Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմեն

Կարմեն (ֆր.՝ Carmen), ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեի նովելը՝ գրված 1845 թվականին։ Նովելի հիման վրա ստեղծվել է Ժորժ Բիզեի համանուն օպերան, ինչպես նաև մի շարք ֆիլմեր։

Կարմեն
ֆր.՝ Carmen
ՀեղինակՊրոսպեր Մերիմե
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Կարմեն
Ստեղծման տարեթիվ1845
Նկարագրում էԱնդալուզիա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1845
 Carmen (novella) Վիքիպահեստում

Համաձայն Մերիմեի՝ Մոնտիյոյի կոմսուհուն գրված նամակի՝ նովելը գրելիս հեղինակը ներշնչվել է այն պատմությունից, որ նա լսել էր կոմսուհուց 1830 թվականին, երբ այցելել էր Իսպանիա։ Նա գրում է. «Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը.... Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»[1]։

Սյուժե խմբագրել

Նովելը բաղկացած է չորս մասից։ Սակայն 1845 թվականի հոկտեմբերի 1-ին հրատարակվել են միայն առաջին երեքը, իսկ չորրորդն առաջին անգամ լույս է տեսել 1846 թվականի գրքային հրատարակության մեջ։ Մերիմեն նովելը պատմում է այնպես, իբր այն իսկապես պատահել է իր հետ 1830 թվականին՝ Իսպանիա կատարած այցելության ժամանակ։

Կորդովայում Մերիմեն Անտոնիոյի ուղեկցությամբ շրջում է՝ տեսնելու Մունդայի ճակատամարտի վայրը։ Մի աղբյուրի մոտ նա հանդիպում է առույգ, միջահասակ, բայց հուժկու արտաքինով մի երիտասարդի, ով ներկայացավ որպես դոն Խոսե։ Անտոնիոն փորձում է զգուշացնել, որ հեռու մնա նրանից, որովհետև հանձին նրա ճանաչել էր հայտնի ավազակ Խոսե Նավառոյին։ Մերիմեն, սակայն, մնում է գիշերելու նույն պանդոկում՝ մտածելով, որ իր հետ հաց կերած մարդն իրեն չի վնասի։ Գիշերն Անտոնիոն գնում է ոստիկանություն կանչելու, բայց Մերիմեն զգուշացնում է դոն Խոսեին, և վերջինս փախչում է մինչ ոստիկանների գալը։

Ավելի ուշ Մերիմեն Կորդովա քաղաքում ծանոթանում է Կարմենսիտայի (նշանակում է՝ սատանայի աղախին) հետ, ով աղքատիկ հագնված փոքրամարմին աղջիկ է, աշխատում է որպես բանվորուհի։ Իր հանդիպած ամենագեղեցիկ գնչուհին էր Կարմենը, որ պղնձագույն մաշկ ուներ, շեղ, բայց լայն բացված աչքեր, մի քիչ հաստ շրթունքներ, սև մազեր։ Դա անսովոր ու վայրենի գեղեցկություն էր, մի դեմք, որ առաջին հայացքից զարմացնում է, բայց որ չէր կարելի մոռանալ։

 
Կարմենի արձանը Սևիլյայում

Կարմենի ուշադրությունը գրավեց Մերիմեի ժամացույցը։ Մերիմեն Կարմենի հետ գնում են վերջինիս տուն, որ Կարմենը գուշակի նրա ապագան։ Եկավ դոն Խոսեն։ Մերիմեն ճանաչեց նրան։ Կարմենն իրենց լեզվով փորձում էր համոզել դոն Խոսեին սպանել Մերիմեին, բայց Խոսեն նրան ուղեկցեց դուրս։ Մերիմեն տեսավ, որ ժամացույցը կորել է, հայտնեց ոստիկանություն։ Դոն Խոսեն շուտով բռնվեց, բայց Մերիմեն հրաժարվեց վկայություն տալ նրա դեմ։ Բայց ասացին, որ նա, միևնույն է, կախաղան կբարձրացվի, քանի որ շատ հանցանքներ ունի։ Մերիմեն այցելում է բանտ՝ տեսնելու դոն Խոսեին։ Վերջինս պատմում է իր կյանքի պատմությունը։

Ինքը՝ Խոսե Լիսարաբենգուան, նավառացի է, բասկ։ Ծնողներն ուզում էին, որ հոգևորական դառնա, բայց մեկի հետ կռվեց, ստիպված փախավ, դարձավ զինվորական և, ի դժբախտություն իրեն, նշանակվեց Սևիլի ծխախոտագործարանի պահակ։ Այդտեղ նա տեսնում է Կարմենին։ Աղջիկը մի օր դանակով խաչեր էր գծել իրեն ծաղրած կնոջ երեսին, որի համար ոստիկանները բռնեցին նրան։ Խոսեն նույնպես ուղեկցում էր նրան։ Սակայն Կարմենը Խոսեին ասում է, որ թողնի փախչել, Խոսեն ոչինչ չասաց, բայց չխոչընդոտեց աղջկա հեռանալուն։ Այդ դեպքի պատճառով Խոսեին բանտարկեցին ու աստիճանազրկեցին։

Կարմենի պատճառով Խոսեն կռվեց մի լեյտենանտի հետ։ Կարմենն օգնեց փախչել, վերքերը բուժելուց հետո հեռացան լեռները։ Խոսեն աշխատում էր նրանց խմբում, նավերից բեռներ էին դատարկում, տեղափոխում ապահով տեղեր։ Ոչ ոք չգիտեր, որ Կարմենը նրա սիրուհին է։ Կարմենը երկար տարիների փորձերից հետո վերջապես կարողանում է ազատել ամուսնուն (Գարսիա Միականի), ով միանում է նրանց խմբին։

Մի անգամ Կարմենը երկար ժամանակ մնաց քաղաքում։ Խոսեն գնաց նրա հետևից, պարզվեց, որ Կարմենն անպրում է մի հարուստ սպայի տանը։ Շուտով գնչուհին լուր ուղարկեց, որ իրենք գնալու են զբոսնելու, թող սպանեն սպային ու կողոպտեն։

Թղթախաղի պատճառով Խոսեն կռվեց Գարսիայի հետ, սպանեց նրան։ Սպային կողոպտեցին։ Կարմենն ասաց, թե Գարսիան Խոսեից ուժեղ էր, և եթե նրա օրհասն եկել է, Խոսեինն էլ կգա։

Կարմենն ասաց, թե ինքը սուրճի մրուրի մեջ տեսել է, որ ինքն ու Խոսեն միասին են մեռնելու։ Նաև ասաց, որ ինչ նա իր ամուսինն է, ինքը նրան ավելի քիչ է սիրում։ Մի ցլամարտիկ՝ Լուկասը, սիրահետում էր Կարմենին։ Խոսեն ուզում էր, որ միասին մեկնեն Ամերիկա, Կարմենը մերժեց։ Նա ասաց, որ ինքը միշտ իմացել է, որ Խոսեն կսպանի իրեն, բայց հետո ինքն էլ կմեռնի։ Կարմենն ասում է, որ Խոսեն կսպանի իրեն. իր ճակատին այդ է գրված, բայց նա անզոր է ստիպելու իրեն, որ զիջի։ Ինքը սիրում է Լուկասին։ Կարմենը շպրտում է Խոսեի նվիրած մատանին։ Դանակահարելով աղջկան՝ Խոսեն նրան թաղում է՝ հետը թաղելով նաև մատանին։ Խոսեն հանձնվեց ոստիկաններին, բայց ոչ մեկի չհայտնեց Կարմենի շիրմի տեղը։

Նովելի չորրորդ մասը նվիրված է գնչուների լեզվի, կենցաղի ու մշակույթի նկարագրությանը։ Նրանք իրենց անվանում են cale, որ նշանակում է սև։ Նրանք մուգ գույնի մաշկ ունեն, շեղ, սև աչքեր, երկար սև թարթիչներ, գիշատիչ կենդանու հայացք, որի մեջ նկատվում է հանդգնություն ու երկչոտություն։

Գնչուների պատմությունն առեղծվածային է։ Ոչ ոք չգիտի, թե որտեղից են գալիս նրանք։ Լեզուն ուսումնասիրողները կարծիք են հայտնել, թե նրանք եկել են Հնդկաստանից, բայց նրանք ունեն մի քանի բարբառ՝ գերմանական, իսպանական և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Il s'agissait de ce jaque de Malaga qui avait tué sa maîtresse, laquelle se consacrait exclusivement au public. [...] Comme j'étudie les bohémiens depuis quelque temps, j'ai fait mon heroïne bohémienne."

Արտաքին հղումներ խմբագրել