Բոլդուին-Ասքվիտի դիմում (1924)

Բոլդուին-Ասքվիտի դիմում 1924, հայ գաղթականության տեղավորման մասին փաստաթուղթ, որով 1924 թ. սեպտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի նախկին պրեմիեր մինիստր Սթենլի Բոլդուինն ու լիբերալ կուսակցության ղեկավար Հերբերտ Ասքվիտը դիմել են Ռ. Մաքդոնալդի կառավարությանը՝ հայ գաղթականության վիճակը բարելավելու և հայկական հարցը վերջնականապես լուծելու համար։ Առիթը եղել է Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի սեպտեմբերի 24-ի նամակը անգլիական կառավարությանը՝ իր աջակցությունը ցուցաբերելու պատերազմի հետևանքով Թուրքիայից արտաքսված հայերի տեղավորման գործին։ Զեկուցագրում Բոլդուինն ու Ասքվիտը շարադրում են այն շարժառիթները, որոնք անգլիական կառավարությանը պարտավորեցնում են, ի թիվս մյուս դաշնակից պետությունների, նյութապես և բարոյապես աջակցել Ազգերի լիգայի Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած (1923 թ. սեպտեմբեր) ծրագրին, որով նախատեսվում էր հայ գաղթականության տեղավորումը Կովկասում։

Այդ շարժառիթներն են.

  1. պատերազմի ընթացքում հայերը աջակցել են դաշնակիցներին, ինչի համար նրանք տուժել են ողբերգականորեն։ Այդ թեզը հիմնավորելու համար զեկուցագրի հեղինակները վկայակոչում Են Ջեյմս Բրայսի 1918 թ. հոկտեմբերի 3-ի նամակը անգլիական կառավարությանը, որտեղ նա պարզաբանում էր հայերի՝ Անտանտի երկրներին հարելու դրդապատճառները և դրան հետևած հայկական տեղահանության ու ջարդերի ծանր հետևանքները։
  2. Դաշնակիցների և նրանց միացած մյուս երկրների պետական գործիչների բազմակի խոստումները՝ պաշտպանելու հայ ազգի ազատությունն ու անկախությունը։ Վկայակոչում են Ասքվիտի, Լլոյդ Ջորջի, Վիլսոնի, Կլեմանսոյի հայտարարությունները ի պաշտպանություն հայերի, Սևրի պայմանագիրը, «հայկական ազգային օջախի» վերաբերյալ բանակցություններն ու դրանց ձախողումը Լոգանի կոնֆերանսում։
  3. Անգլիական կառավարության պատասխանատվությունը հատկապես 1922 թ. Զմյուռնիայի պարտությունից հետո, որը վերջնականապես ցաքուցրիվ արեց Օսմանյան կայսրության հայերին։
  4. 1916 թ. թուրքական կառավարության Բեռլին փոխադրած 5 միլիոն ֆունտ ստեռլինգի (թուրքական ոսկով) առգրավումը դաշնակիցների կողմից, ինչը, նրանց կարծիքով, ամբողջովին պատկանում է հայերին։
  5. Հայ փախստականների անկայուն ու հուսահատ վիճակը, որը պահանջում է արևմտյան տերությունների անմիջական միջամտությունը։ Նկարագրելով հայ գաղթականության ողբերգական վիճակը Մերձավոր ու Միջին Արևելքում, նաև մասամբ Հունաստանում ու Բուլղարիայում, և թուրքական կառավարության կտրուկ մերժումը՝ հետ ընդունելու նրանց զեկուցագրի հեղինակները գտնում են, որ ներկա իրավիճակում այլևս անհնար է կատարել հայերին տրված խոստումները, քանի որ դրանք կապված են քաղաքական և տարածքային հետգրավման դժվարությունների հետ։ Ուստի միակ հնարավոր ելքը մնում է հայ գաղթականության տեղավորումը ռուսական Հայաստանում, որին համամիտ է նաև տեղական կառավարությունը։

Ասքվիտի և Բոլդուինի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի պարտքն է՝ ամեն կերպ աջակցել այդ ծրագրի իրականացմանը։ Վերջում զեկուցագրի հեղինակներն ավելացնում են, որ այդ ծրագիրը որևէ քաղաքական ենթատեքստ չունի և ենթադրում է, որ դրանով վերջնականապես ավարտվում է դաշնակիցների պատասխանատվությունը հայերի հանդեպ։ Բայց, ինչպես ցույց տվեց ապագան, անգլիական կառավարությունը որևէ կոնկրետ քայլ չկատարեց հայ գաղթականության վիճակը խորհրդային Հայաստանում թեթևացնելու ուղղությամբ։ Ընդհակառակը, շուտով իրենք՝ Ասքվիտն ու Բոլդուինը, իշխանության գլուխ անցնելով, մատը մատին չխփեցին զեկուցագրում շարադրված ծրագիրը պաշտպանելու և գեթ հայերին պատկանող գումարները նրանց օրինական ժառանգորդներին վերադարձնելու համար։

Գրականություն

խմբագրել
  • Mandelstam A, La Socidtddes Nations et les Puissances devant /в Probidme armdnien, Beyrut, 1970, p. 489-494։
  • Boyajian U. Armenia։ The Casa fora Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972, p. 281.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։