Գազ մանրագլխիկ
Գազ մանրագլխիկ
Գազ մանրագլխիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ մանրագլխիկ (A. microcephalus)
Միջազգային անվանում
Astragalus microcephalus

Գազ մանրագլխիկ (լատին․՝ Astragalus microcephalus), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Թուփ է, մինչև 60 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 5-7 զույգ երկարավուն, էլիպսաձև կամ գծանման տերևիկներից։ Ծաղիկները՝ 2-3-ական, գտնվում են տերևածոցերում, որոնք հաճախ առաջացնում են գնդանման ծաղկաբույլեր։ Բաժակն ունի 5-6 մմ երկարություն։ Պսակը դեղնավուն է, թևիկները և նավակն իրենց երկարությամբ գրեթե հավասար են առագաստին։ Էկոլոգիական խումբը' XI: Թիթեռածաղկավորների ընտանիքին պատկանող, բազմամյա, մինչև 1 մ բարձրության կիսաթուփ է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս սեպտեմբեր ամիսներին։ Աճում չորուտներում, քարացրոններում, ղռերում, շիբլյակներում՝ ընդարձակ բուսուտներով։ Մեր հանրապետությունում աճում է 125 տեսակ, որոնցզգալի մասը ունի բուժական նշանակություն։ դեղաբույսը դիմացկուն է ցրտի և երաշտի նկատմամբ, լուսասեր է, պտղակալում է կանոնավոր, բազմանում է սերմերով։

Քիմիական բաղադրությունը խմբագրել

Այս բույսի մեծ մասը պարունակում է բուսախեժ, որը դուրս է գալիս բույսի դեղնավուն արմատի բնական ճեղքվածներից և վնասված մասերից։ Այն թանկարժեք դեղորայքային և տեխնիկական հումք է, պարունակում է պոլիսխարիդներ, լորձ, ներկանյութ, օրգանական թթուներ և ազոտական հիմքերի հետքեր։ Բույսի առանձին տեսակներ պարունակում են նաև գլիցերիզինաթթու, ֆլավովոիդներ, միկրոտարրեր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Վերին Ախուրյանում, Լոռիում, Շիրակում, Արագածում, Սևանում, Արարատյան դաշտում, Վայքում, չոր քարքարոտ թեքությունների վրա։

Կիրառման եղանակները խմբագրել

Ջրաթուրմ պատրաստելու համար 20 գ հումքը 1 ժամ թրմում են 200 մլ եռման ջրում, քամում ու խմում մեկական ճաշի գդալ՝ օրական 3-6 անգամ։ Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե եռացնում են 100 մլ ջրում, հովացնում ու քամում, ապա ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3-5 անգամ։

Այլ օգտակար հատկանիշներ խմբագրել

Գազը չափավոր մեղրատու է, ծառայում է որպես վառելանյութ և անասնակեր։ Կան նաև գազի թունավոր տեսակներ։ Խեժը, բացի բժշկական կիրառումից, լայնորեն օգտագործվում է նաև տեխնիկայում՝ հրուշակեղենի, տեքստիլ, թղթի, լաքերի, ներկերի, կաշվի և կոշիկի արդյունաբերության մեջ։ Անհրաժեշտ է նշել, որ գզի պաշարները անսպառ չեն։ Նրա որոշ տեսակներ վաղուց են մտել բնության պահպանության «Կարմիր գրքի» մեջ։ Մեծ զգուշություն պետք է ցուցաբերել նրա նկատմամբ, որը հաճախ դառնում է հրդեհների, անտեղի հատումների և անասունների տրորման զոհ։

Բուժիչ նշանակություն խմբագրել

Բուժման նպատակով կիրառվում է բույսից ստացվող բուսախեժը, ինչպես նաև բույսի վերգետնյա մասը։ Բուսախեժը հավաքում են գազի ծաղկման ժամանակ, հիմնականում գլխավոր արմատի միջուկից կամ ճյուղերից։ Այն սովորաբար հասնում է արմատի կտրված մասից, հատկապես շոգ օրերին։ Ցուրտ ժամանակ խեժի արտահոսքը դադարում է։ Բուժական նշանակություն ունի միայն սպիտակ խեժը։ Բացի խեժից, աշնանը կամ գարնանը հանած արմատները օգտագործում են ոգեթուրմի կամ փոշու ձևով։ Վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում։ Գազը վաղուց հայտնի է ժողովրդական բժշկության մեջ։ Տարբեր ժողովուրդների կողմից օգտագործվում է որպես միզամուղ, փսխեցնող, քրտնամուղ, ինչպես նաև երիկամային, գեղձային, նյարդային հիվանդությունների ժամանակ։ Գազի առանձին տեսակներ Չինաստանում օգտագործում են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, շաքարախտի բուժման համար։ Գերմանիայում դեղաբույսից ստացվող պատրաստուկը գործածում են որպես լուծողական։ Ճապոնիայում գազը հայտնի է որպես հիպոտենզիվ, իսկ Ֆրանսիայում որպես փափկեցնող և թարմացնող միջոց՝ մարսողական տրակտի հիվանդությունների ժամանակ։ Մխիթար Հերացին գազից ստացված խեժը խառնելով եզան լեզվի և բուսական այլ հյութերի հետ՝ օգտագործել է հազի և ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների դեպքում։ Ջրաթուրմը ավելի արդյունավետ ներգործում է արյան շրջանառության խանգարման առաջին և երկրորդ աստիճանների, ինչպես նաև սուր նեֆրիտների ժամանակ։ Բույսի անգամ ցածր խտությամբ ջրաթուրմը օժտված է մանրէասպան և նախակենդանիների վրա ներգործվող հատկությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983