Արամ Մայիլյան

Հայ հասարակական գործիչ, գիտնական, հեղինակ

Արամ Ռուբենի Մայիլյան՝ հայ քաղաքական, պետական գործիչ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995), 1991թ. Սեպտեմբերի 21-ի Հայաստանի Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ, գիտնական, ֆիզմաթ գիտ. թեկնածու։

Արամ Մայիլյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1954
ԾննդավայրՏավուշի մարզ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 28, 2020
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունհետազոտող
ԱմուսինՆարինե Մկրտչյան
ԾնողներՌուբեն Մայիլյան, Սարգյուլ Նիգոյան
ԵրեխաներՍոսե Մայիլյան

ԿենսագրությունԽմբագրել

Արամ Մայիլյան ծնվել է 1954թ. փետրվարի 6-ին ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Նավուր գյուղում (ներկայումս Տավուշի մարզի Իծաքար գյուղ)։ Հանկարծամահ է եղել 2020թ. օգոստոսի 28-ին, Երևանում։


ԿրթությունԽմբագրել

Վեց տարեկանում ընտանիքը Նավուրից տեղափոխվում է Երևան, ուր 1971թ. Արամ Մայիլյանն ավարտում է թիվ 135 միջնակարգ դպրոցը։

1971թ. ընդունվել և 1976թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների մասնագիտությամբ։

1980-82թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ԵրՊԻ Հասարակական գիտությունների ֆակուլտետը՝ «Անգլերեն լեզվի տեխնիկական գրականության թարգմանիչ» մասնագիտությամբ։

1987թ. ապրիլին «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտացմամբ պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։


Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1976-1978թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ԵրՊԻ) որպես Կիսահաղորդիչների ամբիոնի ավագ լաբորանտ։

1978-1979թթ. Երևանի պետական համալսարանում աշխատել է որպես ավագ ինժեներ։

1979-1980թթ. աշխատել է «Բազալտ» գործարանում որպես ռադիոսարքավորումների կարգավորող։

1980-1988թթ. աշխատել է ԵՊՀ Կիսահաղորդիչների ամբիոնում որպես ավագ ինժեներ։

1988թ. հունվարից մինչև 1989թ. փետրվարը ԵրՊի-ում եղել է ավագ գիտաշխատող։

1989-1990թթ. ԵՊՀ Կիսահաղորդիչ նյութերի և սարքավորումների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում եղել է ավագ ինժեներ, ապա ավագ գիտաշխատող։

1999թ. օգոստոսից մինչև 2000թ. հունիս ամիսը, այնուհետև 2007թ. հունվարից հոկտեմբեր աշխատել է «Քվանտ» վարժարանում որպես փոխտնօրեն։

2001-2002թթ. աշխատել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ։ 2002-2006թթ. վերանվանված Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում եղել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ։ 2003թ. դեկտեմբերի 15-ին նրան շնորհվել է ՀՀ քաղծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2010թ. փետրվարի 1-ից մինչև մահը՝ 2020թ. օգոստոսի 28-ը, Արամ Մայիլյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝որպես ավագ գիտաշխատող։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

 
Հայաստան, Սյունիք, Գորիս, Կյորեսի քարանձավներ. հուլիս, 2019թ.

Արամ Մայիլյանը կանգնած է եղել Հայաստանի անկախ պետականության կայացման ակունքների մոտ. նա անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից է։ Անուրանալի է Ա. Մայիլյանի ներդրումը Ղարաբաղյան շարժման, Հայաստանի անկախության, պետականաշինության և հայկական պառլամենտարիզմի կայացման գործում։ Իր հասարակական-քաղաքական գործունեության ողջ ընթացքում նա եղել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարացման անխոնջ նվիրյալ։ Տոգորված Ղարաբաղյան շարժման գաղափարներով, քաղաքական սկզբունքներով և արժեքներով՝ Արամ Մայիլյանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի և Արցախի վերամիավորման, սեփական ուժերին ապավինելու, հայկական գործոնի վերածնման գաղափարներին։ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը նրա համար համար անքննելի և բարձրագույն արժեքներ էին, որոնց հանդեպ նա որևէ ոտնձգություն չէր հանդուրժում։ Անցնելով քաղաքական պայքարի բովով՝ Արամ Մայիլյանը միշտ հավատարիմ է մնացել իր քաղաքական սկզբունքներին, գաղափարներին և արժեքներին։ Նա երբեք չդադարեց պայքարել Հայաստանի զարգացումն ու առաջընթացը խոչընդոտող երևույթների և վարչակարգերի դեմ։


Արամ Մայիլյանի քաղաքական գործունեությունը սկիզբ է առել ղարաբաղյան Շարժման հետ։ Շարժման հենց սկզբից, ներգրավված լինելով կազմակերեպչական աշխատանքներում և նախաձեռնություններում, նա, 1988թ. մինչև 1989թ. նոյեմբերը, ղեկավարել է Շարժման Սահմանադրական խմբերի Նոր Նորքի շրջանային կառույցը։

1989թ. նոյեմբերին կայացած ՀՀՇ հիմնադիր համագումարում Արամ Մայիլյանն ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ՝ վերընտրվելով հետագա չորս տարիներին։

1990-1995թթ. Արամ Մայիլյանը ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, ԳԽ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ։

Լինելով 1991թ. Սեպտեմբերի 21-ի Հայաստանի Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ՝ Արամ Մայիլյանը համակարգում էր օտարերկրյա դիտորդների հետ աշխատանքները։ Դեռևս չփլուզված Խորհրդային Միության պայմաններում հանրաքվեի արդյունքների՝ միջազգային դիտորդների կողմից դրանց հավաստիության ընդունումն անչափ կարևոր էր դեպի անկախություն Հայաստանի դժվար ու արժանապատիվ ճանապարհը կառուցելու համար։

Հայ-բրիտանական պատգամավորական խմբի նախագահի պաշտոնում Արամ Մայիլյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի պատվիրակությունը 1993թ. այցելեց Ղարաբաղ։


Քաղաքական տարաձայնություններ ՀՀՇ-ի հետԽմբագրել

Արամ Մայիլյանը ՀՀՇ վարչության անդամ ընտրվել է 1989-1994թթ. անընդմեջ։ 1994թ. հուլիսի 20-ին, ՀՀ բարձրագույն իշխանության և ՀՀՇ ղեկավարության հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների խորացման պատճառով, ՀՀՇ վարչության մի շարք անդամների հետ Արամ Մայիլյանը հեռացվում է ՀՀՇ-ից։ ՀՀՇ խորհրդի հուլիսի 20-ի այդ նիստը վարում էր ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խորհրդարանում ՀՀՇ վարչությունից հեռացված պատգամավորներով (Ա. Մայիլյան, Ալբ. Բաղդասսարյան, Վ. Զուռնաչյան, Էդ. Ջաղինյան) նրանք հիմնադրում են «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խումբը։ Քաղաքական տարաձայնությունները վերաբերում էին Շարժման քաղաքական սկզբունքներից ՀՀՇ-ի հեռացման, Սահմանադրության նախագծի հետ սկզբունքային անհամաձայնության, այդ նախագծով երկրում կառավարման ավտորիտար համակարգի ձևավորման, ՀՀՇ-ի քաղաքական պատասխանության վերստանձման և գաղափարական այդևայլ խնդիրների։

1995թ. Արամ Մայիլյանը միանում է ՀՀՇ-ից ավելի վաղ հեռացած Ազգային ժողովրդավարական միությանը, որը ղեկավարում էր ՀՀ 1-ին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ ԱԺՄ համագումարում Ա. Մայիլյանն ընտրվում է կուսակցության վարչության անդամ՝ միաժամանակ ղեկավարելով ԱԺՄ լրատվական ծառայությունը։ 1995-99թթ. ԱԺՄ-ի հետ Արամ Մայիլյանն անցնում է ներքաղաքական թեժ պայքարի ճանապարհ։ 1999թ. մայիսին, քաղաքական տարաձայնությունների պատճառով, Մայիլյանը հեռանում է նաև ԱԺՄ-ից՝ կուսակցության ղեկավարությանը մեղադրելով  իշխանությունների հետ համագործակցության, ներքին կաստայացման, ազատականությունից սոցիալիստական գաղափարախոսության անցնելու մեջ[1]։

2002թ. հոկտեմբերին  ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) Երևանի գրասենյակի օժանդակությամբ Արամ Մայիլյանը հիմնադրում Է «Քաղաքական բանավեճի ակումբը», որի աշխատանքները ղեկավարում է մինչև 2006 թվականը։ 2007թ. նոյեմբերից մինչև 2008 թ. նոյեմբերը Ա. Մայիլյանը դարձյալ ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի օժանդակությամբ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը Հայաստանում» ծրագրի համակարգողն էր։

Արամ Մայիլյանը նաև նախկին խորհրդարանականների` «Գերագույն խորհուրդ» ակումբի հիմնադիր անդամ է եղել։

2014թ. դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումների ընթացքում, ԱԺ դարպասների մոտ  բողոքի միջոցառում էր ընթանում ընդդեմ այդ պայմանագրի, որին մասնակցում էր նաև Արամ Մայիլյանը[2]։ Արամ Մայիլյանն ուղերձով դիմում է ԳԽ նախկին պատգամավորներին՝ ընդգծելով, որ ՀՀ Անկախության հռչակագիրը և Հանրաքվեի արդյունքները ամփոփող որոշումներն ու փաստաթղթերը «վերանայման ենթակա չեն և վաղեմության ժամկետ չունեն. դրանք մշակվել, գրվել և ընդունվել են դարերի համար, և որևէ իշխանություն, բացի հայ ժողովրդից իր միասնական կամքն արտահայտող հանրաքվեով, չի կարող փոփոխության ենթարկել Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական որոշումները և Հայաստանը մղել դեպի այնպիսի վերազգային կառույցներ, որոնք ստվեր կգցեն մեր ինքնիշխանության վրա։ Այն իշխանությունը, որը կփորձի նման քայլի դիմել, ի սկզբանե օրենքից դուրս է։ Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք՝ կրկին լինենք առաջին շարքում, նույն եռանդով պաշտպանենք հայ ժողովրդի ու Հայաստանի շահը»[3]։

Որպես 2019թ. ձևավորված «Քաղաքական լիգա» քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից՝ Արամ Մայիլյանի   նախաձեռնությամբ Լիգան համացանցային ստորագրահավաք է սկսել 1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկման և պատմական անարդարությունը վերացնելու համար։

Արամ Մայիլյանն ավելի քան 100 քաղաքական վերլուծական հոդվածների հեղինակ է, հոդվածներ, որոնք  նվիրված են Հայաստանի հանրային կյանքին, ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին, միջազգային հարաբերություններին։ Իր հոդվածներում և հարցազրույցներում նա հստակ կանխորոշել է այն քաղաքական զարգացումները, նախազգուշացրել այն բոլոր մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց կարող էր բախվել Հայաստանը[4][5][6][7][8][9][10]։ 

Որպես գիտնական՝ նա հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային և նանոտեխնոլոգիաներին. հոդվածները հրապարակվել են թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի գիտական ամսագրերում։

Արամ Մայիլյանը հեղինակ է նաև պատմվածքների, որոնք լույս են տեսել 2011թ. հայերեն առանձին գրքով՝ «Յոթ պատմվածք» վերնագրով, ինչպես նաև անգլերեն ամսագրերում։

ԸնտանիքԽմբագրել

 
Արամ Մայիլյանն ընտանիքի հետ

Հայրը՝ Ռուբեն Մայիլյանը, մասնագիտությամբ գյուղատնտես էր, մայրը՝ Սարգյուլ Նիգոյանը, եղել է Նավուր գյուղի գյուղխորհրդի նախագահ։

Կինը՝ Նարինե Մկրտչյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահն է, հայտնի լրագրող, հրապարակախոս, վերլուծաբան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս։

Դուստրը՝ Սոսե Մայիլյանը, ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, Կոպենհագենի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի մագիստրոս է, Դուբլինի քաղաքային համալսարանի ասպիրանտ, եվրոպական և միջազգային իրավունքի մասնագետ, Բրէքզիթի ինստիտուտի ասոցացված անդամ։

Արամ Մայիլյանի՝ մտավորականի, գիտնականի, քաղաքական գործչի կյանքն ու կենսագրւթյունն անբաժան են անկախ Հայաստանի կենսագրությունից։ Նրա դավանած արժեքներն ու քաղաքական սկզբունքներն անանց են ու հավերժական։ Եվ նրա կենսագրությունն այդ սկզբունքների և արժեքների խտացումն է։

Հատվածներ Արամ Մայիլյանի հոդվածներից և հարցազրույցներիցԽմբագրել

  «Իսկ թե հայ ժողովուրդն ինչ քայլեր կձեռնարկի, գրեթե ճշգրտորեն կարելի է պատկերացնել՝ հաշվի առնելով անցյալի հարուստ փորձը. նորից կխառնվեն ֆիդայական խմբերը և նորից կհնչի «Դեպի Ղարաբաղ» կոչը։ Եվ նորից զոհեր և զոհեր։ Ու նորից տեղահանություն, պանդխտություն, տարածքների կորուստ։ Այստեղ օգնության կհասնի «ամենափրկիչ» Ռուսաստանն ու «կփրկի» հայերի արյան գնով պահված հողերը։ Կխաղաղվեն բոլորը։ Կկրկնվի պատմական փուլը։ Ռուս պոետը կգրի «Ահա Կովկասն իմ ոտքի տակ», իսկ հայ գրողը «Օրհնվի էն սհաթը...» (ԱԶԳ օրաթերթ, 10 մարտի, 2000թ.)։  


  «Մյուս խնդիրը, որ խիստ հուզում էր հայ հասարակությանը, Ղարաբաղի հիմնախնդիրն է։ Չէ՞ որ այս տարիներին հայերն աստիճանաբար իրենց հաղթանակները վերագրեցին Ռուսաստանին, որը, փաստորեն, բարոյահոգեբանական հող ստեղծեց խնդրի լուծմանը Ռուսաստանի ակտիվ մասնակցության համար։ Թախանձաբար Ռուսաստանի հովանավորությունը հայցող Հայաստանը գնալով ավելի է կորցնում իր իրավունքները էական դեր տանելու խնդրի լուծման մեջ։ Պատմությունը կարող է նորից կրկնվել եւ Հայաստանի ու փաստացի նրա մի մասը կազմող երկրամասի բախտը որոշվի Բաքվում, առանց հայերի ներկայացուցիչների գործուն մասնակցության» (ԱՌԱՎՈՏ օրաթերթ, 23 հունվարի, 2001թ.)։  


  «Ներկա  դարաշրջանն իր հետ  բերել է նոր մարտահրավերներ։ Դրանցից առաջնային են հասարակության կառավարման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, գիտատեխնիկական առաջընթացի հետ համաքայլ ընթանալը և այլն։ Հասարակական զարգացումների տեսակետից առաջնային է ժողովրդավարական արժեքների հաստատումը, այդ համակարգի ընձեռած հնարավորությունների օգտագործումը։ Եվ այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են առաջադեմ, համակողմանի զարգացած մարդիկ-մտավորականներ, որոնք պետք է ունենան հիմնական դերակատարությունը հասարակությանն առաջնորդելու գործում» (ԱՄԲԻՈՆ շաբաթաթերթ, 7 ապրիլի, 2005թ.)։  


  «1915 թվակկանից անցել է 100 տարի։ Մեր սերունդը հարցնում է, թե 1914թ. չկա՞ր մեկը, որ կռահեր, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենալու։ Հիմա թող այնպես չլինի, 20, 30 տարի հետո հարցնեն, թե 2015թ. չկա՞ր մեկը, որ կանխատեսեր պետության վախճանը։ Ես ուզում եմ կյանք մտնող սերնդին ասել՝ դուք պետություն չեք ունենալու, ձեր նախորդները կործանում են այն։ Իմ պարտքը զգուշացնելն է» (ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթ, 24 նոյեմբերի, 2016թ.)։  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ԱԺՄ-Ն՝ ԻՆՔՆԱՓԼՈՒԶՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ Հարցազրույց նախկին ԱԺՄ-ական Արամ Մայիլյանի հետ»։ ԱՌԱՎՈՏ օրաթերթ։ 22 հունիսի, 1999թ. 
  2. Մայիլյան Արամ (04 դեկտեմբերի, 2014թ.)։ «Արամ Մայիլյանն ընդդեմ Գուրգեն Արսենյանի» 
  3. «Արամ Մայիլյան. «Այս քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորստով»»։ ԱՌԱՎՈՏ օրաթերթ։ 01 դեկտեմբերի, 2014թ. 
  4. Մայիլյան Արամ (20 հունվարի, 2001թ.)։ «ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ. Մաս 1-ին»։ ԱՌԱՎՈՏ օրաթերթ 
  5. Մայիլյան Արամ։ «ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ Մաս 2-րդ»։ ԱՌԱՎՈՏ օրաթերթ 
  6. Մայիլյան Արամ (8 սեպտեմբերի, 2009թ.)։ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՆ ԴԱՐՁՆԵԼ»։ ԱՌԱՎՈՏ օրաթերթ 
  7. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԱՖԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ»։ ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթ։ 2 հունիսի, 2016թ. 
  8. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՆՍԵԿԻ ՏԵՍՔՈՎ՝ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԵՒ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՊԱՇՏՈՆ․ ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ»։ 16 հունիսի, 2017թ. 
  9. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵԼ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՔ ՉՆՉԻՆ ԵՆ ՆՐԱ ՀՍԿԱՅԱԾԱՎԱԼ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌՋԵՒ․ ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ»։ ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթ։ 01 դեկտեմբերի, 2017թ. 
  10. «ԵԼՔԸ ՄԻԱԿՆ Է՝ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆ»։ ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթ։ 18 ապրիլի, 2018թ.