Բաբերդ, (նաև՝ Բաբերձ, Բաբերտ, Բայբերդ, Բայբերդոն, Բայբերտոն, Բայբուրդ, Բայբուրդի, Բայբուրթ, Բայբուրտ, Բայտբերդ, Պայպերթ, Պայպութ, Պայպուրթ, Պայպուրտ), քաղաք (գյուղ, ավան, բերդ, բերդաքաղաք գյուղաքաղաք) Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառում (երբեմն հիշատակվում Է Խաղտիքում), որն այժմ քաղաք է Թուրքիայի հյուսիս-արևելքում։

Քաղաք
Բաբերդ
Bayburt
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԲայբուրթի մարզ
ԳավառակԲաբերդի գավառակ
ԲԾՄ1555 մետր
Բնակչություն32 782 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 458
Փոստային ինդեքս69000
Ավտոմոբիլային կոդ69
Պաշտոնական կայքbayburt.bel.tr(թուրքերեն)
Բաբերդ (Թուրքիա)##
Բաբերդ (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում էր Ճորոխի ձախ ափին, Կարինից 121 կմ հյուսիս-արևմուտք։ Երեք կողմից շրջապատված է ցածրադիր լեռներով, իսկ գարավային մասի հարթավայրով կապված էր Կարինի հետ։ Ունի գեղեցիկ համայնապատկեր։ Ճորոխ գետը քաղաքը բաժանում է երկու մասի, որոնք իրար հետ կապված են 5 քարաշեն կամուրջներով։

Պատմություն խմբագրել

Դեռևս մ․ թ․ ա․ III դարում եղել է նշանավոր բերդաքաղաք (ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ)։ Առաջին անգամ Բաբերդն հիշատակել է Մովսես Խորենացին։ Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների օրոք պատկանել է Բագրատունիներին։

Հայաստանի 387 թ.-ի բաժանման ժամանակ Բաբերդն անցել է Բյուզանդիային։ VI դարում Հուստինիանոս I կայսրը ամրացրել է քաղաքը, կառուցել նոր բերդ։ 1071 թ.-ին սելջուկները գրավել են Բաբերդը, կոտորել բնակիչներին։ XIII—XIV դարերում Բաբերդը գտնվել է Ռումի սուլթանության, XIV—XV դդ․՝ Ջելայիրյան և Ակ-Կոյունլու ցեղերի տիրապետության տակ։

1271 թ.-ին, Չինաստան ուղևորվելիս Բաբերդnվ անցել է Մարկո Պոլոն (նա հիշատակում է քաղաքի հս-արմ․ կողմի արծաթահանքերը)։ 1474 թ.-ին Բաբերդով անցել է իտալացի մեկ այլ ճանապարհորդ՝ Հ․ Բարբարոն, որը, գովասանքով խոսելով քաղաքի մասին, նշել է, որ բնակչության թիվը կազմել է 1500 ընտանիք։

1514 թ.-ից Բաբերդին տիրել են թուրքերը։ 1829 թ.-ին ռուս, զորքերը գրավել են այն, սակայն Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով վերադարձրել են թուրքերին։ Ռուսներին օգնություն ցույց տված մոտ 1000 հայ ընտանիք, թուրքերի վրեժխնդրությունից խուսափելով, 1829—1830 թթ.-ին գաղթել և բնակություն են հաստատել Հայկական մարզում ու Ախալցխայի գավառում։

1916 թ.-ի հուլիսի 3-ին ռուս, զորքերը նորից են գրավել Բաբերդը, բայց 1918 թ.-ին այն վերագրավել են թուրքերը։

Մինչև 1915 թ.-ը Բաբերդի գավառում կար 30 հայաբնակ գյուղ։ Բաբերդի և գավառի հայ բնակչությունը 1895 թ.-ի համիդյան ջարդերի ժամանակ բավականին զոհեր է տվել, իսկ 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ լրիվ տեղահանվել։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Այժմ թուրքաբնակ է։

Բնակչություն խմբագրել

1915 թ.-ին Բաբերդն ուներ 30 000 բնակիչ, այդ թվում՝ 10 000 հայ։

Տնտեսություն խմբագրել

1915 թ.-ին քաղաքում գործում էր 481 խանութ ու կրպակ, 40 իջևանատուն, 177 ջրաղաց, 3 ձիթհան, 19 փուռ, 1 կաշեգործարան, օճառի, ներկի, մոմի գործարաններ։ Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով (ոսկերչություն, պղնձագործություն, ժամագործություն, կոշկակարություն, ատաղձագործություն և այլն)։

Իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ Բաբերդն երկար ժամանակ եղել է Տրապիզոնից Կարին, ապա Պարսկաստան տանող առևտրական ճանապարհի կարևոր կայաններից մեկը։ Բաբերդն առևտրական գործուն կապերի մեջ էր Ջենովայի և Վենետիկի հետ։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Եղել է եպիսկոպոսանիստ, ուներ չորս եկեղեցի (Ս․ Աստվածածին, Հրեշտակապետաց, Ս․ Հովհաննես և Աստվածամայր)։ Բաբերդում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։

Պատմական հուշարձաններից նշանավոր է Բաբերդի հինավուրց բերդը, որը կառուցվել է քաղաքի հս․ մասում՝ երեք կողմից շրջապատված դժվարամատչելի լեռներով։ Բերդն ունեցել է կրկնակի պարիսպներ, որոնց մեծ մասը, նաև բերդի ներսի շենքերը և եկեղեցին (հունական արձանագրություններով) կործանվել է 1829 թ.-ին, ռուսթուրքական պատերազմի ժամանակ։ Կիսավեր վիճակում պահպանվել է դեպի Ճորոխն իջնող սանդղաձև քարափոր երկու ճանապարհ, որոնք ծառայել են պաշարման ժամանակ ջուր բերելու համար[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 194, Բաբերդ

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968
  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971
  • Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 1, ԿՊ, 1884
  • Արսլանյան Բ․, Բաբերդ և շրջակայքը, Փարիզ, 1954
  • Гюзальян Л․ Т․, Неизданные надписи Байбуртской цитадели, «Византийский временник», т․ 8, М․, 1956
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 194