Բեյսբոլի քարտ, բեյսբոլի հետ կապված կոլեկցիոներական քարտերի տեսակ, որը սովորաբար տպվում է թղթի կամ ստվարաթղթի հատուկ տեսակի վրա։ Քարտերը սովորաբար ներառում են մեկ կամ մի քանի բեյսբոլիստների կամ սպորտին առնչվող այլ գործիչների պատկերներ։ Առավել տարածված է ԱՄՆ-ում, բայց նաև սիրված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան, Կուբան, Ճապոնիան, որտեղ կան պրոֆեսիոնալ բեյսբոլի լիգայի երկրպագուներ։ Բեյսբոլի քարտերի հիմնական արտադրողները են Topps-ը, Upper Deck-ը, Panini, Donruss-ը։ Շատ հնությունների խանութներ ունեն քարտերի լայն տեսականի, կան նաև մասնագիտացված խանութներ։ Բեյսբոլի որոշ քարտերի գինը կարող է հասնել հազարավոր դոլարների, իսկ հավաստի ռեկորդային գինը 2,1 միլիոն դոլարն է (Հոնուս Վագների քարտերի համար 2013 թվականին)[1]։

Քարտերի պատմություն

խմբագրել
 
1888 թվականի King Kelly ընկերության ծխախոտի քարտ «Goodwin Չեմպիոններ», առաջին գունավոր քարտերից մեկը

19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում բեյսբոլը և լուսանկարչությունը ձեռք բերում էին ժողովրդականություն։ Արդյունքում, բեյսբոլի ակումբները սկսում են դիրք ընդունել խմբային և անհատական լուսանկարների համար, ինչպես և այլ ակումբների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Լուսանկարներից մի քանիսը տպագրվում էին փոքրիկ քարտերով, որոնք նման էին ժամանակակից դրամապանակների լուսանկարներին։ 1860-ական թվականների վերջին բեյսբոլը դարձել է պրոֆեսիոնալ սպորտ, ի հայտ են եկել առաջին կոլեկցիոներական քարտերը՝ բեյսբոլիստների նկարներով։ Դրանք օգտագործվել են տարբեր ընկերությունների կողմից իրենց բիզնեսը խթանելու համար, նույնիսկ եթե գովազդվող արտադրանքները բեյսբոլի հետ կապ չունեին։ 1868-ին Նյու Յորքի սպորտային ապրանքների «Պեկ և Սնայդեր» խանութը սկսել է բեյսբոլի թիմերի նկարներով քարտեր վաճառել[2]։ «Պեկ և Սնայդեր» վաճառում էին բեյսբոլի սարքավորումներ և քարտերը գովազդի բնական միջոց էին։ «Պեկ և Սնայդեր» քարտերը համարվում են բեյսբոլի առաջին քարտերը։ Ծխախոտի առաջին քարտերը ստեղծվել են 1875 թվականին՝ որպես Միացյալ Նահանգների «Ալան և Գինտեր» ծխախոտային ընկերության ծխախոտի տուփի ներդիրներ[3]։ 1886 թվականի սկզբին բեյսբոլիստների պատկերները հաճախ ներդրվում էին ծխախոտի տարբեր ընկերությունների ծխախոտի տուփերի վրա։ 19-րդ դարի վերջին բեյսբոլը այնքան հայտնի է դարձել, որ քարտերի արտադրությունը տարածվել է Ամերիկայից և նույնիսկ Խաղաղօվկիանոսյան կղզիներից այն կողմ[4]։

Այդ ժամանակների կոլեկցիոներական քարտերը ներառում էին մի կողմից պատկեր, իսկ մյուս կողմից՝ գովազդային տեղեկատվություն։ Գունավոր տպագրության ոլորտում առաջընթացն ավելի գրավիչ է դարձրել քարտերը։ Արդյունքում, քարտերի վրա սկսել են օգտագործել սև և սպիտակ լուսանկարներ կամ սեպիաներ, ինչպես նաև գունավոր նկարազարդումներ, որոնք պարտադիր չէ, որ հիմնված լինեին լուսանկարների վրա։

Արտադրություն

խմբագրել

Բեյսբոլի առաջին քարտերը արտադրվել են Միացյալ Նահանգներում, բեյսբոլի աճող ժողովրդականության հետ մեկտեղ բեյսբոլի քարտեր սկսել են պատրաստվել նաև այլ երկրներում։ Առաջին հավաքածուները հայտնվել են Ճապոնիայում 1898 թվականին[4], 1909 թվականին՝ Կուբայում[5] և Կանադայում՝ 1912 թվականին[6]։

Քարտի դիմային հատվածը սովորաբար պարունակում է խաղացողի նկարը՝ նույնականացնող տեղեկությամբ, ներառյալ նրա անունը և թիմի անունը։ Հակառակ կողմում ամենաժամանակակից քարտերը պարունակում են վիճակագրություն և (կամ) կենսագրական տեղեկություններ։ Շատ վաղ քարտեր պարունակում էին ընկերությունների կամ ապրանքանիշերի գովազդներ՝ հատկապես հետնամասում։ Ծխախոտային ընկերությունները կարևորագույն դեր են խաղացել բեյսբոլի քարտերի տարածման մեջ, որոնք նրանք օգտագործել են որպես արժեքին ավելացված բոնուսներ և իրենց ապրանքի գովազդում[7]։ Գործառնական առումով բեյսբոլի քարտերը այցեքարտեր են, իսկ ֆորմատով նման են խաղաթղթերի․ գոնե սկզբնական փուլում։ Չափի կամ ձևի համար գոյություն չունի մեկ ստանդարտ, բեյսբոլի քարտերի մեծ մասը այսօր ուղղանկյուն է՝ 6.4 սմ-ից 8,9 սմ չափսերով[8]։

Ամենաթանկ քարտ

խմբագրել
 
Հոնուս Վագների քարտը՝ տպված 1909-1911 թվականներին, համարվում է աշխարի ամենաթանկ քարտը[9]

։ Հավաքական քարտերի պատմության մեջ ամենաարժեքավոր բեյսբոլի քարտը թողարկվել է 1909 թվականին, նրա վրա պատկերված է Հոնուս Վագները։ 1988 թվականին այն վաճառվել է ռեկորդային 110,000 դոլարով։ Իսկ արդեն 2007 թվականին Կալիֆոռնիայից հավաքորդը, դրա համար վճարել է 2,8 միլիոն դոլար, մինչդեռ գործարքից վեց ամիս առաջ այն eBay առցանց աճուրդով գնվել էր «ընդամենը» 2.35 միլիոն դոլարով։ Այնուամենայնիվ, գործարքը բաց չի եղել, և գնի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել[1]։ Սկզբնապես American Tobacco Company նախատեսվում էր քարտեր թողարկել առանց Հոնուսի թույլտվության։ Լինելով ծխելու համոզված հակառակորդ՝ Հոնուս Վագներն արգելել է օգտագործել իր նկարը, սակայն որոշ քանակությամբ քարտեր թողարկվել են 1909-1911 թվականներին։ Այսօր հայտնի է այդ քարտի ընդամենը 57 օրինակի մասին[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Раритетная бейсбольная карточка установила рекорд на аукционе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Early Trade Cards – the First Baseball Cards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Shaw, James A. «Allen & Ginter's champions». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 21-ին.
  4. 4,0 4,1 Fitts, Robert K.[en] An Introduction to Japanese Baseball Cards.
  5. «1909 Cabanas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «1912 Imperial Tobacco». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Baseball Cards Section Արխիվացված 2012-09-29 Wayback Machine, The Cardboard Connection
  8. «Topps Sports History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Honus Wagner T-206 Sportscard Sells for World-Record Price». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  10. Бейсбольные карточки могут быть выгодным капиталовложением