Բոխի արևելյան

բույսերի տեսակ
Բոխի արևելյան
Բոխի արևելյան
Բոխի արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ցեղ Բոխի (Carpinus)
Տեսակ Բոխի արևելյան (C. orientalis)
Միջազգային անվանում
Carpinus orientalis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բոխի արևելյան (լատ.՝ Carpinus orientalis Mill), կեչազգիներ ընտանիքի, բոխի ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5—18 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ թփանման տեսք ունի։ Սաղարթը ձվաձև է կամ կլորավուն։ Բունը ծուռումուռ է, անկյունավոր, ծածկված սևամոխրավուն կեղևով, 20—40 սմ տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները և տերևակոթունները ծածկված են թաղիքանման մազմզուկներով։ Բողբոջները մանր են, 3—4 մմ երկարությամբ, ձվաձև, կարմրադարչնագույն, թարթիչաեզր թեփուկներով ծածկված։ Տերևները մուգ կանաչ են, մերկ, աշնանը ստանում են կիտրոնադեղին գունավորում։ Օվալաձև են կամ օվալա-ձվաձև, 2—5 սմ երկարությամբ և 1,5—3 սմ լայնությամբ, սրածայր, սղոցաատամնաեզր։ Հիմքում կլորավուն են կամ թեթևակի թեք սրտաձև, կրկնակի-սուր սղոցաեզր։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 3—10 մմ-ի։ Պտղաբերող կատվիկները բաց կանաչավուն են, 3 —8 սմ երկարությամբ, նստած 1,2—2 սմ երկարությամբ պտղակոթունների վրա։ Տերևափաթթոցները օվալաձև են, առանց բլթակների, անհավասար-ատամնաեզր։ Ընկուզիկը վերևի կողմից մազմզուկապատ է, գորշգույնի։ Հանդիպում են խոշորատերև ձևեր, որոնց տերևների երկարությունը կազմում է 3—9 սմ, 1—2,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում Ղրիմում Միջերկրական ծովի ափերին Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Իրանում: Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի, Շամշադինի Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գուգարքի շրջաններում՝ ծովի մակերևույթից մինչև 1200 մ, և Զանգեզուրում՝ մինչև 1500 մ բարձրությունների վրա։

ԿիրառությունԽմբագրել

Ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է։ Արտակարգ լուսասեր լինելով՝ գերադասում է անտառից դուրս աճել, որտեղ արևի լույսը առատ է։ Ընտանի և վայրի կենդանիները մեծ հաճույքով սնվում են ղաժու տերևներով ու մատղաշ ընձյուղներով, և քանի որ խիստ դանդաղ է աճում, ղաժու բուսուտները խոշտանգված տեսք են ունենում։ Անհրաժեշտ է լայնորեն օգտագործել մեր հանրապետության ցածրադիր շրջանների բնակավայրերի կանաչապատման բնագավառում։[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 202։