Ջեյմս Նեյսմիթը կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ, բժիշկ, հոգեևորական, սպորտային մարզիչ և նորարար է: Կանադայից Մասաչուսեթս՝ Սփրինգֆիլդ, մեկնելուց հետո նա ստեղծում է բասկետբոլ խաղը, գրում բասկետբոլի հիմնական կանոնների ձեռնարկը, ապա Կանզասի համալսարանի համար բասկետբոլի ծրագիրը: Նեյսմիթը հասցնում է տեսնել, թե ինչպես է բասկետբոլը ընդունվում որպես Օլիմպիական ցուցադրական մարզաձև, ապա 1936 թվականին պաշտոնապես ներառվում Բեռլինում կայացած ամառային Օլիմպիական խաղերում: Բացի այդ Նեյսմիթը տեսնում է 1938 թվականին Ազգային հրավերք մրցաշարի (NIT) և 1939 թվականին Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մրցաշարի (NCAA Tournament) ծնունդը:

Ջեյմս Նեյսմիթ

Ծնվելով և ապրելով Օնտարիո նահանգի Ալմոնտե քաղաքից ոչ հեռու գտնվող ֆերմայում՝ սովորում, ապա մարմնակրթություն է դասավանդում Մոնրեալ քաղաքի Մակհիլի համալսարանում, ինչից հետո տեղափոխվելով ԱՄՆ ստեղծում է բասկետբոլ խաղը: Հայտնագործությունից 7 տարի անց, 1898 թվականին, Դենվեր քաղաքում ստանում է բժշկական աստիճան: Այնուհետև Կանզասի համալսարանում ստանձնում է «Կանզաս Ջեյհոքս» (Kansas Jayhawks) թիմի սպորտային ղեկավարի և մարզիչի պաշտոնը, զուգահեռ մարզելով Ֆորեստ «Ֆոգ» Ալենին, ով հետագայում փոխարինում է նրան այդ պաշտոնում: Ֆոգ Ալենը ղեկավարում է թիմը 39 մրցաշրջանների ընթացքում՝ դառնալով լեգենդներ Ադոլֆ Ռուփի և Դին Սմիթի մարզիչը:

Վաղ տարիներԽմբագրել

Նեյսմիթը ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 6-ին Կանադայի արևմուտքում գտնվող Ալմոնտե քաղաքում, շոտլանդացի ներգաղթյալների ընտանիքում:

Դասերից ազատ ժամանակը Նեյսմիթն անցկացնում էր դրսում, պահմտոցի կամ «Բադիկը քարի վրա» (Duck on a rock) խաղալով, վերջինս միջնադարյան խաղ է, որտեղ խաղացողը պաշտպանում է ծառի կոճղի վրա տեղադրված մեծ քարը (բադիկին) հակառակորդ թիմի խաղացողներից, ովքեր ավելի փոքր քարեր նետելով փորձում են գցել այն: Շուտով Նեյսմիթն հասկանում է, որ «Բադիկը քարի վրա» խաղում մեծ անկյան տակ, սահուն նետտված քարերը ավելի արդյունավետ են, քան ուղիղ և ուժեղ նետվածները: Հենց այս միտքը հետագայում հիմք է հանդիսանում բասկետբոլի ստեղծման համար:

Վաղ տարիքում՝ ծնողների մահից հետո, Նեյսմիթն ապրում է բարեկամուհու և նրա ամուսնու հետ,  հաճախում Ալմոնտեից ոչ հեռու գտնվող միջին դպրոց: Միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ալմոնտեի ավագ դպրոցը, որը ավարտում է 1883 թվականին:

Նույն տարում Նեյսմիթն ընդունվում է Մոնրեալում գտնվող Մակհիլի համալսարան: Չնայած նրան նկարագրում էին, որպես 80 կիլոգրամ քաշով և 178 սմ հասակով, ոչ շատ սպորային կառուցվածք ունեցող երիտասարդի, նա տաղանդավոր և բազմակողմանի մարզիկ էր, ով ներկայացնում էր Մակհիլի համալսարանը ռեգբիի, Ամերիկյան ֆուտբոլի,  ֆուտբոլի և մարմնամարզության մրցաշարերում: 1888 թվականին Նեյսմիթը արժանում է մարմնակրթության բակալավրի աստիճանի, իսկ 1890 թվականին Մոնրեալի Փրեսբիթերիան քոլեջի դիպլոմի: 1891 թվականին ՝ սկսում է մարմնակրթություն դասավանդել և դառնում Մահկիլի առաջին սպորտային ղեկավարը, սակայն հետո լքելով Մոնրեալը աշխատանքի անցնում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիայի միջազգային մարզական դպրոցում (YMCA) (ներկայումս՝ Սփրինգֆիլդ քոլեջ), որպես մարմնակրթության ուսուցիչ:

Սփրինգֆիլդ քոլեջ. բասկետբոլի ստեղծումըԽմբագրել

YMCA-ում Նոր-Անգլիա շրջանի երկար ձմեռների ընթացքում աշակերտները ստիպված էին բավարարվել բացառապես այն խաղերով, որոնք կարելի է կազմակերպել փակ տարածքներում: Այդ իսկ պատճառով մարմնակրթության բաժնի ղեկավար, բժիշկ Լյութեր Գյուլիքը Նեյսմիթին հանձնարարում է ստեղծել խաղ, որը հնարավոր կլինի կազմակերպել փակ տարածքներում  և կօգնի աշակերտներին պահպանել լավ ֆիզիկական վիճակ: Խաղի անցկացման համար չպետք է պահանջվեին մեծ տարածքներ, խաղը չպետք է լիներ շատ կոպիտ և որ ամենակարևորն է խաղը պետք է արդար լիներ բոլոր խաղացողների համար:

Նախ և առաջ, խաղը ստեղծելիս, Նեյսմիթն ուսումնասիրում և վերլուծում է ամենահայտնի խաղերը (ռեգբի, ֆուտբոլ, հոկեյ, բեյսբոլ և այլն) և գալիս եզրահանգման, որ խաղում ֆուտբոլի փափուկ գնդակի գործածումը կլինի ամենաանվտանգը: Ապա նկատելով, որ հիմնականում ֆիզիկական կոնտակտ տեղի է ունենում գնդակով վազքի, վարման կամ գնդակին հարվածելու ժամանակ որոշում է, որ իր խաղում գնդակը տեղափոխելու միակ ձևը լինելու է խաղացողների միջև փոխանցումները: Վերջապես, Նեյսմիթն ավելի է պակասեցնում ֆիզիկական կոնտակտի հավանականությունը՝ բասկետբոլի զամբյուղը խաղացողների գլխավերևում տեղադրելով և այն անպաշտպան թողնելով: Նա առաջարկում է խաղացողներին «գոլ» խփելու համար օգտագործել միայն մեծ անկյան տակ արված, սահուն նետումներ, որոնց արդյունավետության մասին նա գիտեր իր սիրելի «Բադիկը քարի վրա» խաղից: Նեյսմիթն իր խաղն անվանեց բասկետբոլ (Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից) և իր մտքեր շարադրեց 13 հիմնական կանոններում:

1891 թվականի դեկտեմբերին անցկացվեց բասկետբոլի առաջին խաղը: Խաղի մանրամասների մասին տեղեկանում ենք Նեյսմիթի ձեռագիր հաշվետվությունից: Ի տարբերություն ժամանակակից բասկետբոլի խաղացողները խաղում էին ինը իննի դեմ, բասկետբոլի գնդակի փոխարեն օգտագործում ֆուտբոլի գնդակ, իսկ երկու զամբյուղների (օղակների) փոխարեն տեղադրված էին դեղձի երկու զամբյուղներ:

«Երբ պարոն Ստաբինսը բերեց դեղձի երկու զամբյուղներ, ես դրանք ամրացրի խաղահրապարակի հանդիպակաց կողմերում՝ վերին հարթակի փայտե ճաղերին, գետնից մոտ 3,05 մետր բարձրության վրա: 13 կանոնները փակցրի հայտարարությունների տախտակի վրա, բերեցի ֆուտբոլի գնդակը և սկսեցի սպասել դասարանի գալուն...Դասարանը մեծ խանդավառությամբ չընդունեց խաղը, սակայն հետևեց իմ օրինակին... Ես բացատրեցի, թե ինչ է պետք անել գոլ խփելու համար, ապա գցեցի գնդակը կենտորնում կանգնած երկու տղաների միջև: Փորձում էի այնպես անել, որ բոլորը հետևեն կանոններին: Ամենահաճախ կրկնվող խախտումը գնդակով վազելն էր, սակայն այլ խաղացողին գցելը նույնպես արտասովոր երևույթ չէր»: Ի տարբերություն ժամանակակից բասկետբոլի հիմնական կանոնները գնդակի վարում չէր նախատեսում, խաղացողները գնդակը կարող էին տեղափոխել միայն փոխանցումներով: Բացի այդ յուրաքանչյուր «գոլից» հետո գնդակը կրկին խաղարկվում էր կորտի կենտրոնից: Այս կանոնները այժմ հնացել են և չեն գործածվում ժամանակակից բասկետբոլում:

Արդեն 1892 թվականին բասկետբոլը մեծ ճանաչում է ձեռք բերում ուսումնարանում  և Դենիս Հորքենբաքը (Սփրինգֆիդ քոլեջին «Եռանկյուն» թերթի գլխավոր խմբագիրը) հրապարակում է հոդված «Նոր խաղը» անունով, ինչին հետևում են խաղը «Նեյսմիթի գնդակ» անվանելու առաջարկներ, սակայն Նեյսմիթը հրաժարվում է: 1883 թվական բասկետբոլը միջազգայինորեն ներկայացվքւմ է, որպես YMCA-ի շարժում:

1898 թվականին Նեյսմիթը Սփրինգֆիլդից մեկնում է Դենվեր, որտեղ արժանանում է բժշկական աստիճանի, ապա ընդունվում Կանզասի համալսարան:

ԺառանգությունԽմբագրել

Ջեյմս Նեյսմիթը հայտագործում է բասկետբոլ խաղը և գրում այդ մարզաձևի 13 հիմնական կանոնները: Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում գտնվող բասկետբոլի փառքի սրահը կրում իր անունը: Ջեյմս Նեյսմիթի անունը ներառված է նաև Կանադայում՝ բասկետբոլի փառքի սրահում, Կանադայում Օլիմպիական փառքի սրահում, Օնտարիոյում՝ սպորտի փառքի սրահում, Օտտավայում՝ սպորտի փառքի սրահում, Մակհիլլ համալսարանում՝ սպորտի փառքի սրահում, Կանզաս նահանգում՝ սպորտի փառքի սրահում և ՖԻԲԱ-ի փառքի սրահում: Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիան (NCAA) իր լավագույն խաղացողներին պարգևատրում է «Նեյսմիթի մրցանակներով», իսկ ՖԻԲԱ աշխարհի առաջնության գավաթը Նեյսմիթի պատվին անվանվել է «Ջեյմս Նեյսմիթի գավաթ»: 1936 թվականին Օլիմպիական խաղերում տղամարդկանց բասկետբոլի ներառումից հետո, 1976 թվականին նաև կանանց բասկետբոլի ներառումը մեծ իրադարձություն էր:

Այսօր, բասկետբոլ խաղում է ավելի քան 300 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, ինչը այն դարձնում է ամենահայտնի թիմային սպորտաձևերից մեկը:Հենց բասկետբոլի շնորհիվ են ճանաչում են ձեռք բերել Հյուսիսային Ամերիկայի 20 -րդ դարի շատ հայտնի մարզիկներ:  ESPN-ը և Associated Press-ը անցկացնում են հարցումներ 20-րդ լավագույն հյուսիս-ամերիկյան մարզիկին գտնելու համար: ESPN հարցման արդյունքում առաջին հորիզոնականը, լավագույն հյուսիս-ամերիկյան մարզիկների շարքում, զբաղեցնում է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, իսկ Associated Press հարցման արդյունքում Ջորդանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Բեյբ Ռութից հետո:

1891 թվականին Ջեյմս Նեյսմիթի կողմից գրվում են  բասկետբոլի առաջին, հիմնական կանոնները, որոնք հիմնադիր փաստաթուղթ են համարվում: 2010 թվականի դեկտեմբերին փաստաթուղթը աճուրդի է դրվել Նյու Յորքում՝ Սոթբիսում: 2010 թվականին Կանզասի համալսարանի շրջանավարտ և բասկետբոլի սիրահար՝ Ջոշ Սվեյդը, գնում է ճանապարհորդության համոզելու հարուստ շրջանավարտներին մասնակցե աճուրդին, ապա փաստաթուղթը հաղթելու դեպքում հանձնել Կանզասի համալսարանին: Ի վերջո Սվեյդին հաջողվում է համոզել Կանզասի համալսարանի շրջանավարտ, ներդրումային բանկիր, միլիարդատեր Դեյվիդ Գ. Բութին և նրա կնոջը Սյուզաննա Բութին մասնակցել աճուրդին:

Նրանք հաղթում են և ձեռք բերում փաստաթուղթը ռեկորդային՝ 4,338,500 ԱՄՆ դոլլարի դիմաց, որը սպորտային հուշագրի համար երբևէ վճարված ամենամեծ գինն էր: Դեյվիդը և Սյուզաննան փաստաթուղը հանձնում են Կանզասի համալարանին: Սվեյդի ծրագիրը և դրա վերջնական հաջողության ժամանակագրությունը ներկայացված են ESPN-ի 2012 թվականի «Տան պես, այլ տեղ չկա» վավերագրական կինոնկարում և համապատասխան գրքում: 2016 թվականին բացվում է Debruce Center անունով վայրը, որտեղ այժմ տեղակայված են կանոնները: Կանզասի համալսարանը Debruce Center-ի կառուցման աշխատանքների վրա ծախսել է ավելի քանի 18 միլիոն դոլլար:

Անձնական կյանքԽմբագրել

Ջեյմս Նեյսմիթը երկու շոտլանդացի ներգաղթյալներ՝ Մարգարեթ և Ջոն Նեյսմիթների, երկրորդ երեխան է: Նրա մայրը՝ Մարգարեթ Յանգը, ծնվել է 1833 թվականին, ապա 1852 թվականին ներգաղթել Կանադայի Լանարկ կոմսություն: Հայրը՝ Ջոն Նեյսմիթը, ծնվել է 1833 թվականին և 18 տարեկանում՝ լքելով Եվրոպան նույնպես ներգաղթել Կանադայի Լանարկ կոմսություն:

1894 թվականին հունիսի 20-ին Սփրինգֆիլդում Ջեյմս Նեյսմիթը ամուսնանում է Մոդ Էվիլին Շերմանի հետ: Զույգը ունենում է 5 երեխա ՝ Մարգարեթ Մասոն (1895–1976), Հելեն Քերոլին (1897–1980), Ջոն Էդվին (1900–1986), Մոդ Էն (1904–1972) և Ջեյմս Շերման (1913–1980): 1937 թվականին Մոդ Նեյսմիթը մահանում է, և 1939 թվականի հունիսի 11-ին Նեյսմիթն ամուսնանում է իր երկրորդ կնոջ՝ Ֆլորենս Բ. Քինքեյդի հետ: Նույն տարվա նոյեմբերի 19-ին Նեյսմիթի մոտ սկսում է ուղեղի արյունազեղում և 9 օր հետո նա մահանում է 78 տարեկան հասակում: Նեյսմիթը թաղված է իր առաջին կնոջ կողքին Լոուրենսում: 1977 թվականին 98 տարեկան հասակում մահանում է նաև Ֆլորենս Բ. Քնիքեյդը, ով թաղված է իր առաջին ամուսնու՝ բժիշկ Ֆրենկ Բ. Քինքեյդի կողքին, Կանզասում:

Արտաքին հղումներԽմբագրել

James Naismith