Բարդի սպիտակ

բույսերի տեսակ
Բարդի սպիտակ
Բարդի սպիտակ
Բարդի սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի սպիտակ (P. alba)
Միջազգային անվանում
Populus alba
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բարդի սպիտակ (լատին․՝ Populus alba), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Populus alba

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, հզոր ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ և 1-2 մ բնի տրամագծով։ Սաղարթը լայն է, վրանաձև, ազատ պայմաններում կարճ բնով։ Բունը և խոշոր ճյուղերը ծածկված են բաց ձիթամոխրավուն, հարթ կեղևով։ Ծեր ծառերի բնի ներքին մասը մուգ մոխրագույն է կամ սևավուն, ճաքճքված։ Հողմադիմացկուն չէ։ Արմատային համակարգը հզոր է, խոր գնացող և գետնի մակերեսին տարածված։ Մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս։ Արագաաճ ծառատեսակ է. 30-40 տարեկանում հասնում է 20-25 մ բարձրության և 50 սմ բնի տրամագիծ է ունենում։ Լավ է դիմանում երկարատև ողողումներին, լավ է աճում նույնիսկ թեթևակի աղակալած հողերում։

Բnղբnջները ձվաձև են, խոշոր, մինչև 12 մմ երկարությամբ, ծածկված սպիտակ աղվամազով։ Տերևները բացվում են մարտին, ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են ապրիl-մայիս ամիսներին։ խոնավասեր է, չափազանց լուսասեր, բավականին ցրտադիմացկուն և ձմեռադիմացկուն (Միջին Ասիայում դիմանում է մինչև -40 °C-ի սառնամանիքներին)։ Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ունի մակերեսային, հորիզոնական ուղղությամբ տարածվող արմատներ։ Երիտասարդ ընձյուղները սկզբում սպիտակ, թաղիքավոր են։ Բողբոջները մանր են, մինչև 0,5 սմ երկարությամբ, ձվաձև, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ փայլուն, կպչուն չեն, թարթիչաեզր թեփուկներով են ծածկված։ Տերևները ձվաձև-կլորավուն կամ ձվաձև-եռանկյուն են, նոր բացված ժամանակ ծածկված արծաթասպիտակ մազմզուկներով, հետագայում վերևի կողմից մերկ, մուգ կանաչ, ներքևի կողմից արծաթաթաղիքանման։ Կարճացած ընձյուղների վրա մերկ են։ Երկարացած ընձյուղների վրա տերևները 3—5 թաթաբլթականի են, կոպիտ ատամիկներով, 4-12 սմ երկարությամբ և 2,5-10 սմ լայնությամբ, կարճացած ընձյուղների վրա կլորավուն, թեթևակի բլթակավոր կամ 3-5 անկյունանի, բութ ատամիկներով։ Տերևակոթունները գլանաձև են, մազմզուկապատ, տերևաթիթեղից 2-3 անգամ կարճ։ Աշնանը մեծ մասամբ թափվում են կանաչ վիճակում, իսկ մի մասն էլ ստանում է կիտրոնադեղին գույն։ Առէջային ծաղիկները հաստ են, 3-7 սմ երկարությամբ, ծաղկակիցները կարմրագորշավուն են, անհավասար կարճատամնաեզր, մերկ, թարթիչաեզր։ Առէջները 8-10-ն են, դեղին փոշանոթներով։ Վարսանդային ծաղիկներն ունեն 10-12 սմ երկարություն, սպին դեղնավուն է կամ սպիտակավուն, երկարացած բլթակներով։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են մայիս-հունիսին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին և Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Բալկանյան թերակղզում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Կենտրոնական Ասիայում և այլուր։ Տարածման չափազանց մեծ սահմաններ ունեցող, էվրիխոր տեսակ է։ Հայաստանի պայմաններում հանդիպում է հյուսիս-արևելյան շրջաններում և Զանգեզուրում, նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 800 մ բարձրության գետահովիտներում։

Կիրառություն խմբագրել

Մշակության մեջ տարածված է ամենուրեք, այդ թվում նաև մեր հանրապետությունում։ Խորհուրդ է տրվում օգտագործել թեք լանջերը և գետահովիտները ամրացնելու, մասսիվներ, խմբեր, ծառուղիներ ստեղծելու համար։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32: Էկոլոգիական խումբը XIIԲ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 258-259։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի սպիտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի սպիտակ» հոդվածին։