Աստղային թալերներ

հեքիաթ

«Աստղային թալերներ» (գերմ.՝ Die Sterntaler), Գրիմ եղբայրների հեքիաթը։ Այն փոքրիկ լեգենդ է աղքատ ու որբ աղջկա մասին, որն իր բարության ու աստվածավախության շնորհիվ պարգև է ստանում երկնքից։ Աարնե-Թոմփսոնի՝ հեքիաթների սյուժեների դասակարգման համակարգում կրում է 779 համարը՝ «Աստվածային պարգև և պատիժ»[1]։

Աստղային թալերներ
գերմ.՝ Die Sterntaler
«Աստղային թալերներ» (նկարազարդումը՝ Լյուդվիգ Ռիխտերի, 1862)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-star-money
 The Star Money
«Աստղային թալերներ» (Գերման Ֆոգելի նկարազարդում)
Լյուդվիգսբուրգի «Հեքիաթային այգում»

Սյուժե խմբագրել

Աղքատ ու որբ աղջիկը, որն ուներ միայն մի բարի մարդու տված մի կտոր հացը, գնում է դաշտով՝ հույսը դնելով Աստծու վրա։ Ճանապարհին նա հանդիպում է սոված ու սառած այլ կարիքավորների՝ մի աղքատի ու փոքրիկ երեխաների, որոնց տալիս է իր հացը, գլխարկը, բաճկոնակը, շապիկն ու բլուզը։

Եվ հետո, երբ աղջիկն այլևս ոչինչ չուներ ու մենակ էր մնացել գիշերային անտառում, երկնքից սկսում են աստղեր թափվել, որոնք, գետնին դիպչելով, վերածվում էին արծաթե թալերների։ Աղջկա հագին հանկարծ հայտնվում է նուրբ վուշից կարված նոր վերնաշապիկ, որի մեջ էլ հավաքում է փողերը։ Այդ գիշերվա հավաքածը բավականացնում է ամբողջ կյանքում բարեկեցիկ ապրելու համար։

Սյուժեի ծագում և տարբերակներ խմբագրել

Յակոբ Գրիմի 1810 թվականի ձեռագրում կա «Աղքատ աղջիկ» լեգենդի կարճ գրառումը[2], 1812 թվականին Գրիմ եղբայրների կատարած նշումներում հիշատակվում է Ժան Պոլի «Die unsichtbare Loge» (1793) վեպն ու Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի «Երեք բարի քույրերն ու երջանիկ ներկարարաը» (1812) նովելը։ Գրիմ եղբայրների գրած հեքիաթի տարբերակը, ամենայն հավանականությամբ, ոգեշնչված է Ժան Պոլի վեպի նմանատիպ հատված-ներկայացումից[3][4]։

Ֆրիդրիխ II-ը (1720-1785) շրջանառության մեջ է դրել, այսպես կոչված, «աստղային պֆենիգները»՝ պղնձե մետաղադրամները, որի վրա կարելի է տեսնել աստղ։ Հավանաբար դա ևս կարող էր ազդել Գրիմ եղբայրների կողմից հեքիաթի անվան ընտրության վրա[5]։

Գերմանացի դրամատուրգ Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայում տատիկը պատմում է նմանատիպ, բայց բավականին հոռետեսական և նիհիլիստական երանգներով հեքիաթ։ Այդտեղ աղջիկը հերթով ճանապարհորդում է Արևի, Լուսնի և աստղերի վրայով։ Սակայն նա կարծում է, որ լուսատուները համապատասխանաբար փտած փայտի կտոր, թոշնած արևածաղիկ ու գնդասեղով ամրացված մոծակներ են։ Արդյունքում աղջիկը մենակ է մնում ժայռի վրա։

Պատմական տվյալներ խմբագրել

«Գերմանական երկրորդ հեռուստատեսությունը» («ZDF») «Աստղային թալերներ» հեքիաթին է նվիրել «Հեքիաթներ և լեգենդներ. ուղերձներ իրականությունից» (գերմ.՝ «Märchen und Sagen — Botschaften aus der Wirklichkeit»), վավերագրական ֆիլմի երրորդ մասը (առաջին անգամ հեռարձակվել է 2005 թվականի հոկտեմբերի 23-ին)։ Ֆիլմում ներկայացվում են կելտական ոսկեդրամների գտածոները (հայտնի են որպես «Regenbogenschüsselchen»), որոնք դիտվում են որպես «աստղային թալերների» մասին լեգենդի հիմքը. հարավգերմանական հողերը վարելու հետևանքով այդ մետաղադրամները բարձրացել են հողի մակերեսին մոտ, իսկ անձրևները լվացել են դրանք՝ տեսանելի դարձնելով մարդու համար։ Անսպասելի արժեքավոր գտածոները, իրենց հերթին, ոգեշնչել են պատմողներին[6]։

Մեկնաբանություններ խմբագրել

Շատ դեպքերում Գրիմ եղբայրների այս հեքիաթը հասկացվում է որպես այլաբանություն օրինակելի քրիստոնյայի, որն ունակ է ապրումակցելու, կարեկցող է ու մեծահոգաբար առատաձեռն կարիքավոր մարդկանց նկատմամբ, նույնիսկ իր սեփական բարեկեցության հաշվին, այն աստիճան, որ հենց ինքն էլ է մնում առանց հագուստի ու ուտելիքի։ Կյանքում ամրագրված այս «ներքին դիրքորոշումը» առատորեն պարգևատրվում է «երկնային արժույթով» և «հավերժության» մեջ հոգու «անտեսանելի գեղեցիկ զգեստներով» (թեև ոչ այս կյանքում)։ Այս հեքիաթը շատ հարմար է եղել ծննդյան տոներին երեխաներին պատմելու համար՝ հիշեցնելով այն մասին, որ պետք է առաջին հերթին հոգ տանել կարիքավոր մերձավորների նկատմամբ, ապա մտածել սեփական կարիքների մասին։

Ֆրիդել Լենցն առաջարկել է գլխարկի, բաճկոնակի ու կիսաշրջազգեստի անտրոպոսոֆիական մեկնաբանությունը։ Դրանք են մտածողությունը, զգայությունը և ցանկությունը։ Վերջին բլուզը կենսական ուժն է կամ անգիտակցականը։ Ստացված լավագույն հագուստը ինտելեկտուալ կատարելությունն է, իսկ ոսկին՝ ներքին հարստությունը[7]։

Մշակութային ազդեցություն խմբագրել

 
«Աստղային թալերներ» հեքիաթը 1000 գերմանական մարկի արժեթղթի վրա (1992-1999 թվականներ)

Համաձայն 1959 թվականին Ալլենսբախի սոցիոլոգիական հարցումների ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ հարցված գերմանացիների կեսը այս պատմությունը նշել է ամենահայտնիների թվում[5]։ Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվներով 1992-1999 թվականներին Գերմանիայում ձևավորվել է ամենամեծ թղթադրամի՝ 1000 գերմանակն մարկի հակառակ կողմը (դիմային մասում Գրիմ եղբայրների դիմանկարն է), նաև թողարկվել են թեմատիկ նամականիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. D.L. Ashliman, "The Grimm Brothers' Children's and Household Tales (Grimms' Fairy Tales)"
  2. Rölleke, Heinz (Hrsg.): Die älteste Märchensammlung der Brüder Grimm. Synopse der handschriftlichen Urfassung von 1810 und der Erstdrucke von 1812. Herausgegeben und erläutert von Heinz Rölleke. S. 60-61, 353—354. Cologny-Geneve 1975. (Fondation Martin Bodmer; Printed in Switzerland)
  3. Grimm, Brüder: Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. S. 250, S. 501—502. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
  4. Uther, Hans-Jörg: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. Berlin 2008. S. 319—323. (de Gruyter; ISBN 978-3-11-019441-8)
  5. 5,0 5,1 Н. В. Будур «Сказочная энциклопедия», — М: Олма-Пресс, 2005, С. 162, ISBN 5-224-04818-4
  6. «ZDF: Sterntaler und das himmlische Gold. Münzfund im Kloster». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Lenz, Friedel: Bildsprache der Märchen. 8. Auflage. S. 239—242, 249—250. Stuttgart, 1997. (Verlag Freies Geistesleben und Urachhaus GmbH; ISBN 3-87838-148-4)

Գրականություն խմբագրել

  • Rölleke, Heinz (Hrsg.): Grimms Märchen und ihre Quellen. Die literarischen Vorlagen der Grimmschen Märchen synoptisch vorgestellt und kommentiert. 2., verb. Auflage, Trier 2004. S. 248—251, 566—567. (Wissenschaftlicher Verlag Trier; Schriftenreihe Literaturwissenschaft Bd. 35; ISBN 3-88476-717-8)

Արտաքին հղումներ խմբագրել