառուցվել են մի շարք նոր սարքեր (սեյսմոդետեկտոր, ձայնի նույնականացման, նոր դասի բժշկական սարքեր և այլն (Ս. Գևորգյան և ուրիշներ)։

ԵՊՀ օպտիկայի ամբիոնի ուսումնասիրությունները խմբագրել

 
ԽՍՀՄ,փոստային նամականիշ, ԵՊՀ 1997 թ․

ԵՊՀ օպտիկայի ամբիոնում օպտիկական մանրաթել պատրաստելու համար մշակվել է գերմաքուր գրադիենտային ապակի ստանալու եղանակ, ստեղծվել է ճնշման օպտիկական մանրաթելային տվիչ (հեղինակային իրավունքի վկայականներ՝ Յու. Չիլինգարյան և ուրիշներ)։ Օպտիկայի ամբիոնի գերարագ օպտիկայի լաբորատորիայում իրականացվել են արդիական հետազոտություններ լազերային գերկարճ իմպուլսների վերլուծության և սինթեզի մեթոդների մշակման ուղղությամբ ու ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում ազդակների գրանցման և կառավարման սարքերի ստեղծման հեռանկարով։ Այդ հետազոտությունների գլխավոր արդյունքն է գերարագ օպտիկական օսցիլոգրաֆը՝ ենթապետահերցանոց կոդավերծանիչների նախատիպի (լաբորատոր տարբերակ) մշակումը։ Բարձրտեխնոլոգիական այդ սարքի ստեղծումն ընձեռում է իմպուլսի ուղղակի չափման հնարավորություն ստանդարտ սպեկտրաչափական սարքերով ու մի քանի կարգով գերազանցում է ստանդարտ էլեկտրոնային անալոգների և streak-camera-ների արագագործությունը (Լևոն Մուրադյան և ուրիշներ)։

ԵՊՀ կիսահաղորդիչների ֆիզիկայի ամբիոնի և ՖՀԻ-ի ուսումնասիրությունները խմբագրել

 
Աշոտ Պետրոսյան

ԵՊՀ կիսահաղորդիչների ֆիզիկայի ամբիոնում Վ. Հարությունյանի ղեկավարությամբ հետազոտվել են կիսահաղորդիչ-գազ սահմանում ընթացող ֆիզիկական երևույթները, նանոչափային կիսահաղորդչային կառուցվածքների հիման վրա ստեղծվել են հրավտանգ գազերի և ծխի բարձր զգայունությամբ ու ընտրողականությամբ օժտված տվիչներ։ 1970-ական թվականներից ՖՀԻ-ում Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ մշակվել են մի քանի տասնյակ լազերային նոր բյուրեղներ՝ պրազեոդիմով, նեոդիմով, էրբիումով, իտերբիումով, հոլմիումով և տուլիումով լեգիբացված բարդ օքսիդներ, պերովսկիտներ, նռնաքարեր ու ֆտորիդներ՝ տեսանելի, մերձավոր և միջին ճառագայթման գեներացման համար։ 1994 թվականից նույն խումբը հետազոտություններ է ծավալել սցինտիլյացիոն բյուրեղների մշակման ուղղությամբ։

Էդվարդ Վարդանյանի և Էդվարդ Կոկանյանի ուսումնասիրությունները խմբագրել

Ուսումնասիրվել է լիթիումի նիոբատի հիմնական բաղադրիչներով բյուրեղների ստացման հնարավորությունը՝ հավելուկների ավելացումով, որոնք գործնականորեն չեն ներմուծվում բյուրեղի մեջ։ Կրկնակի լեգիրացման կամ գամմա-ճառագայթման արդյունքում ստացվել է հարուցված կլանում, որն ունի ճառագայթման ինտենսիվությունից կախված կլանման դադարեցման շեմային բնույթ (Էդվարդ Վարդանյան և ուրիշներ)։ Մշակվել են կալիում պարունակող համընկնելի բաղադրության հալույթներից տարրաչափական բաղադրության լիթիումի նիոբատի բյուրեղների, ինչպես նաև կրկնակի մոլիբդատ-վոլֆրամատների հիմքի վրա ցածրշեմային լազերային համակարգերի համար նոր նյութերի, նաև պարբերաբար բևեռացված դոմենային կառուցվածքով լիթիումի նիոբատի բյուրեղների ստացման նոր եղանակներ (Էդվարդ Կոկանյան և ուրիշներ)։

Էդվարդ Շառոյանի և Դավիթ Սարգսյանի ուսումնասիրությունները խմբագրել

Մշակվել է մետաղ-ֆտալոցիանինների՝ ալկալիական մետաղներով լեգիրացման պինդֆազային մեթոդ, որի հիման վրա ստացվել են սենյակայինից բարձր Կյուրիի ջերմաստիճանով մոլեկուլային ֆեռոմագնիսական միացություններ։ Մշակվել է օրգանական և մետաղ-օրգանական միացությունների պինդֆագային պիրոլիզի նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս ստանալու մագնիսական մետաղ-ածխածնային նանոկոմպոզիտներ, նաև մագնիսական հատկություններով օժտված զուտ ածխածնային միկրո- և նոսֆերաներ (Էդվարդ Շառոյան և ուրիշներ)։ ՖՀԻ-ում ստեղծված եզակի գերնեղ (լույսի ալիքի երկարության կարգի) բջիջների (Դավիթ Սարգսյան) շնորհիվ մշակվել են օպտիկական մագնիսաչափների, լագերային հաճախության ատոմային գծերին ամրակապման, նաև ատոմային գոլորշու և մակերևույթի փոխազդեցության հետազոտման նոր եղանակներ։

Կիրառական բնույթի արդիական խնդիրների լուծման տեսական և փորձարարական հետազոտություններ խմբագրել

ՌՖԷԻ-ում մշակվել և պատրաստվել են մի քանի սերնդի դեցիմետրային, սանտիմետրային և միլիմետրային տիրույթների ջերմային ճառագայթման ընդունիչներ՝ ռադիոմետրեր, բևեռաչափներ, որոնք օժտված են բարձր զգայունությամբ և հուսալիությամբ։ Կատարվել են նաև պինդ մարմնի, պլազմայի և կիսահաղորդիչների ֆիզիկայի կիրառական բնույթի արդիական խնդիրների լուծման տեսական և փորձարարական հետազոտություններ։

Ձայնային ալիքների բնութագրիչների չափման և ձայնային հատկությունների ուսումնասիրությունները խմբագրել

ՖԿՊԻ-ում Ա. Մկրտչյանի ղեկավարությամբ ստեղծվել են մի շարք մեթոդներ՝ տարբեր միջավայրերում ենթաձայնի հաճախային տիրութում ձայնային ալիքների և դրանց արձագանքների բնութագրիչների չափման համար։ Այսպես՝ առաջին անգամ ստեղծվել է գերզգայուն գրանցիչ՝ երկրակեղևում տարածվող բնական և արհեստական գերթույլ ամպլիտուդով ենթահաճախային ձայնային տատանումները գրանցելու համար՝ զուգակցելով մյոս-բաուերյան ու պիեզո հիդրոֆոնները, վերջավոր ու տարածական որոշակի ծավալի ջրային ավազանները՝ որպես տեղեկատվական կուտակիչներ (ռեվեբրացիոն երևույթի շնորհիվ) և մեծ բարորակությամբ հիշողությամբ սարքեր։ Ստեղծվել է նոր մեթոդ՝ մետաղական բարակ շերտերում ՄՀg և ԳՀց հաճախականություններով ձայնային ալիքների բնութագրիչների չափման և ձայնային հատկությունների ուսումնասիրման համար։ Առաջարկվել է նոր մեթոդ՝ 1կհց - 10 Մհց հաճախային տիրույթում ձայնային ֆոնոն-ֆոնոն ցրման կտրվածքը չափելու համար։ Նախագծվել և ստեղծվել է մեներանգիչ, որի հիմքի վրա պատրաստվել են արագագործ, գերզգայուն դիֆրակտաչափ ու մոդուլյատորներ, կոլիմատորներ, անգստրեմի կարգի ալիքի երկարության էլեկտրամագնիսական ճառագայթների «օպտիկայի» բոլոր բազային տարրերը, հայելիներ, նեյտրոնային կուտակիչներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։