Արմին Վեգներ
Արմին Թեոֆիլ Վեգներ (գերմ.՝ Armin Theophil Wegner, հոկտեմբերի 16, 1886[1][2][3][…], Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - մայիսի 17, 1978[1][2][3], Հռոմ, Իտալիա[4]), գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։
Արմին Վեգներ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | մայիսի 17, 1978[1][2][3] (91 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գրող, Դիմադրության մարտիկ, բժիշկ և հեղինակ |
Ամուսին | Lola Landau? և Irene Kowaliska? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Michele Wegner? |
Armin T. Wegner Վիքիպահեստում |
1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։
Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն։ Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919 թվականին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը։
1919 թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների։ «1915 թ. գարնանը,— գրել է նա,— երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը...», «Չկար մեկը, որ խանգարեր ... խելագարված հանցագործների գործողությունները» (Wegner А. Т., «Am Kreuzweg der Welten», էջ 224)։
1921 թվականին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...», 1921)։
1922 թվականին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում, ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, Վեգները դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը։
1933 թվականին, ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեական ջարդերը, բանտարկվել է, նետվել համակենտրոնացման ճամբար։ 1934 թվականին փախել է Գերմանիայից և երկարատև չարչարանքներից հետո հաստատվել Հռոմում (Պերսի Էքշտայն անվան տակ)։ Վեգները մեկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել և այրվել են ֆաշիստական Գերմանիայում։
Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որևէ ազգի հալածանքի մերժումը։ Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռևս դպրոցական տարիներին։ 1910 թվականին տպագրվել է «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն։
Վեգները «Երկու քաղաքների միջև» (1909), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912), «Քաղաքների դիմապատկերը» (1917), «Հազար նպատակներով փողոցը» (1924) բանաստեղծությունների ժողովածուներում գերմանական գրականության մեջ ներմուծել է մեծ քաղաքի թեման։ Այդ թեման շոշափված է նաև նրա լավագույն վեպերում՝ «Խոստովանություն» (1922), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929)։ Վեգներին հետաքրքրել է արևելյան թեման։ Գերմանական գրականության մեջ նա առաջինն է ներկայացրել Արևելքն առանց վարդագույն երանգավորման՝ «Երանության տանը» (1920), «Պատանի Հուսեյնը» (1921) և այլ պատմվածքներ։ Վեգների ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում» (1930), «Պատվի առնել» (1930, տպավորություններ Սովետական Ռուսաստանից և Հայաստանից), «Մեքենաները տափաստանում» (1932), «Որս հազարամյա երկրում» (1932)։
1927 թվականին խորհրդային կառավարության հրավերով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխության X տարեդարձի հանդիսություններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք-Օհանջանյան, Հակոբ Զորյան և ուրիշներ), որոնց հետ ծանոթացել ու մտերմացել էր Բեռլինում, 1918-1920 թթ.), Երևանի համալսարանում դասախոսություններ կարդացել գերմանական նոր պոեզիայի և Հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին։ Միաժամանակ նյութեր է հավաքել հայերի մասին եռերգություն գրելու համար։ Գործը մնացել է անավարտ։ Տպագրվել է միայն մի հատված՝ «Պատանի Ադամը» վերնագրով։ Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968 թվականին։
Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով։ 1972 թվականին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Սովետական Հայաստանի մասին։
Երկեր
խմբագրել- Am Kreuzweg der Welten, В., 1982.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11862993X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Righteous Among the Nations Database
Արտաքին հղումներ
խմբագրել- ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ԼԵՄԿԻՆԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
- Արմին Վեգներ․ մարդ, ով լուսանկարեց Ցեղասպանությունը
- Արմին Վեգները armenianhouse.com կայքում
- Արմին Վեգներ, Yad Vashem (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմին Վեգներ» հոդվածին։ |