Ասպետական վեպ
Ասպետական վեպ (ֆր.՝ roman chevaleresgue, roman de chevalerie, գերմ.՝ Ritterroman, իտալ.՝ romanzo cavalleresco, իսպ.՝ romance, չեխ․՝ rytířský román), միջնադարյան կուրտուազային գրականության ժանրերից մեկը[1]։
Ծագել է ֆեոդալական միջավայրում՝ ասպետականության ծաղկման շրջանում՝ միաժամանակ հանդես գալով Անգլիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում 12-րդ դ. կեսերին (զույգ հանգավորվող ութոտնյա չափով առաջինը կիրառվել է անգլոնորմանդական տարեգրքերում)։ Հերոսական էպոսից վերցրել է անսահման խիզախության, վեհանձնության մոտիվները։ Ասպետական վեպում առաջին պլան է մղվում հերոս-ասպետի անհատականացման հոգևոր աշխարհի վերլուծությունը, ասպետ, որը սխրանքներ է կատարում ոչ թե հանուն տոհմի կամ էլ հանուն ավատական, վասալական պարտքի, այլ հանուն անձնական փառքի և սիրած էակի փառաբանության։ Էկզոտիկ (տարաշխարհիկ) նկարագրությունների, մտաստեղծ, անիրական, երևակայական, հեքիաթային, կախարդական մոտիվների առատությունը ասպետական վեպը մոտեցնում է ժողովրդական հեքիաթներին, Կենտրոնական ու Միջին Եվրոպայի մինչքրիստոնեական առասպելներին, Արևելքի գրականությանը։ Ասպետական վեպի զարգացման վրա ազդել են հին կելտերի և գերմանացիների ավանդությունները, ասքերը, անտիկ գրողների (Օվիդիուս) երկերը։ Առավել ճանաչված էին «Կլոր սեղանի» ասպետների, բրիտների, լեգենդար Արթուր արքայի, Տրիստանի և Իզոլդայի սիրո մասին վեպերը։ Ազատ սիրո և արկածների որոնումների կենսուրախ իդեալը ուշ ասպետական վեպերում իր տեղը զիջում է քրիստոնեա-ասպետական թեմաներին։ Սկզբում ասպետական վեպերը չափածո էին։ 13-րդ դ. կեսերից հետո երևան են գալիս նրանց արձակ մշակումները (օրինակ՝ Լանսելոտի մասին շարքը)։ Ասպետական վեպի պոետիկան ազդել է գրավոր դարձող հերոսական էպոսի, արձակի և չափածոյի, մասնավորապես ալեքսանդրյան ոտանավորի վրա։ Ասպետական վեպին զուգահեռ զարգացել են վիպակն ու նովելը։ Արդեն 13-րդ դ. երևան են գալիս ասպետական վեպի նմանակումները, 15-րդ դ. ժանրն անկում է ապրում, բայց գրքի տպագրության հետ նորից է վերածնվում պարզաճաշակ տպագրության տեսքով։
Իսպանիայում ասպետական վեպը ծաղկեց Վերածննդի դարաշրջանում։ Սերվանտեսը «Դոն Կիխոտում» ծաղրում է ոչ թե ասպետական վեպը որպես այդպիսին, այլ նրա էպիգոնային մշակումները և ժանրի լավագույն նմուշների շարունակությունները։ Եվրոպական ասպետական վեպի ժանրին մոտ (բայց նրանից անկախ) ստեղծագործություններ են եղել նաև Արևելքի գրականություններում (ճապոնական «Գենձի-Մոնոգատարի» վիպակը, Շ. Ռուսթավելու «Ընձենավորը» ասպետական պոեմը, «Կարոս խաչ» վիպերգը։)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 21-22.
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Անգլիական, ֆրանսիական, բրետոնական ասպետական վեպեր
- Անհայտ հեղինակ, Անգլիա Սըր Գավեյնը և Կանաչ ասպետը
- Թոմաս Մելորի, Անգլիա Արթուրի մահը։