«Արմենիա» ջերմանավը (ռուս.՝ теплоход «Армения»), Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործված խորհրդային մարդա-բեռնատար ջերմանավ էր, որը 1941 թ. նոյեմբերի 7-ին խորտակվել է գերմանական օդուժի ռմբակոծությունից՝ Ղրիմից վիրավորներ և քաղաքացիականներ տարհանելիս։ Խորտակման պահին նավի վրա կար 5000-10.000 մարդ[1], այդպիսով՝ դա, հավանաբար, մարդկության պատմության ամենախոշոր նավաբեկությունն է և ամենամեծ ծովային աղետներից մեկը։

Արմենիա
«Արմենիա» նավը
Պատկանելիություն ԽՍՀՄ
ԱրտադրողԲալթյան նավագործարան, Լենինգրադ
Վախճանը1941 թ. նոյեմբերի 7-ին` ավիահարվածից
Նավի դասը«Աջարիա»
Նավի տեսակըջերմանավ
Նավի տարողունակությունը4.727
Նավի երկարությունը112 մ
Նավի բիմսը15,5 մ
Նավի սուզանիստ5,5 մ
Նավի արագությունը13 հանգույց

Նավի ընդհանուր նկարագիրը խմբագրել

  • Բեռնատարողությունը 4.727 տ
  • Ուղևորատարողությունը 950 մարդ
  • Երկարությունը 107,7 մ
  • Լայնությունը 15,5 մ
  • Տախտակամածի բարձրությունը 7,84 մ[2]
  • Անձնակազմը՝ 96 հոգի

Շահագործումը խմբագրել

«Արմենիա»-ն՝ Սև ծովի համար նախատեսված խորհրդային «Աջարիա» դասի ջերմանավերից մեկն էր, որն արտադրվել էր 1928 թ. Լենինգրադի Բալթյան նավաշինարանում։ Այդ դասի ջերմանավերն առաջին մարդատար նավերն էին, որ արտադրվել էին ԽՍՀՄ-ում[3]։ Այն նախատեսված էր 550 ուղևորներ և 1000 տ ուղևորաբեռ տեղափոխելու համար, սակայն կարճատև ուղևորությունների ժամանակ տախտակամածի վրա կարող էր տեղափոխել ևս մոտավորապես 400-500 ուղևոր[3]։ Դրա սուզանիստը, որ 5,5 մետր էր, թույլ էր տալիս հանգիստ մուտք գործել Ղրիմի թերակղզու ծանծաղաջուր նավահանգիստները։ 1930-ականներին «Արմենիա»-ն և դրա քույր «Աջարիա», «Աբխազիա» և «Ուկրաինա» նավերն իրականացնում էին բեռնա- և ուղևորափոխադրություններ Օդեսայի, Մարիուպոլի, Սևաստոպոլի, Յալթայի և Բաթումի միջև։

1941 թվականին սկսվեց գերմանական հարձակումը ԽՍՀՄ վրա, և «Արմենիա»-ն սկսեցին օգտագործել նաև որպես հիվանդանավ։ 1941 թվականի հոկտեմբերին Էրիխ ֆոն Մանշթայնի գլխավորած գերմանական 11-րդ բանակը պաշարել էր Սևաստոպոլը և քաղաքից դուրս գալու միակ տարբերակը մնում էր ծովը։ Նոյեմբերի սկզբին «Արմենիա»-ն, վրան կարմիր խաչեր պատկերված, ուղարկվում է Սևաստոպոլ, այդտեղից բժիշկներ, վիրավորներ և քաղաքացիականներ դուրս բերելու նպատակով[4]։

Կործանում խմբագրել

 
«Արմենիա»-յի կործանման մոտավոր վայրը

1941 թ. նոյեմբերի 6-ի երեկոյան «Արմենիա»-ն՝ նավապետ Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ դուրս եկավ Սևաստոպոլի նավահանգստից և հազարավոր տեղահանվողների հետ ուղի բռնեց դեպի Տուապսե։ Սակայն կեսգիշերին մոտ նավի հրամանատարին հրահանգում են ուղղությունը փոխել դեպի Յալթա և այնտեղից էլ տարհանում կատարել։ Արդեն իսկ գերբեռնված նավը ստիպված էր ընդունել ևս մի քանի հարյուր հոգի։ Հակառակորդի կողմից չնկատվելու համար Պլաուշևսկին փորձ արեց մթով նավը հանել նավահանգստից, սակայն նրան հրամայվեց սպասել մինչև առավոտ, որպեսզի նրան ուղեկցեն երկու մարտանավ և երկու կործանիչներ[4]։

Նոյեմբերի 7-ի առավատյան ժամը 8։00 «Արմենիա»-ն դուրս եկավ նավահանգստից։ Ժամը 11։25 գերմանական Հայնքել He 111 ռմբակոծիչը երկու տորպեդո նետեց «Արմենիա»-յի վրա, որոնցից մեկը խոցեց դրա քթամասը, ինչից 4 րոպե անց նավը սուզվեց։ Փրկվեց ընդամենը ութ հոգի։ Կործանման պահին նավի վրա եղած մարդկանց քանակն անստույգ է. խորհրդային տարիներին նշվում էր 5.000 մարդ, սակայն 21-րդ դարում ուսումնասիրողները դրանց թիվը հասցնում են մինչև 10.000-ի։ Նավի վրա տեղահանվողների տեղափոխումը կատարվել է շատ անկազմակերպ ձևով և առանց նավի բեռնատարողությունը հաշվի առնելու, տեղահանվողների քանակի հաշվառում չի իրականացվել[1]։

Թեև «Արմենիա»-ն ուներ հիվանդանավի տարբերանշաններ, սակայն այն խախտել էր այդ կարգավիճակը, քանի որ իր տախտակամածին ուներ 2 զենիթային թնդանոթ։ Բացի վիրավորներից և քաղաքացիականներից այն տեղափոխում էր նաև զինվորականներ և անվտանգության մարմինների ներկայացուցիչներ։ Նավին ուղեկցում էին երկու մարտանավեր և երկու Ի-153 կործանիչներ։ Այդպիսով՝ պատերազմի կանոններով «Արմենիա»-ն թույլատրելի թիրախ էր համարվում[5]։

Հիշատակ և որոնողական աշխատանքներ խմբագրել

 
Նավաբեկության զոհերի հիշատակի մատուռ Յալթայում

2000 թ. Ուկրաինայի Ծովային ժառանգության բաժինը սկսեց «Արմենիա»-յի մնացորդների որոնումը, սակայն անարդյունք։

2006 թ. ուկրաինական կողմի խնդրանքով ԱՄՆՕվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությունը որոնողական աշխատանքներ սկսեց նավի ենթադրվող կործանման վայրում, որոնց արդյունքում գտնվեցին բազմաթիվ նավերի մնացորդներ[6]։

2008 թ. «Արմենիա»-յի որոնումներով զբաղվող ամերիկյան Pathfinder նավին ռուսական կողմը մեղադրեց լրտեսության համար[7]։

2014 թ. ավստրալիական GeoResonance ընկերությունը հայտարարեց, թե 2005 թ. գտել է «Արմենիա»-ի մնացորդները[8], սակայն պնդել, թե դրանք հենց «Արմենիա»-ի մնացորդներն են՝ անհնարին է։

«Արմենիա»-ի «Աջարիա» դասի երեք քույր նավերը ևս խորտակվել են պատերազմի ընթացքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Катастрофа, равная гибели пяти «Титаников»» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  2. «Армения :: Морской флот СССР - The Soviet Fleet». www.sea.infoflot.ru. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Soviet Merchant Marine Losses in WW2 (Black Sea) - SN Guides». www.shipsnostalgia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  4. 4,0 4,1 admin (2011 թ․ նոյեմբերի 7). «Hospital ship torpedoed by the Nazis – the Sinking of the Armenia». History in an Hour. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  5. «NovaYA - Онлайн журнал для женщин». novaya.com.ua (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  6. «NOAA Ocean Explorer: Aegean and Black Sea 2006». oceanexplorer.noaa.gov. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  7. Sputnik. «Schiff der US-Kriegsflotte in Bucht von Sewastopol - Spionageaktivitäten vermutet». de.sputniknews.com (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
  8. «GeoResonance Geophysical Surveys». georesonance.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.