Արծափի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 647 թվականին Արծափում։ Նույն թվականին Հայաստան ներխուժած Օսման և Օկբա զորապետերի բանակը ասպատակում է հայոց Միջնաշխարհը, ապա անցնում Վասպուրականի Հարք գավառ, որտեղ անհաջող կերպով պաշարում է նախ Հերևան, ապա Որդսպու բերդերը։ Հաջորդը պաշարման է ենթարկվում Արծափի բերդը, որտեղ հակառակորդին նորից անհաջողություններ էր սպասվում[1]։

Արծափի ճակատամարտ
Թվական647 թվականի օգոստոսի 12
Մասն էՀայ-արաբական պատերազմներ
ՎայրԱրծափ
ԱրդյունքՀայոց զորքի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական ՀայաստանԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Մարզպանական ՀայաստանԹեոդորոս ՌշտունիՕսման և Օկբա զորապետեր
Կողմերի ուժեր
6003000
Ռազմական կորուստներ
անհայտ3000

Նախապատմություն խմբագրել

622 թվականին՝ Մուհամեդի օրոք, տեղի է ունենում արաբական ցեղերի միավորումը, որից հետո պատմության թատերաբեմ է իջնում բավականին հզոր Արաբական խալիֆայությունը։

640 թվականին արաբական զորքերի հրամատար Իյադ իբն Ղանմը ներխուժեց Հայաստան։ Իյադը իրեն ենթարկեց Աղձնիքը, Կորճայք նահանգի Կորդուք, Տմորիք և Վասպուրականի Անձևացիք գավառները։ Թեոդորոս Ռշտունին, իմանալով արաբների ներխուժման մասին, փորձում է փակել Ձորա պահակի լեռնանցքը, սակայն արաբներ կարողանում են անցնել հյուսիս և ներխուժել Տարոն, որտեղ նրան համառ դիմադրություն է ցույց տալիս Տիրան Մամիկոնյանը՝ իր 8000-անոց զորքի հետ միասին, սակայն արաբները, ունենալով թվային գերակշռություն, կարողանում են հաղթանակ տոնել։ Ի վերջո արաբները գրավում են նաև Դվինը, կողոպտում այն, ապա գերեվարում բազմաթիվ հայերի։

Այս ժամանակ Ներսես Գ Տայեցին դիմում է Բյուզանդիայի կայսրին և նրանից խնդրում ճանաչել Թեոդորոս Ռշտունու իշխանությունը։ Կայսրը իր դիրքերը ամրապնդելու համար կատարում է նրա խնդրանքը և բյուզանդական զորք ուղարկում Հայաստան, որի հրամանատարն էր Պրոկոպիոսը։ Թեոդորոս Ռշտունին ձեռնամուխ է լինում հայոց բերդերի ամրացմամնը, քանի որ կարծում էր, որ միայն երկարատև պաշտպանությամբ և հանկարծակի գրոհներով հնարավոր կլինի ջլատել արաբների ուժերը։

643 թվականին արաբները գրավում են հայոց մարզպանության կազմի մեջ մտնող մարերի աշխարհը և զորքով շարժվում դեպի Արաքսի հովիտ։ Նրանք ասպատակում են Գողթանը և Նախիջևանը, ինչից հետո արաբական զորքը բաժանվում է երկու մասի, որոնցից մեկը ռազմավարի հետ վերադառնում է Ատրպատական, իսկ մյուս մասը շարժվում է դեպի Արտազ գավառ։

  Իսմայելցիներն (արաբները) այնուհետև իրենց բանակից առանձնացնելով խոշոր մի զորամաս, հարձակվեցին Հայոց աշխարհի վրա Պարսկաստանի կողմից։ Նրանք ասպատակեցին Մարաց ավանները, Գողթան գավառը և Նախիջևան դաստակերտը։ Տղամարդկանցից շատերին կոտորեցին, իսկ մյուսներին` կանանց և երեխաներին անցկացրեցին Երասխ գետը Ջուղայի գետանցով և գերի տարան։ Ապա զորքը երկուսի բաժանեցին, մի մասը գերիներին տարավ իրենց երկիրը, իսկ բաժանված մի գունդը ասպատակեց Արտազ գավառը և (հարձակվեց) հունական զորքի վրա, որի զորավարի անունն էր Պրոկոպիոս։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլ. Բ
 

Թեոդորոս Ռշտունին փորձում է արաբներին հակահարված հասցնել Կոգովիտ գավառում, սակայն Բյուզանդիայի զորավար Պրոկոպիոսը ծաղրում է նրա նախագիծը, որից հետո նա հրաժարվում է այդ մտքից։

  Իսկ դա (Պրոկոպիոսը) զորքի բազմության ապավինելով և ոչ` Աստծուն, որը հաջողություն է տալիս պատերազմներում, հայոց իշխանի խոսքերին կարևորություն չտվեց, և սա դառնացած Հայոց աշխարհի կորստյան և զորավարի անտարբերության համար չկարողացավ համբերել, այլ մտնելով` երկրորդում և երրորդում էր իր խոսքը։ Զորավարը, բարկանալով իշխանի վրա, իր ձեռքում եղած գավազանը նետեց նրա ետևիցե։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլ. Բ
 

Հեռանալով բյուզանդական ռազմաճամբարից՝ Թեոդորոսը անմիջապես սկսում է քայլեր ձեռնարկել։ Նա հայոց զորքին հրամայում է դարան մտնել Եղբարք Սարակի մոտ, որտեղ տեղի է ունենում ճակատամարտ։ Հայերը կարողանում են հակառակորդին մեծ վնասներ հասցնել։

647 թվականին արաբական ներխուժումները կրկնվում են։ Արաբական մի զորաջոկատ Ատրպատականից ներխուժում են Հայաստան և շարժվում դեպի Այրարատ, ապա Տայք, որեղից էլ շարժվում է դեպի Վիրք և Աղվանք։ Վերադարձին արաբները հարձակվում են Նախիջևանի վրա, սակայն չեն կարողանում գրավել այն։ Դրանից հետո հարձակման է ենթարկվում Խրամի բերդը, որտեղից գերեվարվում են մանուկներ և կանայք։

Արաբական մյուս զորաբանակը ասպատակում է Վասպուրականը և գալիս Տուրուբերան նահանգի Հարք գավառ[1]։

  Այն զորամասը, որը նախատեսված էր Վասպուրականի կողմերի համար, ցրվեց ողջ երկրամասում, սրի մատնեց ամենքին, կողոպտեց, հավաքեց ավարը և գերիները։ Այնուհետ նրանք եկան և հավաքվեցին Հերևանում։ Գրոհեցին բերդի վրա, բայց չկարողացան վերցնել։ Այստեղից շարժվեցին Որդոսպ։ Այնտեղ ևս ոչինչ չկարողացան անել։
- Սեբեոս եպիսկոպոսի պատմություն, Գլուխ ԽԲ
 

Արծափի գրավում խմբագրել

Հարք ներխուժելուց հետո արաբները պաշարում են Հերևանը։ Չկարողանալով գրավել այն՝ արաբների հաջորդ թիրախ է դառնում Որդսպուն[Ն 1], որտեղ նրանք նույպես անհաջողություններ են կրում։

Հաջորդ անգամ արաբական զորքի թիրախ է դառնում Արծափի բերդը, որը գտնվում է Դարույնքի (Դարոյնք) մոտ։ Չունենալով բավարար ուժեր՝ արծափցիները օգնություն են խնդրում Սմբատ Բագրատունուց, որը նույնպես չուներ բավարար ուժեր, սակայն Արփածի պաշտպանությանն է հատկացնում 40 հոգի։ Նրանց օգնության էր շտապում նաև Թեոդորոս Ռշտունին։

Սակայն արաբները, հետևելով հայերին, կարողանում են իմանալ գաղտնի մուտքի տեղը և գրավել բերդը։

  Արաբները գնացին Արծափ և ճամբար դրին բերդի հանդեպ, գետի մոտ։ Սկսեցին կռվել բերդի հետ և բազում վնասակար ոճիրներ գործեցին այնտեղ։ Բերդը ելք ուներ թիկունքից, որը դուրս էր գալիս դեպի Ասորենի կողմը, որին Կախանկտուց են անվանում։ Մի քանի հոգի բերդի այդ ելքից ներքև իջան` նպատակ ունենալով օգնություն խնդրել Դարոյնքից։ Սմբատ Բագրատունին` Վարազ Սահակի որդին, տվեց 40 հոգի։ Այդ նույն գիշերը նրանք բարձրացան բերդը և անզգույշ գտնվեցին. իսմայելացիներն իմացան անցքի տեղը, գնալով նրանց հետքերով, բարձրացան բերդ և բռնեցին բերդի անցքը մինչև առավոտ։
- Սեբեոս եպիսկոպոսի պատմություն, Գլուխ ԽԲ
 

Բերդի պաշտպաններից շատերը զոհվում են, իսկ արաբները գերվարում են կանանց և երեխաներին, որոնց պատրաստվում էին մահապատժի ենթարկել[1]։

Ճակատամարտ խմբագրել

Թեոդորոս Ռշտունին թույլ չի տալիս, որ այդ սպանդը տեղի ունենա։ Նա իր 600 հոգանոց զորաջոկատով մտնում է Արծափ և անակնկալի բերելով հակառակորդին՝ հետ գրավում այն, ինչով Արծափի բնակչությունը փրկվում է կոտորածից։

  Եվ պատահեց այնպես, որ վաղ առավոտյան եկավ և նրանց վրա գրոհեց Հայոց զորավար Թեոդորոս Ռշտունին և անթիվ կոտորած արեց։ Սպանեց երեք հազար սպառազենների, որոնք իսմայելացոց զորքի ամենից ընտիր մարտիկներն էին... Քչերին հաջողվեց ճողոպրել հետիոտն ու ամրանալ եղեգնուտներում։ Տերը փրկեց այդ օրը բազմաթիվ գերիների իսմայելացիների ձեռքից և խորտակեց նրանց մեծ կործանումով։ Սպանվեցին նաև իսմայելացների երկու իշխաններ` Օթմանը և Օգոման (Օսման և Օկբա զորապետերը)։
- Սեբեոս եպիսկոպոսի պատմություն, Գլուխ ԽԳ
 

Ի վերջո արաբների ամբողջ բանակը, հայտնվելով ծուղակում, ամբողջովին ոչնչանում է և տալիս շուրջ 3000 զոհ։ Զոհվում են նաև Օսմա և Օկբա զորապետերը[1]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Որդսպուն (Որդոսպ) գտնվում էր Բերկրի-Կոգովիտ ճանապարհի վրա` Բայազետից հարավ-արևմուտք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 131–135.