Կոմս Մոնտե-Քրիստո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե Քրիստո (ֆր.՝ Le Comte de Monte-Cristo), Ալեքսանդր Դյումայի արկածային ժանրին դասվող վեպ, ֆրանսիական դասական գրակական ստեղծագործություններից, որը գրվել է 1844-1845 թվականներին։ Իր հերոսի անվանման մասին գրողը մտածել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել էր Մոնտե-Քրիստո կղզին և լսել այնտեղ անթիվ թաքնված գանձերի մասին լեգենդը։ Հեղինակը միայն մի փոքր փոխեց կղզու անվանումը։ Վեպի գործողությունները տեղի են ունեցել 1815-1829 թվականներին և 1838 թվականին։
Բովանդակություն
խմբագրելՀեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և պատրաստվում է ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողությունների համար, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի կար մի ծերունի, որին համարում են խելագար և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանտեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։
Էդմոնը մի նավի միջոցով հասնում է Մոնտե Քրիստո կղզին, գտնում գանձը և դրանից հետո ներկայանում է բոլորին որպես Կոմս Մոնտե-Քրիստո։ Դրանից հետո նա կեղծ մտերմանում է իր թշնամիների՝ Վիլֆորի, Դանգլարի, Ֆեռնանի ընտանիքի հետ։ Իմանալով նրանց առավելությունները և թերությունները, կոմս Մոնտե Քրիստոն, նրանցից վրեժ է լուծում՝ Վիլֆորը կորցնում է ընտանիքը և խելագարվում, Դանգլարը սննկանում է լիովին (չնայած որ կոմսը ներում է նրան), Ֆեռնանին լքում է իր կինը՝ Մերսեդեսը և տղան և նա խայտառակությունից ինքնասպան է լինում։ Կադրուսը նույնպես սպանվում է։ Սակայն Մոնտե Քրիստոն փրկում է նաև 2 հոգու կյանք՝ Մաքսիմիլիան Մորելի և նրա հարսնացուի՝ Վալենտինայի կյանքը։ Վերջիններիս նա կտակում է իր կղզին և հարստությունները։ Վերջում կոմս Մոնտե Քրիստոն հեռանում է անհայտ ուղղությամբ իր ստրկուհու՝ Հայդեի հետ։
Գործող անձինք
խմբագրելՍիրավեպը մեծ թվով կերպարներ է պարունակում, որոնցից գլխավորները ներկայացված են ստորև։
- Էդմոն Դանտես - գլխավոր հերոսը, նավաստի, ով անարդարացիորեն փակվեց բանտում։ Փախուստից հետո դառնում է հարուստ, անվանի և հանդես է գալիս կոմս Մոնտե-Քրիստո անվամբ։ Նաև օգտագործել է աբբա Բուզոնի, լորդ Ուիլմոր, մալթացի Ձակոնե, Սինդբադ Ծովագնաց անունները։
- Աբբա Ֆարիա - Էդմոն Դանտեսի ընկերը բանտում, գիտուն վանահայր, ով բացեց Մոնտե-Քրիստո կղզում գտնվող գանձերի գաղտնիքը։
- Ֆեռնան Մոնդեգո - Մերսեդեսի հորեղբորորդին, ձկնորս, ով ցանկանում էր ամուսնանալ Մերսեդեսի հետ։ Ավելի ուշ դառնում է գեներալ-լեյտենանտ, կոմս դը Մորսեր և Ֆրանսիայի պեր։
- Մերսեդես Էրերա - Էդմոն Դանտեսի հարսնացուն, ով ավելի ուշ դարձավ Ֆեռնանի կինը։
- Ալբեր դը Մորսեր - Մերսեդեսի և Ֆեռնանի տղան։
- Դանգլար - հաշվապահ «Փարավոնում», Դանտեսին մատնելու գաղափարի ստեղծողը, ավելի ուշ դառնում է բարոն և ունևոր բանկիր։
- Էրմինա Դանգլար -Դանգլարի կինը, անցյալում մարքիզ դը Նարգոնի այրին և թագավորական դատախազ դը Վիլֆորի սիրուհին, ով գրավում էր բորսայական խաղով։ Բենեդետտոյի կենսաբանական մայրը։
- Էժենի Դանգլար - Դանգլար ամուսինների աղջիկը՝ ով երազում էր դառնալ անկախ արտիստուհի։
- Ժերար դը Վիլֆոր - Մարսելի դատախազի օգնականը, ով հետո դարձավ Փարիզի թագավորական դատախազ։ Բենդետտոյի կենսաբանական հայրը։
- Ռենե դը Սեն-Մերան - Վիլֆորի առաջին կինը, Վալենտինայի մայրը, մարքիզ և մարքիզուհի դե Սեն-Մերանների աղջիկը։
- Էլոիզա դը Վիլֆոր - թագավորական դատախազի երկրորդ կինը, ով պատրաստ էր ամեն ինչի իր տղա Էդուարի համար։
- Նուարտիե դը Վիլֆոր - թագավորական դատախազի հայրը, նախկին յակոբինյան և Նապոլեոնի սենատոր, բոնապարտիստական ակումբի նախագահը, հետագայում կաթվածահարվել։ «Չնայած դրան, նա մտածում է, ցանկանում է, գործում է»։
- Վալենտինա դը Վիլֆոր - Վիլֆորի մեծ աղջիկը՝ առաջին ամուսնությունից, հարուստ ժառանգուհի, իր պապիկի փաստացի հիվանդապահը, ով սիրահարվել էր Մաքսիմիլիան Մորելին։
- Էդուար դը Վիլֆոր - թագավորական դատախազի փոքրահասակ տղան՝ երկրորդ ամուսնությունից, երես առած և դաժան երեխա։
- Գասպար Կադրուս - Դանտեսի հարևանը, սկզբում դերձակ, իսկ հետո պանդոկապետ։ Որոշ ժամանակ եղել է մաքսանենգ, հետագայում դարձավ սպանության մասնակից, փախստական տաժանավայրից։
- Ջովանի Բերտուչո - կոմս Մոնտե-Քրիստոյի գործերի ղեկավարողը, ով հեռացվեց կորսիկական մաքսանենգների գործերից, Բենդետտոյի խորթ հայրը։
- Բենեդետտո - փախստական տաժանավայրից, թագավորական դատախազի և բարունուհի Դանգլարի ապօրինի տղան։ Հայտնի էր փարիզյան հասարակությունում որպես վիկոնտ Անդրեա Կավալկանտի։
- Պիեռ Մորել - մարսելյան վաճառական, «Փարավոն» նավի սեփականատերը, բարերար անձ Դանտեսի համար։
- Մաքսիմիլիան Մորել - Պիեռ Մորելի որդին, սպահի կապիտանը, կոմս Մոնտե-Քրիստոյի հովանավորյալը։
- Ժյուլի Մորել (Էրբո՛) - Պիեռ Մորելի դուստրը։
- Էմանուել Էրբո՛ - Ժյուլիի ամուսինը։
- Պենելոն - «Փարավոնի» ավագ ենթասպան, օգնում է Դանտեսին, երբ վերջինս փրկում է Պիեռ Մորելին սնանկանալուց և խայտառակությունից։ Ծովում ծառայելուց հետո դառնում է Ժյուլիի և Էմանուել Էրբոյի այգեպանը։
- Կոկլես - Պիեռ Մորելի գանձապահը, ով հավատարիմ մնաց մինչև վերջ։ Հետո դարձավ Ժյուլիի և Էմանուել Էրբոյի դռնապանը։
- Բժիշկ դ’Ավրինի - Վիլֆորների ընտանեկան բժիշկը, առաջինն էր, որ կասկածեց այդ ընտանիքի սարսափելի գաղտնիքի մասին։
- Ֆրանց դ’Էպինե - Վալենտինա դը Վիլֆորի փեսացուն, Ալբեր դը Մորսերի ընկերը, Նուարտե դը Վիլֆորի հետ դուելի ժամանակ սպանված գեներալ դը Կենելի (բարոն դ’Էպինեի) որդին։
- Լյուսեն Դեբրե - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության քարտուղարը, բարոնուհի Դանգլարի այժմյան սիրականը և խաղընկերը բորսայական խաղում։
- Բոշան - «Անաչառ ձայն» թերթի խմբագիրը, Ալբեր դը Մորսերի ընկերը։
- Ռաուլ դը Շատո-Ռենո - ֆրանսիացի արիստոկրատ, բարոն, վիկոնտ դը Մորսերի ընկերը (ինչպես և նախկին 3-ը)։
- Հայդե - կոմսի ստրկուհին, Ֆեռնանի կողմից դավաճանված յանինացի Ալի Թեբելին փաշայի դուստրը։
- Լուիջի Վամպա - երիտասարդ հովիվ, ով դարձավ Հռոմի մերձակայքի ավազակախմբի պարագլուխը։ Կոմս Մոնտե-Քրիստոյին պարտք է կյանքի և ազատության համար, փոխարենը երդվել է երբեք ոչ մի կոմսի և իր ընկերներին ձեռք չտալ։
- Պեպինո - ավազակ Լուիջի Վամպայի հրոսակախմբից, ում գլխատման մեքենայից (գիլյոտին) փրկել է կոմս Մոնտե-Քրիստոն։ Հետագայում Դանգլարին առևանգողը, երբ վերջինս փախչում էր Իտալիա։
- Ջակոպո - կորսիկացի նավաստի, «Երիտասարդ Ամելիայի» մաքսանենգներից, ով փրկեց Դանտեսին, երբ վերջինս սուզվում էր Իֆ ամրոց-բանտից փախչելուց հետո։ Հետագայում՝ կոմսի զբոսանավի կապիտան։
- Բատիստե՛ն - կոմս Մոնտե-Քրիստոյի անձնական սպասավորը։
- Ալի - ստրուկ, կոմս Մոնտե-Քրիստոյի ծառան, համր նուբիացի (կտրված լեզվով)։
- Կարկոնտա - Կադրուսի կինը
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոմս Մոնտե-Քրիստոն գրապահարանում Արխիվացված 2020-07-26 Wayback Machine
- Le Comte de Monte-Cristo - վեպի բնօրինակը (ֆր.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս Մոնտե-Քրիստո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս Մոնտե-Քրիստո» հոդվածին։ |