Բացել գլխավոր ցանկը

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)

Երևանի դպրոց
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց կամ Հռիփսիմյան իգական գիմնազիա, 19-րդ դարի կեսերին հիմնված գիմնազիա Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Ամիրյան փողոցում (նախկինում՝ Նազարովսկայա): Գիմնազիայի շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Picto infobox architecture.png
Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)
Amiryan Street, Yerevan 111.JPG
'
Գտնվում էԵրևան, Ամիրյան փողոց 28/6
Կառուցվել է1850
Շինության ձևըՊատմամշակութային հուշարձան՝ 1.6/202
Կառուցել էճարտարապետ՝ Ի. Վագապով, վերակառուցող ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան
Ներկա վիճակըկանգուն, փակ, կոնսերվացված

ՊատմությունԽմբագրել

Օրիորդաց գիմնազիան հիմնվել է 1850 թվականին Երևանում՝ Կովկասի Սուրբ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով[1]։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884 թվականին դարձել օրիորդաց պրոգիմնազիա, 1898 թվականին՝ իգական գիմնազիա։ Ենթարկվել է պետական դպրոցական իշխանություններին և գործել պետական ծրագրերով։

Ուսուցումը եղել է ռուսերենով։ Դասավանդվել են կրոն, հայերեն, ռուսերեն, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն և ձեռագործ։

1866 թվականին բացվել է նախապատրաստական դասարան, ավելացել են նոր առարկաներ՝ կենսաբանություն, բուսաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն, գեղագիտություն, նկարչություն, երաժշտություն և այլն։

1904 թվականին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան՝ ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով։

1917 թվականին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որից 352-ը՝ հայեր։

1918 թվականին ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա։ Դասավանդումը՝ հայերեն, կարևորվել են հայագիտական առարկաները։

1921 թվականից վերակազմավորվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, 1925 թվականից կրել Ալեքսանդր Մյասնիկյանի անունը[2]:

ՇենքԽմբագրել

Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքը ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան։ Կառուցվել է 1898 թ. ճարտարապետ Իվան Վագապովի նախագծով։ 1905 թ. շենքը վերակառուցվել է Վասիլի Միրզոյանի նախագծով։ Շենքի բակային հատվածի վրա ավելացվում է երրորդ հարկը, իսկ աջ կողմից կառուցվում է երկհարկանի ընդարձակ նոր մասնաշենք՝ նկուղով և ձեղնահարկով։ Այդ հատվածն այսօր էլ կանգուն է։

1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի խնամատարության և աշխատանքի նախարարությունը:

Կան տեղեկություններ, որ այս շենքում է հիմնադրվել Բրյուսովի անվան ինստիտուտը: Ավելի ուշ այստեղ են տեղակայվել տարբեր պետական հաստատություններ[3]։

1982 թվականին շենքը սկսել են վերանորոգել, որպեսզի Երևանի պատմության թանգարանը Կապույտ մզկիթից տեղափոխվի այդտեղ: Շենքի վերանորոգումը տևել է մեկ տասնամյակից ավելի: Երբ 1994 թվականին թանգարանը տեղափոխվել է այստեղ, վերանորոգումը դեռ ավարտված չի եղել, ցուցասրահները կառուցված չեն եղել, այդ պատճառով էլ այդ շենքում գտնվելու տարիներին Երևանի պատմության թանգարանը որևէ ցուցադրություն չի կազմակերպել:

1997 թվականին թանգարանը այս շենքից տեղափոխվել է, իսկ շենքը՝ մասնավորեցվել:

1997 թվականին, երբ պարզ դարձավ, որ շենքը վաճառվելու է և Երևանի պատմության թանգարանը տեղափոխվելու է այլ շենք, թանգարանը սկսեց պայքարել այդ շենքում մնալու համար։ Բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական-հասարակական գործիչներ կազմակերպել են բողոքի ցույցեր և պիկետներ։ Ի վերջո, Երևանի պատմության թանգարանը Ամիրյան 28/6 հասցեից տեղափոխվեց Ստեփան Շահումյանի անվան №1 հիմնական դպրոցի շենք։

Շենքի ներկայիս կարգավիճակԽմբագրել

1996 թ. շենքը գնել է բրիտանահայ գործարար, անգլիաբնակ Վաչե Մանուկյանը: Նա նույն թվականին գնել էր նաև Սևան հյուրանոցի շենքը և պարտավորվել 5 տարվա ընթացքում վերակառուցել այն, սակայն, ի վերջո, հրաժարվեց շենքից։

1996-1997 թվականներից, երբ Երևանի պատմության թանգարանը տեղափոխվեց շենքից, այն որևէ նպատակի չի ծառայել և չի օգտագործվել։ Մինչև այսօր էլ շենքի դռները փակ են, իսկ շենքի հետնամասի բակը արգելափակվել է այդտեղ բազմահարկ շենքի կառուցման պատճառով։

1996 թ., երբ Վաչե Մանուկյանը ձեռք է բերել գիմնազիայի շենքը, այն դեռևս ներառված չի եղել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես պահպանվող հուշարձան։ Հետևաբար գնորդի հետ պահպանման պարտավորագիր չի կնքվել։ Շենքն ընդգրկվել է պահպանվող հուշարձանների ցանկում միայն 2004 թ.։ Այդ ժամանակից մինչև այսօր սեփականատիրոջ հետ առքուվաճառքի պայմանագիրը չի փոփոխվել և շենքի պահպանման պարտավորագիր չի կնքվել։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/202
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։