Բոլերո (իսպ.՝ Bolero), հեղինակ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավել։ Ստեղծագործություն՝ նվագախմբի համար։ Նախապես մտահղացված է եղել որպես երաժշտություն՝ բալետային բեմադրության համար` ներշնչված իսպանական բոլերո պարից։ Գրվել է 1928 թվականին և առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նույն տարվա նոյեմբերի 22-ին Փարիզի Գրանդ օպերայում։ Երաժշտության ներքո պարել է ռուս դերասանուհի և պարուհի Իդա Ռուբինշտեյնը, նվագախումբը ղեկավարել է ֆրանսիացի դիրիժոր Վալտեր Ստրարամը։ «Բոլերոն» անմիջապես արժանացավ հանդիսատեսի հավանությանը և շատ արագ դարձավ 20-րդ դարի հանրահայտ ստեղծագործություններից մեկը։

Բոլերո
իսպ.՝ Bolero
Տեսակբալետ և երաժշտական գործ/ստեղծագործություն
ԺանրԲոլերո
ԿոմպոզիտորՄորիս Ռավել
Ստեղծման տարեթիվ1928
ՊատվիրատուԻդա Ռուբինշտեյն
Հրատարակման տարեթիվ1929
ՏոնայնությունԴո մաժոր
 Boléro Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1928 թվականի սկզբներին Ռավելը հյուրախաղերի էր մեկնել Միացյալ Նահանգներ։ Դեռ մեկնելուց առաջ նա պատվեր էր ստացել բալետի պարուհի Իդա Ռուբինշտեյնից. նա ցանկանում էր, որ կոմպոզիտորը մի բալետ գրի հատուկ իր համար, որտեղ կկարողանա ամբողջությամբ ցուցադրել իր ինքնատիպ կարողությունները։ Իդան թեև չուներ դասական պարարվեստի բացառիկ հմտություններ, ինչպես Աննա Պավլովան կամ Նատալյա Տրուխանովան, սակայն աչքի էր ընկնում հրաշալի արվեստով և բեմական հիանալի կեցվածքով, որոնք նրան թույլ էին տվել բեմում փայլել Կլեոպատրայի և Շեհերազադայի կերպարներում։ Ռուս նկարիչ Վալենտին Սերովի խոսքերով, Իդա Ռուբինշտեյնի շնորհիվ ասես վերակենդանանում էին հին Եգիպտոսը և Ասորեստանը։

 
Պարուհի Իդա Ռուբինշտեյնը, որի պատվերով գրվել է «Բոլերոն» և որը պարել է բալետի առաջին ներկայացման ժամանակ 1928 թվականի նոյեմբերի 22-ին (1922 թվականի դիմանկար):

Եվ այսպես, վերադառնալով ամերիկյան հյուրախաղերից, Ռավելն իսկույն ձեռնարկում է բալետի ստեղծումը Ռուբինշտեյնի համար։ Ստեղծագործության պարտիտուրը գրվում է շատ արագ, որը կոմպոզիտորն անվանում է «Բոլերո»։ Այդ առթիվ կոմպոզիտորը գրել է. «1928 թվականին, տիկին Ռուբինշտեյնի պատվերով, ես գրեցի «Բոլերո»-ն՝ նվագախմբի համար։ Այն պար է՝ չափազանց հանդարտ տեմպով, ամբողջովին անխախտ ինչպես մեղեդու առումով, այնպես էլ հարմոնիայի և ռիթմի։ Ընդ որում, ռիթմն ապահովվում է թմբուկի անընդմեջ զարկերով։ Միակ տարբերությունը երաժշտության աստիճանաբար զորեղացումն է (կրեշենդո)»։

1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզի Գրանդ օպերայում կայացավ բալետի պրեմիերան՝ ունենալով հսկայական հաջողություն։ Եվ ոչ միայն պարզապես հաջողություն, այլ համաշխարհային փառքի արժանացավ «Բոլերոն»։ Հետաքրքիր է, որ բալետի փորձերի ժամանակ լսելով երաժշտությունը, կոմպոզիտորն ու նրա մտերիմ երաժիշտները կարծում էին, որ երաժշտության համար՝ բալետից անջատ, համերգային կյանք վիճակված չէ։ Երաժշտական նման պիեսը «երբեք չեն համարձակվի ընդգրկել կիրակնօրյա մեծ համերգային ծրագրերում», - ասում էր Ռավելը, որի հետ ընկերները համամիտ էին։ Այնինչ «Բոլերոն» դարձավ ոչ միայն նրա ամենահայտնի ստեղծագործությունը, այլև 20-րդ դարի ամենանշանավոր երաժշտական ստեղծագործություններից մեկը։ Այն չափազանց ինքնատիպ է ըստ իր կառուցվածքի, որն իրենից ներկայացնում է վարիացիաների շղթա, որի մեջ անփոփոխ է ամեն ինչ, բացի գործիքավորումից և հնչողության ուժգնությունից։ Վարիացիաների հիմքում ընկած է ժողովրդական պարեղանակի բնույթով կարճ մեղեդի, որը հիշեցնում է 18-րդ դարում ստեղծված իսպանական «Բոլերո» պարը, սակայն ռիթմով նման է բասկյան «Սորտսիկո» պարին։

Երաժշտությունը խմբագրել

Երաժշտական պիեսն սկսվում է փոքր թմբուկի զարկերով կառուցվող հստակ ռիթմային պատկերով, որն ուղեկցվում է ալտերի ու թավջութակների մեղմ պիցցիկատո նվագակցությամբ։ Այդ երկտակտը (այստեղ այն կրկնվում է երկրորդ անգամ, մինչ կսկսվի երաժշտական թեման) անընդմեջ հնչելու է «Բոլերոյի» ամբողջ ընթացքում։ Ավելի քան տասնհինգ րոպե տևող ստեղծագործության ամբողջ ընթացքում թմբկահարն անընդմեջ հաստատուն կերպով խփում է նույն տակտը, որի հիման վրա կառուցվում է մեղեդին։ Ֆլեյտայի ելևէջուն, առաձգական նվագը հնչում է շատ մեղմորեն, ասես՝ հազիվհազ, որը հստակորեն բաժանվում է երկու մասի։ Ընդ որում, դրա երկրորդ հատվածը ձեռք է բերում տառապալից, կրքոտ բնութագիր։ Ավարտելով մեղեդին, ֆլեյտան միանում է թմբուկին՝ ընդօրինակելով ռիթմը դոմինանտ հնչյունով (սոլ), իսկ մեղեդին շարունակվում է կլարնետի ձայնով։ Այնուհետև մեղեդին փոխանցվում է ֆագոտին, ապա հերթով՝ փոքր կլարնետին, հոբոյին, ֆլեյտա և շեփոր զույգին, վերջում՝ սաքսոֆոնին (այն եզակի դեպքերից, երբ սաքսոֆոնը գործածվում է սիմֆոնիկ նվագախմբում)։ Նրա լարված ու արտահայտիչ հնչողությունը մեղեդուն հաղորդում է առանձնահատուկ գույներ։ Միաժամանակ, մեղեդու փոխանցումը մեկ նվագարանից մյուսին ուղեկցվում է նբվագակցության ավելի ու ավելի զորեղացմամբ։ Ամենասկզբում հազիվ հնչող պիցցիկատոն հետզհետե զարգանում է ու ձեռք բերում հզոր հնչողություն. ընդգրկվում են նորանոր նվագարաններ, իսկ լարային նվագարանները ռիթմի մեջ հնչում են արպեջո կատարմամբ։

Մեղեդու աստիճանաբար և կայուն զարգացումը պիեսի ավարտին հասնում է գագաթնակետին։ Բոլոր երեք գծերը (մեղեդային, նվագակցման և ռիթմային պատկերները) բազմիցս կրկնվում են լիահնչուն tutti-ով (սա մենանվագի հակառակ երևույթն է, երբ երաժշտությունը հնչում է նվագախմբի ամբողջ կազմի ընդգրկմամբ), ընդ որում, եզրափակիչ տակտերում Ռավելն օգտագործում է խիստ հազվադեպ կիրառվող, բայց և չափազանց զորեղ ու տպավորիչ էֆեկտ՝ տրոմբոնների գլիսանդո, որից հետո բոլոր նվագարանները կտրուկ լռում են՝ հասնելով կուլմինացիոն ավարտի ամենաբարձր հնչյուններին։

Աղբյուրներ խմբագրել