Ատոմյանք առաջինք (նահատակվել է 449 թվականին), 5-րդ դարի տոնելի նահատակ զորականների երկու գունդ՝ շուրջ 1000 հոգի (ըստ այլ աղբյուրների՝ ավելի քիչ)։ Մարտիրոսական պսակ են ընդունել Հիսուս Քրիստոսին չուրանալու համար։ Եղել են հայ նախարարական գնդեր, որոնք Վարդանանց շարժումից առաջ ծառայել են պարսկական բանակում, Պարսից Հազկերտ արքայի (439–457 թվականներ) օրոք, բնիկ տերերի՝ Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու առաջնորդությամբ։ Վկայաբանության մեջ, հիշյալ երկուսից բացի, հանվանե հիշատակված են Ատոմ Գնունու որդին՝ Վարսը, ապա Վարս Ոստանիկը, Ներսեհ Երվանդունին և Վարձավոր Արծրունին։ Ատոմյանքը կանխազգալով հայ զինվորներին դավանափոխ անելու Պարսից արքունիքի մտադրությունը, հանուն քրիստոնեական հավատի խուսափել են Պարսից արքայի հրամանը կատարելուց և, փոխանակ մեկնելու հրամայված վայրը, ուղղվել են դեպի Հայաստան։ Պարսկական զորքը հետապնդել է նրանց և Ատոմյանց մի մասին շրջապատել Անձևացյաց գավառում, լեռների մեջ։ Ատոմ Գնունուն այնտեղ սքանչելի տեսիլք է երևացել՝ կամարաձև լույս և «ահատեսիլ մարդ», որը բաժանել է վարդերից հյուսված պսակներ՝ նշանակ սուրբ նահատակության, որը և կատարվել է շուտով։ Մարտիրոսված գնդի զինվորների մասունքների ամփոփման վայրում կառուցվել է Ձիակալ անունով եկեղեցի։ Իսկ մյուս գունդը Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ պարսից զորքի կողմից նահատակվել է Ռշտունյաց գավառում։ Նահատակման վայրում, ի հիշատակ նրանց, կառուցվել է Ոչխարանից կոչվող եկեղեցին։

Մեծ Հայքը Արշակունիների օրոք։

Ատոմյանց վկայաբանություն խմբագրել

Ատոմյանց վկայաբանությունը, որը գրի է առնվել 5-րդ դարին, 7–րդ-8-րդ դարերին, թարգմանվել է վրացերեն։ Հայսմավուրքները Ատոմյանց հիշատակի օրը նշանակել են օգոստոսի 19-ին. Հայ եկեղեցին նրանց տոնը նշում է Բուն Բարեկենդանից երկու շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը։ Ունեն «Մանկունք» կոչվող մի շարական. «Աղաչեմք զքեզ, Տէր, բարեխոսութեամբ Սրբոց Ատովմեանց...»։

Ատոմյանք երկրորդք խմբագրել

Ատոմյանք երկրորդք, Նոր Ատոմյանք (նահատակվել է 853 թվականին, քաղաք Դվին), 9-րդ դարի տոնելի քրիստոնյա նահատակներ՝ 150 հոգի։ Անվանումը ստացել են իրենց առաջնորդ Ատոմ Անձևացու (Աղբակ գավառի Որսիրանք գյուղից) անունից։ Նահատակվել են արաբական տիրապետության շրջանում, ոստիկան Բուղայի ձեռքով, հավատուրացության առաջարկից հրաժարվելու համար։ Վկայաբանությունը (Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն, 1867 թվական, գլուխ 25։ Ասողիկ, Պատմութիւն տանն Արծրունեաց, 1887 թվական, դպր. 3-րդ, գլուխ 8) մանրամասն նկարագրել է նրանց չարչարանքներն ու մարտիրոսական պսակ ընդունելը։ Հանվանե հիշատակվել են Ատոմ Անձևացու 6 կամ 7 հավատակիցներից երեքը՝ Մլեհ Վարաժնունին, Գեորգ Բողկացին և Վասակ Ակեացին։ Հովհաննես Դ Ովայեցին այս Ատոմյանց համար նշանակել է հիշատակության հատուկ օր՝ նոյեմբերի 19-ը։ Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է առաջին Ատոմյանց հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: