Արթուր Ահարոնյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր, Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]։

Արթուր Ահարոնյան
Ծնվել է1962
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 2-ին Երևանում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է հայրենիքում՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցը, սովորելով պրոֆեսոր Հակոբ Զարգարյանի դաշնամուրային դասարանում։ 1981-1987 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում միաժամանակ երկու մասնագիտություններով. որպես դաշնակահար՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում և որպես կոմպոզիտոր՝ պրոֆեսոր Էդուարդ Բաղդասարյանի, ապա Տիգրան Մանսուրյանի դասարանում[2]։ 1986 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցած դաշնամուրի, նվագակցության և կամերային երաժշտության մրցույթի ժամանակ նա ստացել է Առաջին մրցանակը։ 1987 թվականին մասնակցել է կոմպոզիցիա, հարմոնիա, պոլիֆոնիա, ֆուգա և գործիքավորում մրցույթին և ստացել Առաջին մրցանակը։ 1987 թվականին դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ Միևնույն ժամանակ որպես դաշնակահար համերգներով հանդես եկել տարբեր երկրներում․ Ռուսաստան, Եվրոպա, Կանադա, ԱՄՆ և այլուր։ 1993 թվականին տեղափոխվել է Փարիզ[3]։ Այնտեղ սովորել է Սորբոնի համալսարանում՝ երաժշտագետություն մասնագիտությամբ, մագիստրոսական թեզը պաշտպանել է «Կոմիտասի դաշնամուրային երկերը» թեմայով։ 1996 թվականին ջութակահար Հայկ Դավթյանի հետ մասնակցել է Պիեռ Լանտիեր կամերային երաժշտության միջազգային մրցույթին արժանանալով Առաջին մրցանակին։ 1983 թվականին ուսանողական տարիներին գրված դաշնամուրային «Մանրանվագները» 1996 թվականին մտան Իտալիայում անցկացվող դաշնակահարների Գրամշիի անվան մրցույթի պարտադիր ծրագրի մեջ։ 2002 թվականից սկսած համարվում է Փարիզի Դարիուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 2006 թվականին Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» պատմվածքի հիման վրա ստեղծված «Բալլադ Ջոնաթանի մասին» ստեղծագործությունը Լյուտեսի ակադեմիայի մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի (առաջին մրցանակին ոչ ոք չի արժանացել), իսկ նույն թվականի վերջերին Անտիբի միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակը։

2007 թվականին Հոլիվուդի Southern Motion Council կատարողական արվեստում ունեցած ավանդի համար շահել է Golden Star Halo Award և Emerald Award մրցանակը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Մեդիտացիա և տոկկատա դաշնամուրի համար (1979)
  • Մանրանվագներ մենակատար դաշնամուրի համար (1983)
  • «Գրազ» կամերային օպերա (1990)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (2007)
  • «Բալլադ Ջոնոթոնի մասին» սիմֆոնիկ պոեմ (2004)
  • Կոնցերտինո ֆլեյտայի, կլարնետի, դաշնամուրի, ջութակի, ալտի և թավջութակի համար (2008)
  • Սիրային երգեր սոպրանոյի և լարային նվագախմբի համար (2008)
  • Հայկական ժողովրդական պարեր ջութակի և դաշնամուրի համար (2008)
  • Ջութակի կոնցերտ N2 մենակատար ջութակի լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար (2011)
  • Երկխոսություններ ջութակ և դաշնամուր համար (2016)
  • Հոգուս ճիչը - սոպրանոյի, կլառնետի և դաշնամուրի համար(2018)
  • Ապրել Միասին - մանկական երգչախմբի, խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքրերի երգչախումբ - Հայաաստանի Փոքրիկ երգիչները - մանկական երգչախումբ-». www.als.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. erajhshtakankentron77 (2017 թ․ օգոստոսի 2). «Դաշնակահար-երգահան Արթուր Ահարոնյան». Երաժշտության ուսումնական կենտրոն (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. hraparak (2017 թ․ օգոստոսի 25). «Մեր արվեստագետները՝ հայրենիքից հեռու». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել