Բարսեղ Թուղլաճյան

հայ բանասեր, հեղինակ, թարգմանիչ, պատմաբան, գրող
(Վերահղված է Բ. Թուղլաճյանից)

Բարսեղ Միքայելի Թուղլաճյան (թուրքերեն՝ Pars Tuğlacı - Փարս Թուղլաջի, ապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[1][2] - դեկտեմբերի 12, 2016(2016-12-12), Ստամբուլ, Թուրքիա), հայ բանասեր, բառարանագիր։ Թուրքական մամուլում և գրականության մեջ Թուղլաճյանը տպագրվել է Փարս Թուղլաչի գրական անունով։

Բարսեղ Թուղլաճյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1][2]
Մահացել էդեկտեմբերի 12, 2016(2016-12-12) (83 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն[1] և Միչիգանի համալսարան (1955)[1]
Երկեր«Օվկիանոս»
Մասնագիտությունբառարանագիր, ուսուցիչ, թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԹուրքական ռազմական ակադեմիա
ԱնդամությունԹուրքիայի գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական Նոր դպրոցում, ապա սովորել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Բարձրագույն ուսումը ստացել է ԱՄՆ-ում, 1955 թվականին ավարտելով Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատանքի է անցել Թուրքական ռազմական ակադեմիայում որպես անգլերենի և ֆրանսերենի դասախոս։ 1961 թվականին հրատարակել է «Անգլերեն-թուրքերեն ոճերի և ասույթների բառարան», որը մեծ ընդունելություն է գտել, արժանացել մի քանի տպագրության։ Կազմել է «Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարանը»։ 1965 թվականին լույս է ընծայել «Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական և տնտեսական բառարանը», որը պարունակում է 80.000 բառ։

Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից հայերեն, ինչպես Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Գի դը Մոպասանի պատմվածքները։ Ստամբուլի հայ մամուլում («Ժամանակ», «Նոր լուր», «Արշավ» և այլն), տպագրել է վիպակներ պատմվածքներ[3]։

Թուղլաճյանի պատմաբանասիրական հետաքրքրությունների մեջ կարևոր տեղ է գրավում «Օսմանյան ճարտարապետության արևմտականացման ժամանակաշրջանն ու Պալյան ընտանիքը» (1982) ծավալուն աշխատությունը, որտեղ նա վեր է հանել ճարտարապետների մեծ ու հռչակված Պալյան գերդաստանի մի քանի սերնդի պատմությունը Օսմանյան կայսրության ճարտարապետական արվեստի զարգացման պատմության մեջ։

Թուղլաճյանի աշխատությունների մեջ հայկական իրականությանը վերաբերող գործերից մեկն էլ «Այվազովսկին Թուրքիայում» (1983) գիրքն է, նույնպես թուրքերեն։

Թուղլաճյանի՝ հայկական թեմաներով գործերից են նաև «Պոլսի Իշխանաց կղզիները պատմության ընթացքում» (1989) և «Իսթանպուլի հայոց եկեղեցիները» (1991) գրքերը՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։

1970-1980-ական թվականներին Թուղլաճյանն իր բանասիրական հետաքրքրությունների համար քանիցս այցելել է Երևան։ Կապված է եղել գիտությունների ակադեմիայի հետ[4]։

Երկեր խմբագրել

  • Օսմանեան ճարտարապետութեան արեւմտականացման ժամանակաշրջանն ու Պալեան ընտանիքը, 1982։
  • Այվազովսկին Թուրքիայում, 1983։
  • Բուլղարիան եւ թուրք-բուլղարական յարաբերութիւնները, 1983։
  • Արփաչայը եւ շրջակայքը, 1985։
  • Օսմանեան նուագախմբից արդի թուրքական փողերախումբ, 1987։
  • Ժամանակակից Թուրքիան, 1987։
  • Պոլսի Իշխանաց կղզիները պատմութեան ընթացքում, 1989։
  • Իսթանպուլի հայոց եկեղեցիները, Ստամբուլ, 1991 (տեքստը՝ նաև թուրքերեն և անգլերեն)։

Բառարաններ խմբագրել

  • Անգլերեն-թուրքերեն ոճերի և ասույթների բառարան, 1961։
  • Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարան։
  • Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական և տնտեսական բառարանը, 1965, պարունակում է 80.000 բառ։
  • «Օվկիանոս» ("Okyanus") հանրագիտարան բացատրաստուգաբանական եռահատոր բառարան, 1971-1974։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 378.
  4. Բախտիար Հովակիմյանի «Երախտաշատ բանասեր Բարսեղ Թուղլաճյանը» հոդվածը «Ազգ» օրաթերթում(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Թուղլաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232