Առաքել Ծատուրյան

բիզնեսմեն

Առաքել Աստվածատուրի Ծատուրյան (Ծատուրով) (1830, Քարահունջ, Հայաստան - 1903, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ նավթարդյունաբերող, բիզնեսմեն, բարերար։

Առաքել Ծատուրյան
Դիմանկար
Ծնվել է1830
ԾննդավայրՔարահունջ, Հայաստան
Մահացել է1903
Մահվան վայրՆոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգործարար

Կենսագրություն

խմբագրել

Առաքել Ծատուրյանը ծնվել է 1830 թվականին՝ Սյունիքի Քարահունջ գյուղում։ Ունեցել է Միրզա անունով եղբայր։ Պատանի հասակում Առաքելի ընտանիքը տեղափոխվել է Շուշի, որտեղ Առաքելը որպես ծառա աշխատանքի է անցել Գասպար Հախումյանի տանը։ Հետագայում մեկնել է Բաքու և աշխատանքի անցել հացահատիկ վաճառողի մոտ։ Վաճառականի մահից հետո նրա ամբողջ կարողությունն անցել է Առաքելին[1]։

Բաքվում Առաքելը զբաղվել է նավթարթյունաբերությամբ և դարձել ամենահարուստ նավթարդյունաբերողներից մեկը։

1873-1885 թվականներին եղել է ԲՀՄԸ խորհրդի անդամ։ 1884 թվականին Գերասիմ Թումանյանի, Գրիգոր և Նիկոլայ Առաֆելյան եղբայրների և Միքայել Արամյանցի հետ Առաքել Ծատուրյանը հիմնել է «Առ. Ծատուրյան և մյուսներ» ընկերությունը։ Ընկերությունը 130․000 ռուբլով ձեռք է բերել Առաֆելյան եղբայրների և Գերասիմ Թումայանի նավթավերամշակման գործարանը։ Ծատուրյանը Բաքվից և Բաթումից բացի ներդրում է ունեցել նաև Գրոզնի քաղաքում, որտեղ հիմնել է «Бр. Цатуровы и К» ընկերությունը։ Եղել է «Բաքվի նավթարդյունաբերողների միաության» նախագահը։

Նրա ջանքերով 1897 թվականին Անգլիայի Չեստեր քաղաքի Հավարդեն արվարձանի եկեղեցում պատրաստվել է Սուրբ Բարդուղիմեոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիտրաժը։ Նույն թվականին 12 հազար ռուբլի է կտակել Սանասարյան վարժարանին, իսկ 10 հազար ռուբլի՝ Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը։ Բացի այդ Ծատուրյանը կատարել է բազմաթիվ բարեգործական աշխատանքներ․ hայրենի Քարահունջ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն նվիրել է 18 փութանոց զանգ, նրա միջոցներով նույն գյուղում 1893 թվականին կառուցվել է երկդասյա երկսեռ դպրոցը, որը հետագայում վեր է ածվել մանկապարտեզի[2]։ Նվիրաբերություններ և կտակ է թողել Զանգեզուրի այլ եկեղեցիների։ Ծատուրյանի որդեգիրներից է եղել հասարակական գործիչ Սիմեոն Տեր-Մինասյանը։

1896 թվականին հիմնել է «Եվրոպական նավթային ընկերությունը», որը գործել է 1899 թվականից, հետագայում վաճառել է անգլիացիներին։

  «Հայոց հարցի համար աշխատողներից մեկն էր Բաքվի հարուստ նավթարդյունաբերող Առաքել Ծատուրյանը. Մի երկու անգամ Ծատուրյանը գնաց Լոնդոն, ճաշեր տվեց հայասեր անգլիացիներին, տպագրեց անգլերենից ռուսերենի թարգմանված մի գիրք, որ պաշտպանում էր հայերին և վարկաբեկում սուլթանին․․․»[3]:
- Անցյալից ։ Հուշեր, թղթեր, դատումներ, Լեո
 
 
Առաքել Ծատուրովի գերեզմանը Քարահունջ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում (ձախից առաջինը)

Եվրոպական ուղևորության արդյունքում կողոպտման է ենթարկվել առևտրական ընկերների կողմից, ինչի պատճառով վաճառել է բաժնետոմսերը, որի դիմաց ստացած գումարներով նա նոր գործ է ձեռնարկել։

Առաքել Ծատուրյանի մասին Ալեքսանդր Շիրվանզադեն անդրադարձել է «Կյանքի բովից» ստեղծագործությունում[4]։

Կյանքի վերջին ամիսներին անհաջողություն է կրել բիզնեսում, ընկել պարտքերի տակ, գործընկերներից օժանդակություն չստանալով՝ հասել է հուսահատության։ 73-ամյա գործարարը ինքնասպան է եղել 1903 թվականի մայիսի 30-ին, Նոր Բայազետի գավառի Արզականի իր կալվածքում։

Հուղարկավորվել է Քարահունջ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում։

Գրականություն

խմբագրել
  • Տե՛ս Ежегодник Баку и его район 1909,с. 136.
  • Տե՛ս «Տարազ», Թիֆլիս, 1903, հունիսի 8,N 20, էջ 195։
  • Տե՛ս Արամեանց Մ., Սալիանից Էջմիածին, «Նոր-Դար», Թիֆլիս, 1886, հոկտեմբերի 14, N 172
  • Տե՛ս Бакинский настольный календарь на 1904 г.: Справочная книга с планами гор. Баку и окрестныхъ промысловъ, издание землемера К. Г. Качана, ч. II, Баку, 1903, с. 78,
  • Ծոցիկեան Ս., Արարատ-Կովկաս, մասն երկրորդ, Կովկաս, հ. Բ, Փարիզ, 1922, էջ 289։
  • Տոմար ընտանեկան 1874-1875 թթ., հ. Ա, աշխատասիրեաց Սրբուհի Տ., Երիցեանց Ա., Թիֆլիս, 1874, էջ 122

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Жизнеописание нефтепромышленника из Караунджа А. Цатурова (Цатуряна)». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  2. DVahagn. «Քարահունջ գյուղ – idiscoverarmenia». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. Անցեալից Յուշեր, թղթերը դատումներ, Թիֆլիս, 1925, էջ 147(չաշխատող հղում)
  4. «Շիրվանզադե Ալեքսանդր՝ Կյանքի բովից». Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-09-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել