Գազ կորասերմ

բույսերի տեսակ
Գազ կորասերմ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ կորասերմ (A. campylosema)
Միջազգային անվանում
Astragalus campylosema

Գազ կորասերմ (լատին․՝ Astragalus campylosema), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

30-50 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված, բազմամյա անցողուն խոտաբույս է։ Տերևներն ունեն 12-25 սմ երկարություն։ Տերևիկները երկու կողմից խիտ առսեղմ թավոտ են, 8-12-ական զույգ, էլիպսաձև և բութ գագաթով։ Տերևներին գերազանցող ծաղկաբույլերն ուղիղ ծաղկակիրներով են, բազմաթիվ ծաղիկներով և պտղի ժամանակ երկարացող։ 16-22 մմ երկարությամբ պսակը դեղին է։ 10-17 մմ երկարություն և 3 մմ լայնություն ունեցող ունդերը կախված են և սեղմված ծաղկաբույլի առանցքին[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Ամասիայի, Սալուտի և Բաշգյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Վրաստանում (Ախալցխայի շրջան) և Անատոլիայում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1850-2100 մ բարձրությունների վրա և մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայկական բարձրավանդակում համարվում է էնդեմիկ տեսակ։ Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.