Բաշշար իբն Բուրդ (714[1][2], Բասրա, Իրաք - 784[1][2], Բաղդադ), ամբողջական անուն՝ (արաբ․՝ بشار بن برد العُقيلي أبو معاذ‎‎), Բաշշար իբն Բուրդ ալ-Ուկայլի աբու Մուազ, պարսկական ծագումով արաբ մուսուլման բանաստեղծ։ Արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ Աբու Նուվասի և Աբու-լ-Աթահիայի հետ միասին[3]։

Բաշշար իբն Բուրդ
بشار بن برد
Ծնվել է714[1][2]
ԾննդավայրԲասրա,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Վախճանվել է783 / 168 հիջրա
Վախճանի վայրԲաղդադ,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
ԳերեզմանԲաղդադ
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Աբբասյան խալիֆայություն

Նորացման գրականության սկիզբը դրած դասական պոետներից է պարսկական ծագում ունեցող կույր բանաստեղծ Բաշշար իբն Բուրդը։ Ծնվել է Բասրայում, ստեղծագործել վաղ հասակից։ Բաշշարը, ինչպես և ցանակացած քաղաքաբնակ պոետ, փորձում էր ավելի երկար ապրել բեդվինական միջավայրում մաքուր արաբերեն սովորելու համար։ 30 տարեկանում նա հեռանում է Բասրայից և թափառական կյանք է սկսում։ Նա փորձում է հաստատվել Իրաքի քաղաքների տարբեր պալատներում, սակայն ամենուր նրա սուր լեզուն նրա համար հակառակորդներ է ստեղծում։ Նրան մեղադրում էին անբարոյականության, համասեռամոլության և այլ արատների մեջ։ Նրա սիրային լիրիկան համարվեց անպատշաճ և խալիֆ ալ-Մահդին արգելեց նրան հորինել նասիբներ։ 783 թվականին խալիֆի հրամանով նա տանջամահ արվեց։

Միջնադարյան բանասերները Բաշշար իբն Բուրդին նկարագրում են որպես եսասեր, այլասերված շահամոլի, սակայն դա որոշակի քաղաքական խմբի գնահատականն էր։ Նա առաջին պոետներից էր, որ կապված էր միաժամանակ արաբական և պարսկական մշակույթի հետ, ինչը նրան հնարավորություն էր տալիս հասնել բանաստեղծական սինթեզի։ Ձգտելով գովերգել բարձրաստիճան անձանց՝ ձոներում նա պահպանել է հին արաբական պոեզիայի կանոնները։ Բանաստեղծը բողոքում էր ճակատագրի դեմ, որը իրեն ստիպում էր ցածրանալ պարգև ստանալու համար։ Նա ասում էր, որ շնորհակալ է Աստծուց, որ խլել է իր տեսողությունը, որպեսզի չտեսնի նրանց ում ատում է։ Նա չէր վախենում ընդգծել իր՝ պարսկական ազնվական ցեղից լինելը։ Որոշ արաբական ցեղերի ծաղրմանը նա նվիրում էր հիջաներ։

Ձևականորեն մուսուլման մնալով՝ նա վաստակել էր հերետիկոսի համբավ։ Իր բանաստեղծություններում նա իրեն թույլ էր տալիս սրբապղծորեն արտահայտվել հաջի, ռամադան ամսվա պասի մասին։ Նոր քաղաքային և պալատական մշակույթի ազդեցությունը ավելի ցայտուն արտահայտվեց նրա սիրային բանաստեղծություններում։ Դրանք աչքի էին ընկնում նրբությամբ և երաժշտականությամբ, զգացվում էր իրանական պալատական պոեզիայի ազդեցությունը։ Նրանցում մեծ տեղ էր զբաղեցնում սիրային երկխոսությունը, իսկ բանաստեղծությունը կրում էր սիրային նամակի ձև։ Այսպիսով նրա սիրային պոեզիայում միահյուսվում էին անապատային պոեզիայի ավանդական ձևերը, Հիջազի քաղաքային սիրային լիրիկայի տարրերն ու բաղդադյան պոեզիայի կիրթ տարրերը։ Ձոներ գրելիս նա պահպանողական էր, սակայն մյուս ժանրերում ազատորեն դիմում էր նորարարությունների։ Բաշշար իբն Բուրդի թեմատիկան ավելի բազմաբնույթ է, քան նախորդներինը։ Նա չէր վախենում նոր անսպասելի թեմաներից և ձևերից։ Բանաստեղծը խուսափում էր վերամբարձ ոճից և նախապատվությունը տալիս էր հանրությանը հասանելի պարզ լեզվին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Грамовский И. Ю., Избр. соч., т. 2, М.-Л., 1956
  • Фильштинский И.М., История арабской л;итературы
  • Zarrinkoub, Abdolhosein, Two Centuries of Silence, p. 286-287, 1999, ISBN 964-5983-33-6
  • Starkey and Meisami. Encyclopedia of Arabic Literature, Routledge, 1998

Արտաքին հղումներ

խմբագրել