Ջեյմս Բրայս
Ջեյմս Վիսկոնտ Բրայս (անգլ.՝ Bryce James, մայիսի 10, 1838[1][2][3][…], Բելֆասթ[4] - հունվարի 22, 1922[2][3][5][…], Sidmouth, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), դերկոմս, անգլիական պետական, հասարակական-քաղաքական գործիչ, Բրիտանիայի ակադեմիայի անդամ, իրավաբան, պատմաբան։
Գործունեություն
խմբագրելՕքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1914)։ Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում. արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան։ 1876 թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը ճանապարհորդել է Ռուսաստանով Կովկաս ու Հայաստան, ապա եղել Օսմանյան կայսրությունում (բարձրացել է Արարատի գագաթը)։ Տպավորություններն ամփոփել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877)։ Նա ի սկզբանե նպատակ չի ունեցել գրքի վերածելու իր նոթագրությունները, սակայն հետագայում երկու հիմնական պատճառ է մատնանշում, որորնցից ելնելով տպագրել է գիրքը։ Առաջինը 1877-1878 թվականներին պատերազմն էր այն երկրների միջև, որտեղ եղել էր ճամփորդելիս, և երկրորդը՝ Արարատ լեռն էր, որի մասին լսել էին բոլորը, սակայն շատ քիչ էր գրված[8]։ 1880 թվականին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանդնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ), 1893 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան։ 1894 թվականի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում։ Բրայսը առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915 թվականի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը։ 1916 թվականին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը։ Հայերի պաշտպանությամբ Բ. հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով։ Մասնավորապես 1920 թվականի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ։
Հիշատակ
խմբագրել1998 թվականին Երևանի Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ նրբանցքը անվանակոչվել է Ջեյմս Բրայսի փողոց[9][10]։
Երկեր
խմբագրել- The Flora of the Island of Aran, 1859
- The Holy Roman Empire, 1864
- Report on the Condition of Education in Lancashire, 1867
- The Trade Marks Registration Act, with Introduction and Notes on Trade Mark Law, 1877
- Transcaucasia and Ararat, 1877
- The American Commonwealth, 1888
- Impressions of South Africa, 1897
- Studies in History and Jurisprudence, 1901
- Studies in Contemporary Biography, 1903
- The Hindrances to Good Citizenship, 1909
- South America: Observations and Impressions, 1912
- University and Historical Addresses, 1913
- Essays and Addresses on War, June 1918
- Modern Democracies, 1921
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Mackie C. British Diplomatic Directory (1820-2005) — Foreign, Commonwealth and Development Office.
- ↑ Honorary doctorates and prizes — Leiden University.
- ↑ Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
- ↑ Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի անվանափոխումների ցանկ
- ↑ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը Ջեյմս Բրայսի անունով փողոց անվանելու մասին
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրայս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 555)։ |