Գայանյան օրիորդաց դպրոց (Երևան)

Գայանյան օրիորդաց դպրոց, Երևան քաղաքում բացված առաջին պետական գավառական դպրոցը, բացվել է 1866 թ. ապրիլի 10-ին։ Հետագայում վերածվել է պրոգիմնազիայի, ապա՝ գիմնազիայի[1]։

Գայանյան օրիորդաց դպրոց
Gayanian school in early 20th century.jpg
Տեսակգիմնազիա
Հիմնադրված էապրիլի 10, 1866
Լուծարված է1921
Անվանված էԳայանե (սուրբ)
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Armenian Soviet Socialist Republic (1922).svg Հայկական ԽՍՀ
ՏեղագրությունԵրևան

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարում հայ իրականության մեջ Գայանյան ուսումնարանները երկուսն էին, գործել են Թիֆլիսում և Երևանում՝ նպատակ ունենալով կրթություն տալ հայ աղջիկներին և պատրաստել մանկավարժներ հայկական դպրոցների համար:[1]

Երևանի Սբ. Գայանեի օրիորդաց ուսումնարանը բացվել է 1866 թվականի ապրիլի 10-ին Էջմիածնի Սինոդի հրամանագրով: Այդ նախաձեռնության հեղինակները քաղաքի մի խումբ երիտասարդներ էին, ովքեր ուզում էին հայ օրիորդներին հեռու պահել եվրոպական նորամուծություններից՝ պահպանելով նրանց ազգային, ավանդական նկարագիրը: Համաձայն ծխական դպրոցների կանոնադրության՝ ուսումնարանն ունեցել է դեռահաս օրիորդների շրջանում կրոնական բարոյականություն սերմանելու նպատակ: «Մշակ» թերթն այս առիթով գրում է.

«Ուսումնարանի նպատակն է տալ Երևանայ քաղաքի և շրջակայ տեղեաց Հայոց օրիորդներին բարոյական կրթություն, ուսուցանելով նորանց մեր Լուսավորչական ուղղափառ եկեղեցվոյ դավանությունը՝ զարգացնելով նորանց սրտում առաքինության ազնիվ զգացմունքները…»[2]: Գայանյան ուսումնարանի նախաձեռնողներից է եղել նաև Պերճ Պռոշյանը, ով մամուլում գրում էր, որ ուսումնարանի բացումը վեր է ածվել իսկական տոնակատարության[3]:

Սբ. Գայանեի ուսումնարանը սկզբում ունեցել է երկու դասարան, ենթարկվել է ուսումնարանի տեսուչին, ով նաև հոգևոր առաջնորդն էր: Այստեղ կարող էին ընդունվել 8-14 տարեկան աղջիկները: Դասավանդվող առարկաներից կարևոր տեղ են գրավել կրոնը, հայոց լեզուն, ռուսաց լեզուն, վայելչագրությունը, ձեռագործը, նկարչությունը: Երկարատև դեգերումներից հետո, ուսումնարանը հանգրվանում է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում) բակում, Ղևոնդ Ղազարյանի միջոցներով կառուցված մի շենքում, որին կից կառուցվում և 1878թ. սկսած սկսում է գործել երեք սենյակներից բաղկացած մի շենք և բեմ թատերական ներկայացումների համար:

Դպրոցի 12-ամյակըԽմբագրել

1878 հոկտեմբերի 8-ին դպրոցը նշում էր իր գոյության 12 ամյակը: Դպրոցի ղեկավարության, տեսուչ Հովսեփ քահանա Մելյանի, 80 սանուհիների և ուսուցիչների մասնակցությամբ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցվում: Այնուհետև հանդիսությունը շարունակվել է դպրոցի նորակառույց դահլիճում, որտեղ ողջյունի խոսք է ասել Էջմիածնի ճեմարանի տեսուչ Վահան վարդապետ Բաստամյանը: Դպրոցի տեսուչ Հ. Մելյանը հանդես է եկել կրթօջախի գործունեության հաշվետվությամբ: Ժամանակի մամուլում այս դեպքերը լայնորեն լուսաբանված են՝ որպես կարևոր իրադարձությոններ քաղաքի կյանքում: Դրանցից էլ տեղեկանում ենք, որ սանուհիները եղել են սպիտակ զգեստներով, գլխաբաց, պարանոցին կրել են ժամացույցի շղթայի պես կախված կանաչ ժապավեններ: 1879թ. օգոստոսի 31-ին Սինոդի որոշմամբ Գայանյան ուսումնարանը դարձել է միջնակարգ դպրոց՝ երեք դասարանով: 1883 թ. դպրոցը միավորվել է մեկ այլ ծխական ուսումնարանի՝ Կոնդի Սահականուշյան դպրոցի հետ և դարձել միջնակարգ դպրոց՝ վեց դասարանով: Միացյալ դպրոցի տեսչուհին եղել է Գայանե Հովհաննիսյանը (Մատակյան)[4]:

Թատերական գործունեությունԽմբագրել

19-րդ դարի 60-ական թթ. Երևանն արդեն ուներ իր ինքնագործ թատերական խումբը, որը ձևավորվել էր Թիֆլիսի հայկական թատրոնի հյուրախաղերից հետո: 1865թ. մեկ տարի շարունակ Թիֆլիսի թատրոնը Երևանի դպրոցների (հիմնականում՝ Թեմական դպրոցի) ուսուցիչների հետ միասին մի շարք ներկայացումներ է տվել՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ընդունելությանը և երևանցիներին դարձնելով թատրոնի ջերմ երկրպագուներ: Նրանց վերադարձից հետո քաղաքում գնալով մեծացել է թատրոն ունենալու պահանջը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ թեմական դպրոցի ուսուցիչները ստեղծել են իրենց թատերական խումբը: Նրանց ինքնագործ թատրոնի դահլիճը մշտապես լիքն էր հանդիսատեսով: Սակայն 1876թ. խումբը զրկվում է դահլիճից: Շուրջ մեկ ու կես տարի ընդմիջումից հետո նրան իր հարկի տակ է վերցնում Գայանյան գպրոցը, որի շենքին կից, ինչպես արդեն նշել ենք, կառուցվել էր բեմ՝ թատերական ներկայացումների համար: Վերջինիս հիմքերը գցել էին տեսուչ Տեր-Հովսեփ Մելյանը և Էմին Տեր-Գրիգորյանը: Այստեղ կազմակերպված ներկայացումները որոշակի նյութական միջոցներ էին բերում դպրոցին: Ժամանակի մամուլում կարդում ենք, որ 1878թ. հոկտեմբերի 26-ին Գայանյան դպրոցի թատերախումբն առաջին անգամ ներկայացրել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն [1][5]:

Դպրոցը ցարական իշխանությունների օրոքԽմբագրել

Սբ. Գայանեի դպրոցի հեղինակությունը շատ բարձր էր, որի արդյունքում գնալով ավելանում էր սաների թիվը: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի տվյալներով Երևանում գործել են շուրջ 31 դպրոց՝ 3724 աշակերտով, որոնց համեմատաբար մեծ մասը՝ 568 աշակերտ սովորել է արական դասական գիմնազիայում, իսկ 761-ը՝ հայկական, եկեղեցական 5 ծխական դպրոցներում, որոնցից մեկն էլ Գայանյան դպրոցն էր: 19-րդ դարի պետական դպրոցների համեմատ ծխական դպրոցների սաների թիվը մեծ էր, քանի որ դրանք հայկական դպրոցներ էին և ձգտում էին պահպանել մեր ժողովրդի ազգային նկարագիրը՝ ի տարբերություն ժամանակի պետական դպրոցների, որոնք ռուսական էին և իրենց գործունեությամբ պետք է նպաստեին իշխանությունների վերջնական նպատակի իրագործմանը՝ երկրամասի լիակատար ռուսացմանը: Այդ երևույթը շատ էր անհանգստացնում ցարական կառավարությանը: Գայանյան դպրոցը, ինչպես նաև մյուս հայկական դպրոցները, կրոնի ու գրագիտության հետ միասին աշակերտներին տալիս էին բազմակողմանի գիտելիքներ: Այս հանգամանքն էլ պատրվագ դարձնելով՝ ցարական կառավարությունը ծխական դպրոցները հոգևոր չհամարեց և 1884 թ. փետրվարի 16-ի կանոնադրությամբ և Կովկասի իշխանությունների համաձայնությամբ կարգադրեց ծխական դպրոցները հանել եկեղեցու իրավասությունից և հանձնել պետական համապատասխան մարմինների տնօրինությանը: Այս կանոնադրության համաձայն՝ ծխական դպրոցները վեր էին ածվելու սովորական ռուսական դպրոցների, այդ էր պատճառը, որ առաջացրեց ժողովրդի դժգոհությունը և նրա պաշտպանությամբ եկեղեցին հրաժարվեց ժողովրդական կրթության նախարարությանը հանձնել իր դպրոցները: Արդյունքի չհասնելով՝ ցարական կառավարությունն անցավ բացահայտ հարձակման: 1885 թ. նրա կարգադրությամբ ծխական դպրոցները փակվեցին՝ առանց ուսման իրավունքի թողնելով հազարավոր հայ երեխաների, որոնցից մի քանի հարյուրը՝ Երևան քաղաքում: Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ իր ծրագիրը ձախողված է, ցարական կառավարությունը հրաժարվեց ծխական դպրոցները փակելու որոշումից: Ավելի մեծ փորձ է կատարվում 20-րդ դարի սկզբին. 1903 թ. հունիսի 12-ի օրենքը հայ եկեղեցու գույքի ու կալվածքների պետականացման մասին, որն ըստ էության բռնագրավման փորձ էր և եկեղեցուն զրկում էր ժողովրդի առաջնորդի իրավունքից, ուղղակիորեն վերաբերում էր նաև ծխական դպրոցներին: Զրկվելով նյութական միջոցներից՝ նրանք կանգնում էին փակման վտանգի առաջ: Այդ օրենքը ցարական կառավարության ռուսացման քաղաքականության արտահայտությունն էր, որից նա չէր ուզում հրաժարվել: Սակայն համաժողովրդական հուզումները ստիպեցին իշխանություններին 1905թ. ամռանը չեղյալ հայտարարել 1903թ. հունիսի 12-ի օրենքը, որից հետո ծխական դպրոցները նորից սկսեցին բարգավաճել: 1905թ. Գայանյան դպրոցը հանձնվեց հայկական եկեղեցիների վարչությանը: 1911-1912թթ տվյալներով միայն Երևանի թեմում գործում էին 154 դպրոց, որից հինգը՝ Երևան քաղաքում: Դրանք էին Սուրբ Գայանեի, Սուրբ Մարիամյան (Զորավոր եկեղեցուն կից), Խրիմյան, Սուրբ Հովհաննեսի (Սահականուշյան) և Նորքի (Սուրբ Սիմեոն եկեղեցուն կից) դպրոցներն էին: Վերջին չորսը տարրական էին, իսկ Գայանյանը մանկավարժական ուղղվածությամբ բարձր տիպի դպրոց էր՝ նախապատրաստական խմբով և ութ դասարաններով: 1921թ. միավորվել է Մեսրոպյան դպրոցին և դարձել երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոց [5][6][7]:

ՄիջոցառումներԽմբագրել

2016 թվականին լրացավ 19-րդ դարի Երևանի դպրոցներից մեկի՝ Սուրբ Գայանեի անվան (Գայանյան) օրիորդաց ծխական հոգևոր ուսումնարանի ստեղծման 150-ամյակը: Հայաստանի ազգային արխիվում կազմակերպված ցուցահանդեսում այցելուները դիտեցին դպրոցի մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր և այլ դիդակտիկ նյութեր:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մշակ» թերթ, 1878թ., մարտ 23, թիվ 46
  2. «Մշակ» թերթ, 1878թ. հուլիսի 29, թիվ 128
  3. Մեղու Հայաստանի, 1866թ., հ19
  4. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 7, թիվ 172
  5. 5,0 5,1 «Մշակ» թերթ, 1878թ. հուլիսի 29, թիվ 128
  6. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 19, թիվ 179
  7. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 13, թիվ 176
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 677