Գալուստ Շերմազանյան
Գալուստ Հարությունի Շերմազանյան (Շիրմազանյան, նոյեմբերի 17, 1807, Ջուղա, Նախիջևանի խանություն, Ղաջարիների դինաստիա - հոկտեմբերի 15, 1891, Զալեսնոյե, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանահավաք, դրամատուրգ, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ (1864-1865)։
Գալուստ Շերմազանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1807 |
Ծննդավայր | Ջուղա, Նախիջևանի խանություն, Ղաջարիների դինաստիա |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1891 (83 տարեկան) |
Մահվան վայր | Զալեսնոյե, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1827) |
Մասնագիտություն | բանահավաք, դրամատուրգ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Շարմազանյան դարպաս |
Զբաղեցրած պաշտոններ | Թբիլիսիի քաղաքապետ |
ԿենսագրությունԽմբագրել
1818 թվականին տեղափոխվել է Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ 1824-1827 թվականներին սովորել է Ներսիսյան դպրոցում։ Հոր առևտրական գործերով ճամփորդել է Պարսկաստանում, Գերմանիայում և այլուր, մոտիկից ծանոթացել եվրոպական թատրոնին։ 1836 թվականին հիմնադրել է Շերմազանյան դարբասը։ 1862 թվականին Շերմազանյանը ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ (վերընտրվել է 1865 թվականին)։
ՍտեղծագործություններԽմբագրել
Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Երախայրիք Ներսիսյան դպրոցի» (1828) ժողովածուում։ «Իմ նշանածն Արագն ա» և «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861) չափածո պիեսներում արտացոլված են հասարակական կյանքի բացասական գծերը, ազգային-կենցաղային սովորույթներն ու ծեսերը։ «Ասրի բեկ և Դիքի» («Կռունկ Հայոց աշխարհի», 1862, № 1, 1863) պիեսում շոշափել է բռնակալության դեմ պայքարի գաղափարը։ Շերմազանյանի դրամատուրգիայում հատկապես ուշագրավ է «Նկարագրությունք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակավոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841) սատիրան, որն օժտված է ռեալիզմի որոշակի միտումներով (ձեռագիրը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Պիեսում յուրաքանչյուր գործող անձ խոսում է իր բարբառով։ Շերմազանյանը համարձակորեն քննադատել է Թիֆլիսի թեմի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի, նրա համախոհ բազմաթիվ գործիչների և ցարական պաշտոնյաների զեղծարարությունն ու կաշառակերությունը, որի պատճառով արգելվել է պիեսի հրատարակումը։ Շերմազանյանը հավաքել է մեծ թվով ձեռագրեր, աշուղական երգեր, ազգագրական բնույթի նյութեր, որոնց մեծ մասը հրատարակել է զանազան պարբերականներում։ 1878 թվականին, Թիֆլիսում լույս է տեսել նրա կազմած «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր առակներ մեծ մասամբ ազգային կյանքից առած» ժողովածուն։ Շերմազանյանը զբաղվել է նաև պատմության հարցերով․ Թավրիզում (1832), Թեհրանում (1852), Սպահանում (1853) նյութեր է հավաքել պարսկահայ 40 գործչի մասին՝ օգտվելով ժամանակակիցների, ականատեսների վկայություններից, Միրզա Թաղիի «Կաջարների պատմությունից» (Թեհրան), տվել 1779-1850 թվականների պատմությունը, այդ թվում պարսկահայերին Արևելյան Հայաստան փոխադրելու Գրիբոյեդովի եռանդուն աշխատանքի նկարագրությունը։ Այդ ամենն ամփոփվել է «Նյիւթեր ազգային պատմութեան համար։ Երեւելի Հայկազունք ի Պարսկաստան» (1890, Դոնի Ռոստով) գրքում[2][3][4]։
ԵրկերԽմբագրել
- «Նկարագրությունք ինչ-ինչ գործոց...» (ներածությունը և ծանոթագրությունը՝ Ա., Մնացականյանի), «Գիտական նյութերի ժողովածու», համար 2, Երևան, 1950։
- «Նյիւթեր ազգային պատմութեան համար։ Երեւելի Հայկազունք ի Պարսկաստան», 1890, Դոնի Ռոստով․
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 311 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 262։
- ↑ «Շերմազանյան Գալուստ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է 2019-05-02
- ↑ «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
ԱղբյուրներԽմբագրել
- «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 487)։ |