Բուժական մարմնամարզություն

(Վերահղված է Բուժական ֆիզկուլտուրաից)

Բուժական մարմնամարզություն, մարմնամարզական միջոցների կիրառումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով։ Լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, առողջարաններում՝ համալիր բուժման ժամանակ։ Բժշկական վերականգնման առաջատար մեթոդներից է (վերականգնողական բուժում)։ Բուժական մարմնամարզության ճիշտ կիրառումն արագացնում է առողջացումը, նպաստում խանգարված աշխատունակության վերկանգնմանը և հիվանդների աշխատանքի վերադարձին։

Բուժական մարմնամարզության ֆիզիկական վարժություններն են, օրինակ՝ մկանային շարժումները, որոնք հզոր կենսաբանական խթանիչներ են մարդու կենսական ֆունկցիաների համար։ Վարժությունները լինում են մարմնամարզական, մարզակիրառական (քայլք, վազք, լող, քայլք դահուկներով և այլն), շարժական և մարզական խաղերի ձևով։ Բացի այդ, բուժական մարմնամարզությունն ընդգրկում է նաև աշխատանքային բնույթի վարժություններ (աշխատանքային բուժում)։ Բնական բուժիչ գործոնների (արև, օդ և ջուր) կիրառումը բարձրացնում է ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը և կոփում օրգանիզմը։

Կիրառում խմբագրել

Բուժական մարմնամարզությունը կիրառում են առավոտյան հիգիենային մարմնամարզության, չափավորված քայլքի, խաղերի, խիստ չափավորված մարզական վարժությունների (լող, դահուկներով քայլք), թիավարության և այլ ձևերով։

Բուժական մարմնամարզության վարժությունները բաժանվում են 2 խմբի՝ ոսկրամկանային և շնչառական համակարգերի համար։ Առաջիններն իրենց հերթին ստորաբաժանվում են ըստ ազդեցության տեղաբաշխման (կամ անատոմիական սկզբունքով)՝ մանր, միջին և խոշոր մկանախմբերի համար, ըստ հիվանդի ակտիվության աստիճանի՝ պասսիվ և ակտիվ։ Պասսիվ են համարվում ախտահարված ծայրանդամի համար նախատեսված վարժությունները, որոնք հիվանդը կատարում է առողջ ծայրանդամով կամ բուժական մարմնամարզության հրահանգչի օգնությամբ։ Պասսիվ վարժությունների շարքին է դասվում մերսումը։ Հատուկ սարքավորումների վրա, այսպես կոչված, ծանրաբեռնված վարժությունները, կոչվում են մեքենաբուժություն։ Ակտիվ վարժությունները կատարում են իրենք՝ հիվանդները։

Բուժական մարմնամարզությունում կիրառվող՝ արտաքին շնչառության ֆունկցիան բարելավող շնչառական վարժությունները բաժանվում են 2 խմբի՝ անշարժ (ստատիկ), որը կատարվում է առանց ձեռքերի և ուսագոտու մկանների շարժման, և շարժական (դինամիկ), երբ շնչառության փուլերը զուգակցվում են ձեռքերի, ուսագոտու և իրանի շարժումների հետ։ Բուժական մարմնամարզությունում կարևոր տեղ են գրավում ֆիզիկական վարժությունները ջրում (լողավազան, լոգարան, բաց ջրամբար)։

Վարժությունները ջրում հեշտանում են ջրային միջավայրի մեխանիկական և ջերմային ազդեցությամբ, որի հետևանքով շատ շարժումներ, որոնց կատարումը սովորական միջավայրում դժվար է, ջրում կատարում են առանց հատուկ ջանքերի կամ ազատ՝ ջրում սեփական քաշի թեթևացման և ցավերի կամ մկաններում կծկանքային երևույթների մեղմացման հաշվին։

Շտկող մարմնամարզություն խմբագրել

Բուժական մարմնամարզության տարատեսակներից է շտկող մարմնամարզությունը, որը կատարվում է հենաշարժական ապարատի որոշ արատների շտկման և դրանց նախնական ձևերի (կեցվածքի խախտումներ, ողնաշարի ծռումներ, տափակաթաթություն) բուժման նպատակով։ Շտկող մարմնամարզությունը մեծ հաջողությամբ կիրառվում է օրգանիզմի աճման շրջանում, այսինքն՝ մանկական և պատանեկան տարիքում։ Ողնաշարի ձևախախտումների ժամանակ դրա նպատակը ողնաշարը շրջապատող մկանների ամրապնդումն է, այսինքն՝ հուսալի մկանային բնական սեղմիրանի ստեղծումը։ Ողնաշարի ձևախախտումների ժամանակ շտկող վարժությունները նշանակվում են անպայման շնչառական վարժությունների հետ զուգակցված։

Ֆիզիկական վարժություններ խմբագրել

Բուժիչ նպատակով կիրառում են հատուկ ընտրած և մեթոդապես մշակած ֆիզիկական վարժությունները։ Նշանակելով դրանք՝ հաշվի է առնվում հիվանդության առանձնահատկությունները, համակարգերում և օրգաններում կատարված փոփոխությունների բնույթն ու աստիճանը, հիվանդության փուլը և բուժական մարմնամարզությանը զուգահեռ անցկացրած բուժման վերաբերյալ տեղեկությունները, ֆիզիկական պատրաստականությունը և այլն։ Ֆիզիկական վարժությունների բուժական ազդեցության հիմքում ընկած է խիստ չափավորված մարզումը, որը պետք է համարել հիվանդ և թուլացած մարդկանց ամբողջ օրգանիզմի, նրա առանձին համակարգերի և օրգանների խանգարված ֆունկցիաների վերականգնման և կատարելագործման նպատակաուղղված գործընթաց։ Տարբերում են ընդհանուր մարզում, որի նպատակն օրգանիզմի ընդհանուր առողջացումն ու ամրապնդումն է, և հատուկ մարզում՝ ուղղված որոշակի համակարգերում և օրգաններում խանգարումների վերացմանը։ Օրինակ՝ որովայնի մկանունքի ամրապնդման համար կիրառվում են վարժություններ՝ կանգնած, նստած և պառկած վիճակում։ Բնականաբար, այդ դեպքում աշխատանքի մեջ են ընդգրկվում նաև այլ մկանախմբեր, սակայն հիմնական խնդիրը որովայնի մկանների և ամբողջ որովայնի մամլակի ամրապնդումն է։

Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կիրառման դեպքում օրգանիզմն ավելի լավ է հարմարվում աստիճանաբար աճող բեռնվածությանը, շտկվում են հիվանդության ընթացքում առաջացած խանգարումները։ Ֆիզիկական վարժությունների և բուժական մարմնամարզության այլ միջոցների բուժիչ ազդեցության հիմքը համարվում է նյարդային համակարգի վրա ազդեցությունը, որը հենց դրանով էլ կարգավորում է ախտահարված օրգանների և համակարգերի ֆունկցիաները, խթանում առողջացման և վերականգնման մեխանիզմները։ Ֆիզիկական վարժությունների ազդեցության կարևոր մեխանիզմ է նաև հիվանդի վրա ընդհանուր տոնուսավորող ներգործությունը։ Դա նպաստում է խանգարված ֆունկցիաների բնականոնացմանը և կորցրածների վերականգնմանը, ազդում նյարդային համակարգի սնուցողական ֆունկցիաների վրա, ուժեղացնում բուժիչ այլ գործոնների (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, բալնեոլոգիական և այլն) ազդեցությունը։ Առողջացման ընթացքում որոշ բուժիչ մեթոդներ աստիճանաբար սահմանափակվում են կամ բացառվում, իսկ բուժական մարմնամարզության տեսական կշիռն աճում է։ Զբաղվելով ֆիզիկական վարժություններով՝ հիվանդն ինքն է գործուն կերպով մասնակցում բուժական վերականգնողական գործընթացին, որը բարերար է ազդում հոգեհուզական ոլորտի վրա։

Միաժամանակ բուժական մարմնամարզությունը դասվում է ուժեղ ազդող միջոցների շարքը, ուստի հարկավոր է դրանք խիստ չափավորել և կատարել բժշկի հսկողությամբ։ Միայն հիվանդի վիճակը, նրա հիվանդության առանձնահատկություններն իմացող բժիշկը կարող է ճիշտ որոշել ֆիզիկական բեռնվածության մեծությունն ու բնույթը։ Բուժական մարմնամարզությունը բուժման մեթոդ է և կարելի է կիրառել խիստ անհատականորեն՝ բժշկի նշանակմամբ և հսկողությամբ։

Ձևեր խմբագրել

Բուժական մարմնամարզության պարապմունքները կարող են լինել անհատական, փոքր խմբերով (2-3 հիվանդ) և խմբային (8-10 հիվանդ)։ Տնային պայմաններում ինքնուրույն պարապմունքներ նշանակելիս հիվանդին տալիս են ինքնահսկման հատուկ ցուցումներ։ Յուրաքանչյուր պարապմունք կառուցվում է որոշակի պլանով և ընդգրկում է 3 բաժին, ներածական, հիմնական և եզրափակիչ։ Բուժական մարմնամարզության մեջ մեծ նշանակություն է տրվում վարժությունների չափավորմանը, դրա համար որոշում են դրանց տևողությունը, ելման դրությունը, կրկնությունների թիվը, թափը, շարժումների ամպլիտուդը, բեռնվածության ու հանգստի նպատակահարմար հերթափոխությունը, հաշվի են առնում հիվանդի անհատական առանձնահատկությունները, տարիքը։

Խաղային մեթոդ խմբագրել

Խաղային մեթոդը լայնորեն կիրառում են երեխաների հետ պարապելիս։ Խաղերի ընդգրկումը բարձրացնում է հետաքրքրությունը բուժական մարմնամարզության նկատմամբ, սակայն պահանջում է խիստ չափավորված բեռնվածություն։ Սպորտի տարբեր (վոլեյբոլ, թենիս և այլն ձևերը բուժական մարմնամարզության մեջ կիրառում են մեծ սահմանափակումներով, հատկապես առողջարանաառողջավայրային հիմնարկներում։

Բուժական մարմնամարզությունն արդյունավետ է երկարատև, կանոնավոր պարապմունքների դեպքում, երբ աստիճանաբար մեծացնում են բեռնվածությունը բուժման ողջ ընթացքում՝ հաշվի առնելով տարիքը, մասնագիտությունը, հիվանդի շարժողական ակտիվությունը, հիվանդության ընթացքի առանձնահատկությունները։

Ցուցումներ խմբագրել

Բուժական մարմնամարզության ցուցումները շատ լայնածավալ են։ Այն օգտագործվում է վնասվածքների ժամանակ որպես ֆունկցիոնալ բուժման մեթոդ՝ վնասված ծայրանդամի ֆունկցիան խթանելու և վերքի լավացումն արագացնելու նպատակով, ողնաշարի կոտրվածքների, կռկվածության, ոսկրամկանային ապարատի և հոդերի հիվանդությունների ժամանակ։

Գործնական վիրաբուժությունում բուժական մարմնամարզություն նշանակում են վիրահատությունից հետո՝ հետվիրահատական բարդությունների կանխարգելման և վիրահատական վերքի լավացումն արագացնելու նպատակով։ Պարապմունքները նպաստում են տուժած օրգանի և ողջ օրգանիզմի խանգարված ֆունկցիաների արագ վերականգնմանը։ Ներքին հիվանդությունների կլինիկայում այդ մեթոդը լայնորեն օգտագործում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտի իշեմիկ հիվանդության) ժամանակ։

Բուժական մարմնամարզությունը սրտամկանի ինֆարկտի հիվանդանոցային, առողջարանային, ամբուլատոր բուժման բոլոր փուլերում հիվանդի առողջության համալիր վերականգնման համակարգի պարտադիր տարրերից է։ Մշակվել են բուժական մարմնամարզության մեթոդներ արյան ցածր (հիպոտենզիա) և բարձր (հիպերտենզիա) ճնշումների, պսակային քրոնիկական անբավարարության, սրտի արատների և սիրտանոթային համակարգի այլ հիվանդությունների ժամանակ։ Ֆիզիկական վարժությունների օգնությամբ կարելի է նպատակասլաց ձևով ազդել շնչառական համակարգի հիվանդություններից տուժած ֆունկցիայի վրա, ամրապնդել շնչառական մկանունքը։ Դրա հետ կապված՝ բուժական մարմնամարզություն կիրառում են սուր և քրոնիկական թոքաբորբերի, թոքափքանքի, բրոնխային հեղձուկի և շնչառական համակարգի օրգանների այլ հիվանդությունների ժամանակ։ Այն կարևոր նշանակություն ունի նաև նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, պոդագրա, շաքարախտ) ժամանակ։ Բուժական մարմնամարզությունը, որպես վերականգնողական բուժման մեթոդ, կիրառում են լուծանքների, կիսալուծանքների, նևրոզների, կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգի ախտահարմամբ ընթացող վարակիչ հիվանդությունների հետևանքները բուժելիս։

Մանկաբարձությունում ֆիզիկական վարժությունները նշանակում են հղիության և հետծննդյան շրջաններում, դրանք գինեկոլոգիական քրոնիկական, գրեթե բոլոր հիվանդությունների բուժման պարտադիր տարրերն են։

Ձեռք է բերված մարսողական համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ բուժական մարմնամարզության հաջող կիրառման փորձ, հատկապես հիվանդության քրոնիկական փուլում։

Բուժական մարմնամարզությունն առավելապես ցուցված է մանկական տարիքում։ Հիվանդությունն ընկճում և կազմալուծում է շարժողական ակտիվությունը, որը մանկան օրգանիզմի բնականոն ձևավորման և զարգացման պարտադիր պայման է։ Դրա համար բուժական մարմնամարզությունը մանկական բոլոր հիվանդությունների բուժման կարևոր տարրերից է։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 588