Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձև

Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձև, փաստաթուղթ, որով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչում է 1915 թվականի Օսմանյան կայսրության՝ հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն։ Բանաձևն ընդունվել է 2016 թվականի հունիսի 2-ին[1]։

Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին ընդունել է բանաձև՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների բնաջնջման, էթնիկ զտումների մասին։ 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև։ Նիստի ժամանակ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն։ Նիստի ընթացքում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը ցեղասպանություն։ Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անհայտ ժամանակով։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն իր ելույթում հայերի կոտորածները որակեց «ցեղասպանություն»։ 2016 թվականի փետրվարի 25-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ նոր քննարկումներ ծավալվեցին՝ որոշվեց բանաձևը լրացուցիչ մշակել։ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ, մեկ դեմ և մեկ կողմ քվեով ընդունեցին բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչվեցին ցեղասպանություն։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի եղել Բունդեսթագում քվեարկությանը, քանի որ նրա օրակարգում այլ պաշտոնական միջոցառումներ կային[2]։ Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի տեքստը հետևյալն էր[3]՝ Ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներն ամեն ինչ անում էին՝ գաղտնի պահելու այդ մեծագույն ոճիրը, սակայն լուրերն արտահոսում էին երկրից ամենատարբեր ճանապարհներով։ Այս գործում մեծ էր Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրացիների, դիվանագետների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր  տեղեկատվական միջոցների դերը։ Մասնավորապես, նշանակալից էին Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանության պատասխանատու աշխատող Մ. Մանդելշթամի, ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի, գերմանացի գիտնական ու հասարակական գործիչ Յո. Լեփսիուսի ծառայությունները։

ՙԱմբողջ հայ բնակչությունը,- գրել է Լեփսիուսը,- տեղահանվեց բարձրագույն հրամանով դեպի Միջագետք, անապատի հյուսիսային և արևելյան ծայրերը՝ Դեր Զոր, Ռաքքա, Մեսքենե, մինչև Մոսուլ։ Տեղահանվեց 1,4 միլիոն հայ՚... Նրա վկայությամբ՝ տեղահանվածների 2/3-ը շնչասպառ ընկավ ճանապարհին, մյուսները՝ կիսամերկ, կմախքացած ուրվականներ, հասան Սիրիա ու Միջագետք, անապատ քշվելու և այնտեղ անլուր տանջանքներով մեռնելու։ Բռնատեղահանվածների ճամբարներն անընդհատ դատարկվում ու լցվում էին։ Կանխամտածված և հոռի դիտավորությամբ դժբախտներին թողնում էին, որպեսզի մեռնեին անօթևան ու քաղցած, եթե չմեռնեին՝   նրանց կմեռցնեին։ Տիֆը, այդ զարհուրելի հիվանդությունը, սրի դաշնակիցն էր. դիակները դիզվում էին ճանապարհի երկայնքով, որոնք ապականում էին օդը։

Էրզրումում գերմանական հյուպատոս Շոյբների՝ այդ օրերի գրառումներում առանձնացվում են հետևյալ տողերը. ՙԹուրքերը խոստովանում են, որ իրենց նպատակը հայերին բնաջնջելն է։ Եվ որովհետև այդ նպատակին չի կարելի հասնել զանազան բռնությունների միջոցով, այստեղ հույս ունեն, որ մինչև Միջագետք երկարատև ճանապարհի զրկանքներն ու անսովոր կլիման կավարտեն ամեն ինչ։ Հայկական հարցի այս ՙլուծումը՚ իդեալական է համարվում ծայրահեղ ուղղության բոլոր կողմնակիցների կողմից, որին պատկանում են գրեթե բոլոր ռազմական և կառավարական պաշտոնյաները՚։

1916 թ. դեկտեմբերին ՙՄանչեսթր գարդիան՚ թերթը գրեց. ՙՄնում է մի բուռ Հայաստան, մի բուռ, որ հիշեցնում է ամենազարհուրելին՝ մի ամբողջ ժողովրդի բնաջնջմամբ հողին հավասարեցված երկիր՚։

Թուրքական ՙԻսթիքլալ՚ պարբերականն այսպես արձագանքեց. ՙԱռաջին համաշխարհային պատերազմը մեզանում առաջացրեց ամենաբարձր աստիճանի անասնական և անբարոյական ոգի՚։

Մորգենթաուն ոճրագործ Էնվեր փաշային հարց էր ուղղել՝ գուցե կառավարությունը տեղյա՞կ չէր, գուցե դա միայն պաշտոնյաների՞ ձեռքի գործն էր, որին երիտթուրք պարագլուխը պատասխանել է. ՙՍխալվում եք... Մենք այս երկրի բացարձակ տերերն ենք։ Ես մեղադրանքը մեր ստորադասների վրա բարդելու նպատակ չունեմ և ուզում եմ ստանձնել պատասխանատվությունն այն ամենի, ինչ պատահեց։ Ոչ ոք չէր հանդգնի առանց մեր հավանության նման քայլերի դիմել՚։

1915 թ. դեկտեմբերի 1-ին ՙՆյու Յորք Թայմս՚-ը տպագրեց ԱՄՆ 26-րդ նախագահ (1901-1909) Թեոդոր Ռուզվելտի նամակը, որում նա շեշտում էր. ՙՄիացյալ Նահանգները քիչ բան էր անում վայրագությամբ ու ծավալով աննախընթաց այն ոճիրի առթիվ, ինչպիսին հայկական կոտորածներն էին՚։

Թուրքիայի Կոնիա նահանգում բնակվող մի խումբ գերմանացիներ 1915 թ. օգոստոսին թուրքական իշխանությունների գործողությունների առնչությամբ դիմում են հղել Կ. Պոլսի գերմանական դեսպանին. ՙ...Եվ այսպես, ձեռնարկված բոլոր միջոցառումները, հավանաբար, կհանգեցնեն հայերի լրիվ ոչնչացման։ Այս անմարդկային վերաբերմունքն անջնջելի խայտառակություն է համաշխարհային պատմության մեջ ոչ միայն թուրքերի, այլև մեզ՝ գերմանացիներիս համար։

Ֆրանսիական ՙԼա ռեվյու՚ թերթը 1916 թ. հոկտեմբերի 26-ի համարում այսպես գնահատեց տեղի ունեցածը. ՙԳերմանիան Փոքր Ասիայում իր ծրագրերը հայերի միջոցով իրականացնել չկարողացավ... Պարզապես վճռեց նրանց դիակների վրայով հասնել իր նպատակներին՚։  Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հնչեց նաև գնահատական, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ՙթուրքական գործելակերպ էր, որն իրականացվեց գերմանական մեթոդով՚։

ՙՈչ մի կասկած չկա,- գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը (վարչապետ է եղել 1940-45 և 1951-55 թթ.),- որ ոճիրը ծրագրված ու գործադրված էր քաղաքական նկատառումներով։ Առիթը ներկայացել էր թուրքական հողն ազատելու մի քրիստոնյա ազգից, որն աշխարհագրական առումով գտնվում էր թուրքական ու կովկասյան իսլամական ժողովուրդների միջև... Պանթուրքիստները գտնում էին, որ եթե Կ.Պոլիսն ընկներ, և Թուրքիան պատերազմը տանուլ տար, անգամ այդ դեպքում հայերի բնաջնջումն ունենալու էր իր հետևանքները և թուրք ցեղի ապագայի համար մշտական առավելություն էր ստեղծելու։ Հայ ժողովուրդն Առաջին աշխարհամարտից դուրս եկավ կոտորված...՚։  

Ամերիկյան ՙՍիթի՚ ամսագիրը 1980 թ. ապրիլին հրապարակեց ՙՀայեր՚ վերտառությամբ մի հոդված, որում տեղ էին գտել հետևյալ տողերը. ՙԹուրքերի կողմից 1915 թ. իրագործված հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1,5 միլիոն մարդ, մինչ այժմ պաշտոնապես ճանաչված չէ շատ կառավարությունների, այդ թվում և մեր կառավարության կողմից։ Բայց փաստը մնում է փաստ. մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թուրքիայի արևելյան շրջաններում և Արարատ լեռան մերձակայքում բնակվող հայերի թիվը 2 միլիոնից ավելի էր։ Այժմ այստեղ հայեր չկան։ Ո՞ւր անհետացան նրանք՚։ Ռուսական ՙՊրավդա՚-ն  այդ հարցին տվեց հստակ պատասխան դեռևս 1918 թվականին. ՙԱվելի քան մեկ միլիոն հայեր իրենց կանանց ու երեխաների հետ սրի քաշվեին միայն այն բանի համար, որ նրանք հայեր էին՚։  

Կարծում ենք, հարկ է ուշադրություն դարձնել Ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին Թուրքիայի ձեռնարկած քայլերին, որոնք վկայում են, որ 98 տարի հետո էլ այդ երկրի նկարագիրն ամենևին չի փոխվել։ Ինչպես միշտ, թուրքական կողմն սկսել է ակտիվ աշխատել. գործի են դրված բոլոր մեխանիզմներն ու հնարավոր միջոցները՝ արտաքին աշխարհի վրա ազդեցություն ունենալու համար։  

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սույն թվականի ապրիլի սկզբներին Լատվիա և Լիտվա կատարած այցից հետո զրուցել է թուրք լրագրողների հետ՝ շեշտելով, որ մերձբալթյան երկրների ղեկավարներին զգուշացրել է զերծ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերից։  ՙՈրոշ խորհրդարաններ Թուրքիայի դեմ որոշումներ են ընդունում՝ կապված 1915 թվականի դեպքերի հետ։ Նշել եմ, որ թուրքական կողմը խիստ դեմ է Լիտվայի խորհրդարանի կողմից 2005 թ. նման փորձի համար։ Նշել եմ նաև, որ բարեկամական և դաշնակցային կապերն օգտակար են երկու կողմերի համար էլ՚,- ասել է Գյուլը։

Թուրքիայի ներկայիս նախագահը, ում քաջ հայտնի է, որ 2005 թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, և որ դա ոչ թե փորձ էր, այլ պետության հստակ դիրքորոշում, ընդամենը ցույց տվեց իր դեմքը։ Ապացուցեց, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունների` Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարած քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում 1915 թվականին Հայոց ցեղասպանություն իրականացրած երիտթուրքական կառավարության գործելաոճից։  

Պետք է ասել նաև, որ մեր օրերում Թուրքիան միայնակ չէ այդ քաղաքականությունը վարում. թուրք-ադրբեջանական միասնական գաղափարախոսության վկայությունը եղավ օրեր առաջ՝ ապրիլի 21-ին, թուրքական և ադրբեջանական ազգայնամոլական կազմակերպությունների՝ Հայաստանի հետ սահմանում՝ Ալիշան անցակետի մոտ  անցկացված ցույցը։ Այս մասին իրազեկում են հայկական տեղեկատվական աղբյուրները և ընդգծում, որ ադրբեջանաթուրքական խաժամուժը հակահայկական կոչեր է հնչեցրել, պաստառներ պարզել։

«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին.

Բունդեսթագը սահմանում է.

Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության և ջարդերի ենթարկված հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջև։

Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը։ Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր։

Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը։ Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների և, այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը։ Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում։

Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների և միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար։ Բունդեսթագում հիշատակումը նաև առանձնահատուկ հարգանքի դրսևորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ։

Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

Բունդեսթագը հարգում է ոչ միայն անասելի դաժան հանցագործությանը զոհ գնացած նահատակներին, այլ նաև նրանց, որոնք, ավելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարությանը, փրկել են հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց։

Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել 1915-ին հայերի ջարդերի և տեղահանությունների հիշատակմանը։

Բունդեսթագը իր որոշումն ամրապնդում է 2005-ի Drs. 15/5689 որոշմամբ, որը նվիրված էր զոհերի հիշատակմանն ու թուրքերի և հայերի պատմության առերեսմանը։ Դրա նպատակն է նպաստել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը։ 2015 թվականի ապրիլի 24-ին հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հիշատակեց զոհերին ինչպես նաև հաշտեցման կոչ արեց։ Գերմանական կայսրությունը իր մասնակի պատասխանատվությունն է կրում այդ իրադարձությունների համար։

Բունդեսթագը ընդունում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը։ Այդ թվում նա պետք է նաև հայերին ու թուրքերին աջակցի հաշտեցման գործընթացում։

Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը։

Գերմանիայի Բունդեսթագը համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը։

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը։

Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում։ Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն։

Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին։ Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ։ Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը։ Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին։

Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել։ Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը։ Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում։ Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար։

Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար։ Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով։

Այսպիսով՝ Գերմանիայի Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում

- 2015 թվականի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել հետագա հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումների և բնաջնջման, ինչպես նաև այդ գործում Գերմանական ռեյխի ունեցած պատասխանատվության շուրջ։

- Թուրքական կողմին խթանել առերեսվել ժամանակին կատարած ջարդերի և տեղահանումների հետ և դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը։

- Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պետք է տեղի ունենա անցյալի վերանայման, մերձեցման և պատմական մեղքի ներողության միջոցով։

- Շարունակել գիտական, քաղաքացիական և մշակութային միջոցառումները Թուրքիայում և Հայաստանում։

- Վերագնահատել պատմական դեպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կկատարեն դեպի հաշտեցում և աջակել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգավորմանը։

- Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին խրախուսել շարունակել այս պահին լճացած միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

-Ջանքեր գործադրել 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները հայկական և թուրքական կողմից վավերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների հանձնաժողով ստեղծել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և բացել սահմանները։

- Աջակցել, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում սկսված հայկական հուշարձանների պահպանման գործընթացը շարունակվի և ինտենսիվանա։

- Ֆինանսական հնարավորություների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային և քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի և նախաձեռնությունների աջակցությունը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձություններին»։

Միջազգային արձագանքներ խմբագրել

Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին արձագանքել են մի շարք երկրների ղեկավարներ ու միջազգային լրատվամիջոցներ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում էր Քենիայում, ասել է՝

  «Այս որոշումը, որը Գերմանիայի խորհրդարանը կայացրերց, իրականում լրջորեն կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա։Ես գնահատականներ կհնչեցնեմ և հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեմ Թուրքիա վերադառնալուց հետո։ Այնուհետև մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որոնք կստիպեն մարդկանց հաշվի նստել Թուրքիայի հետ »
 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ միասին մամուլի ասուլիսում նշել է՝

  «Գերմանիան պատրաստ է պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ բոլոր ոլորտներում։Երկու երկրներին շատ բան է միավորում, նույնիսկ եթե որոշ հարցերում տարաձայնություններ կան։ Ե´վ ես, և՛ դաշնային կառավարությունը կցանկանայինք նպաստել, որ 101-ամյա վաղեմության իրադարձությունների հարցով Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը տեղի ունենա»։
 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է[4]՝

  «Այս բանաձևը, որն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագը, սխալ է։ Չկա ոչ մի ամոթալի դեպքը մեր անցյալում։ Հայոց Ցեղասպանության փաստը ոչ մեկը չի կարող երբևէ հաստատել, քանի որ այն չի եղել»։
 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել քվեարկությունը և նշել՝

  «Թող բացեն սեփական պատմության մութ էջերը, ոչ թե վարկաբեկեն այլ երկրների պատմությունը, իրենց անպատասխանատու անհիմն խորհրդարանական որոշումներով»։
 

New York Times թերթը գրել է՝

  Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձև` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտորածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»։
 

Ռոյթերս միջազգային լրատվական գործակալությունը նույնպես անդրադարձել է բանաձևին[5][6]՝

  «Գերմանիան բարկացնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս բանաձևով։ Գերմանիայի օրենսդիր մարմինը հռչակեց 1915 թվականին Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն մի խորհրդանշական բանաձևով, որը ռիսկի է ենթարկում Անկարայի հետ ունեցած հարաբերությունները հենց այն ժամանակահատվածում, երբ Բեռլինը և Եվրոպայի գործընկերները Թուրքիայի օգնության կարիքն ունեն փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում։ Ժամանակահատվածն ավելի վատը չէր կարող լինել Մերկելի համար, ով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ըստ որի` Անկարան համաձայնել էր կանգնեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդելու իրավունք ստանալու, ինչպես նաև ԵՄ անդամակցության մասին արագացված զրույցներ սկսելու դիմաց»։
 

Ցեղասպանագետ, միջազգային իրավունքի եգիպտացի պրոֆեսոր Այման Սալաման Թուրքիայի իշխանությունների արձագանքը խիստ քննադատության է արժանացրել նշելով՝

  «Թուրքիան մեղադրանքներ հնչեցնելով Գերմանիայի հասցեին՝ մոռանում է, առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ վերջինս եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրագործած՝ Օսմանյան Կայսրության դաշնակիցը։Ինչպե՞ս կարող է Թուրքիան Գերմանիայի Խորհրդարանի որոշումը «պատմական սխալ» համարել, երբ իրականում ինքն է մեծ «սխալ թույլ» տալիս՝ ժխտելով իր կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը և խուսափելով միջազգային պատասխանատվությունից պատմության և համայն մարդկության առջև։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի իշխանությունների արդարացումներն արժեզուրկ են, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և 1915թ․ Օսմանյան Կայսրության իշխանությունների գործած հանցագործության էությունը լիովին համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործության» մասին ՄԱԿ-ի 1948 թ. բանաձևի բնորոշումներին»։
 

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նշել է[7]՝

  «Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն է՛լ ավելի ուժեղ է դարձել այս դեռևս չպատժված հանցագործությունում Գերմանիայի դերն ազնվորեն ընդունելով, է՛լ ավելի է մեկուսացնում Թուրքիային՝ միևնույն ժամանակ կենտրոնացնելով ուշադրությունն Օբամայի վարչակազմի վրա՝ որպես առաջատար միջազգային ուժի, որը կանգնած է Անկարայի ցեղասպանության ժխտողականության արշավի հետևում։ Դեռ ժամանակ կա ԱՄՆ նախագահ Օբամայի համար հետևելու Գերմանիայի օրինակին և մերժելու Թուրքիայի հրահանգները՝ ազնվորեն խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Բունեսթագի քվեարկությունը գրեթե միաձայն էր։ Պատմական քվեարկությանը նախորդած մոտ մեկ ժամ տևած քննարկման ժամանակ գերմանացի խորհրդարանականները խոսել են հօգուտ այդ քայլի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ իրականացված հանցագործությունները »։
 

Ընդունումից հետո խմբագրել

Բանաձևն ընդունելուց հետո Գերմանիայի Սահմանադրական դատարան է դիմել թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը և պահանջել չեղյալ հայտարարել Բունդեսթագի ընդունած բանաձևը, քանի որ ըստ ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածի՝ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն ունեն միայն դատարանները[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian). 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Бундестаг признал геноцид армян». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. «Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ամբողջական տեքստը». news.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. Սարգսյան, Տաթևիկ (2016 թ․ մարտի 6). «Թուրքիան պնդում է, որ Բունդեսթագի որոշումն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian). Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Парламент Германии признал геноцид армян, Турция раздражена». ru.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Text "Reuters" ignored (օգնություն); Text "ГЛАВНЫЕ НОВОСТИ" ignored (օգնություն)
  6. 168.am. «Միջազգային մամուլի անդրադարձը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լույս է սփռում Էրդողանի ժխտողականության հարցում Օբամայի հանցակցության վրա. ANCA». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  8. «Ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը չեղարկելու հայցը՝ Սահմանադրական դատարանում». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել