Ապրում է այսպիսի տղա
«Ապրում է այսպիսի տղա» (ռուս.՝ «Живёт такой парень»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է Վասիլի Շուկշինը 1964 թվականին. նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է (մինչ այդ նա, սովորելով ՎԳԻԿ-ում, նկարահանել էր միայն կարճամետրաժ ֆիլմ՝ «Լեբյաժեից հայտնում են»)։ Նկարահանվել է Շուկշինի «Ծնկաձև լիսեռներ» (ռուս.՝ «Коленчатые валы», 1961), «Գրինկա Մալյուգին» (ռուս.՝ «Гринька Малюгин», 1962), «Հիանալի վարորդ» (ռուս.՝ «Классный водитель», 1962), «Ներքին բովանդակություն» (ռուս.՝ «Внутреннее содержание», ավարտվել է 1966 թվականին) պատմվածքների հիման վրա։
Ապրում է այսպիսի տղա ռուս.՝ Живёт такой парень | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] և մելոդրամա |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Շուկշին |
Սցենարի հեղինակ | Վասիլի Շուկշին |
Դերակատարներ | Լեոնիդ Կուրավլյով, Բելլա Ախմադուլինա, Անաստասիա Զուևա, Արկադի Տրուսով, Ռոդիոն Նահապետով, Նինա Իվանովա, Իվան Ռիժով, Նինա Սազոնովա, Boris Balakin?, Եվգենի Տետերին, Boris Romanov? և Վլադիմիր Սմիրնով |
Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 101 րոպե |
IMDb | ID 0058771 |
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը երիտասարդ տղա Պաշկա Կոլոկոլնիկովն է՝ «Պիրամիդոն» մականունով, որն աշխատում է որպես վարորդ և բեռնատար մեքենա վարում Չույսկի ճանապարհով։ Ճանապարհին նրան հանդիպում են տարբեր մարդիկ։ Երազկոտ, կենսասեր, մի քիչ պարզամիտ լինելով՝ նա ապրում է բաց հոգով։
Մի անգամ նրա ուղեկիցը, որը, ինչպես հետագայում պարզվում է, կոլտնտեսության նախագահ է, իր մոտ է կանչում Պաշկային։ Պաշկան գործուղման է մեկնում կոլտնտեսություն, որտեղ երեկոյան պարերի ժամանակ ծանոթանում է գրադարանավար Նաստյայի հետ։ Ցերեկը Պաշկան մտնում է գրադարան, որտեղ խնդրում է իրեն տալ կարդալու Մարքսի «Կապիտալը» և շաշկի է խաղում Գենայի՝ Նաստյայի ընկերոջ հետ։ Երեկոյան նրանք գնում են ակումբ, որտեղ մոդելների տունը հանդես է գալիս նորաձևության ցուցադրությամբ։ Նաստյան, սակայն, մերժում է Պաշկայի՝ իր հետ մտերմանալու բոլոր փորձերը։ Գիշերը ներխուժելով Նաստյայի սենյակ՝ Պաշկան վերջապես հասկանում է, որ նա սիրահարված է Գենային։ Նա գնում է Գենային, որը խանդի պատճառով չի կարողանում քնել և ասում է, որ Նաստյան սպասում է իրեն, իսկ ինքը դժգոհում է, որ սիրո հարցում իր բախտը չի բերում։
Մեկ այլ անգամ Պաշկան քաղաքից իր մեքենայով տանում է մի աղջկա, որի հետ քննարկում է կյանքի մշակույթը։ Սկզբում նա հրաժարվում է նրանից գումար վերցնել ճանապարհի համար, սակայն, լսելով, թե ինչպես է նրա ամուսինը, օգնելով նրան իջեցնել իրերը մեքենայից, վատ է արտահայտվում իր մասին, Պաշկան զայրանում է և պահանջում է վճարել սովորականից ավելի բարձր գումար։
Ձանձրույթից Պաշկան այցելում է իր վաղեմի ընկերուհուն՝ ամուսնալուծված Կատյա Լիզունովային և փորձում է նրան ժամադրության կանչել, բայց նա չի ցանկանում ժամանակ վատնել անլուրջ հարաբերությունների վրա։ Պաշկան վիրավորվում է և սկսում է նախատել նրան անքաղաքավարության համար, սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից կինը, բայց Կատյան վտարում է նրան։ Գիշերը Մարթա տատը, որի մոտ ապաստանել էր Պաշկան իր գործընկերոջ հետ, պատմում է նրան մի պատմություն այն մասին, թե ինչպես պատերազմից առաջ մի վարորդ հանդիպել է մերկ աղջկա, որը նրան խնդրում է իր համար սպիտակ կտոր զգեստ կարելու համար։ Ըստ Մարթայի՝ դա մահն էր։ Գիշերը Պաշկայի երազում սպիտակ հագուստով աղջկա կերպարով հայտնվում է Նաստյան։
Իր գործընկերոջ՝ Կոնդրատ Ստեպանովիչի հետ հերթական երթի ժամանակ Պաշկան առաջարկում է նրան ծանոթացնել մորաքույր Անիսիայի հետ, որն այրի է և իբր վաղուց խնդրել է իր համար փեսացու գտնել։ Նրանք գալիս են Անիսիայի մոտ, որը սեղան է պատրաստում։ Ամոթից Կոնդրատը չի կարողանում որևէ բառ Արտասանել, բայց Պաշկան թողնում է նրան Անիսիայի հետ, որպեսզի նրանք իրենք պայմանավորվեն ամեն ինչի մասին։
Ուղևորությունից վերադառնալուն պես Պաշկային ուղարկում են վառելիք բերելու։ Նա հասնում է նավթաբազա այն պահին, երբ այնտեղ արտակարգ իրավիճակ է ստեղծվում. բեռնատարներից մեկի բաքերը բռնկվել են և ցանկացած պահի կարող են պայթել։ Բոլորը ձգտում են հնարավորինս հեռու մնալ վտանգից, բայց Պաշկան նստում է բոցավառ բեռնատարի ղեկին, այն դուրս է բերում բազայից և քշում դեպի զառիվայրը։ Կոլոկոլնիկովը վիրավորվում է, բայց վաստակում է հերոսի փառք։
Պաշկայի մոտ հիվանդանոց է գալիս Լենինգրադից մի երիտասարդ լրագրող, որը հարցազրույց է վերցնում նրանից։ Պաշկան սիրախաղ է անում նրա հետ և խնդրում է, որ վաղը գա։ Այնուհետև նա երկխոսություն է ունենում հիվանդասենյակի իր հարևանի՝ տարեց ուսուցչի հետ, որը Պաշկային ասում է, որ երջանկությունը պարզ բաների մեջ է և համոզում է նրան ավելի շատ սովորել և ընդլայնել իր մտահորիզոնը։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Պաշկան կրկին երազում տեսնում է Նաստյային սպիտակ հագուստով աղջկա կերպարով, բայց հիմա նա ասում է, որ ինքը ոչ թե մահն է, այլ սերը, և որ Պաշկան պետք է չհանձնվի և փնտրի իրեն։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Լեոնիդ Կուրավլյով | Պաշկա Կոլոկոլնիկով («Պիրամիդոն») |
Լիդիա Չաշչինա | Նաստյա / Մահ / Սեր |
Լարիսա Բուրկովա | Կատյա Լիզունովա, Պաշկայի ամուսնալուծված ծանոթուհին / ֆրանսուհի |
Ռենիտա Գրիգորևա | քաղաքացի կին |
Նինա Սազոնովա | մորաքույր Անիսյա |
Անաստասիա Զուևա | պառավ Մարֆա |
Բելլա Ախմադուլինա | երկրամասային երիտասարդական թերթի լրագրող (պատմվածքում՝ Ա. Սիլչենկո) |
Բորիս Բալակին | Կոնդրատ Ստեպանովիչ, վարորդ, Պաշկայի գործընկերը |
Ռոդիոն Նահապետով | Գենա, ինժեներ, Նաստյայի երկրպագուն |
Վիկտոր Ֆիլիպով | Իվան Եգորովիչ Պրոխորով, կոլտնտեսության նախագահ |
Իվան Ռիժով | նավթաբազայի վարիչ |
Նիկոլայ Ֆեդորցով | «Խից» |
Եվգենի Տետերին | ուսուցիչ, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում |
Բորիս Ռոմանով | Ստեփան, Պաշկայի հարևանը հիվանդասենյակում |
Արկադի Տրուսով | (լուսագրերում նշված չէ) | պառավ Մարֆայի ամուսինը
Նինա Իվանովա | կոլտնտեսության նախագահի կինը |
Ալեքսանդր Կարպով | ավտոբազայի պահակ |
Վլադիմիր Սմիռնով | պարող |
Նիկոլայ Նովլյանսկի | բժիշկ |
Նխարահանող խումբ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Շուկշին
- Սցենարի հեղինակ՝ Վասիլի Շուկշին
- Բեմադրող օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Օպերատոր՝ Վիտալի Շոլին
- Կոմպոզիտոր՝ Պավել Չեկալով
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Վագիչև
- Զգեստների նկարիչ՝ Նորա Մուլլեր
- Հնչյունային օպերատոր՝ Վալենտին Խլոբինին
- Մոնտաժող՝ Լիդիա Ժուչկովա
- Խմբագիր՝ Վալերիա Պոգոժևա
- Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Կրակովսկի
Վարձույթ
խմբագրելՖիլմը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է ռեժիսոր Վասիլի Շուկշինի կողմից 1964 թվականի մայիսին Վորոնեժի Ս. Մ. Կիրովի անվան մշակույթի պալատում (Մոսկվայում ժապավենն արգելվել է գաղափարական նկատառումներով)։ Այս իրադարձության վերաբերյալ մշակույթի պալատի շենքի վրա 2004 թվականին տեղադրվել է հուշատախտակ, իսկ շենքի հարակից տարածքում 2020 թվականին բացվել է ռեժիսորի անվան պուրակ և տեղադրվել է հուշարձան[2][3]։
Քննադատություն
խմբագրելԽորհրդային կինոյի հայտնի գործիչ Մարկ Դոնսկոյը բարձր է գնահատել Վ. Շուկշինի ռեժիսորական դեբյուտը՝ իր գրախոսականը վերնագրելով՝ «Կա այսպիսի ռեժիսոր» (ռուս.՝ «Есть такой режиссёр!»)[4]։ Նա գրել է, որ ֆիլմում ստեղծվել է շատ ազգային, շատ «ճանաչելի» կերպար։ Նա ֆիլմի հիմնական առավելություններից մեկը համարել է տատանումները «ծիծաղից դեպի տխրություն և կրկին դեպի ծիծաղ»։ «Եվ սրա հետ մեկտեղ,— շարունակել է Մ. Դոնսկոյը,— լրջագույն մտորումներ մարդու, մարդկային կյանքի իմաստի մասին»[5]։ Ինքը՝ սցենարիստը և ռեժիսորը, լիովին զարմացած էր, որ ֆիլմն ընկալվել է որպես կինոկատակերգություն[6]։
Կինոքննադատ Միխայիլ Կուզնեցովը գրել է, որ ֆիլմում «ամեն ինչ չէ, որ անթերի է»[7]։ Ռեժիսորը, ըստ քննադատի, «ձախողվել է Պաշկայի երազները պատկերելիս, անհաջող է ընտրել կանանց դերերի կատարողներին (բացառությամբ միայն մորաքույր Անիսյայի)»։ Միաժամանակ նա նշել է «գլխավոր կերպարի զարմանալիորեն ամբողջական մեկնաբանությունը, նրա նկատմամբ հեղինակային խորը հետաքրքրությունը»[8]։ Մ. Կուզնեցովն ասել է. «... առավելագույն ճշգրտությամբ, բնականությամբ, անկաշառ ճշմարտացիությամբ է շնչում Վ. Շուկշին ռեժիսորի բեմադրած դրվագների մեծ մասը, իսկ դա փոքր նվաճում չէ... Ահա թե ինչու երիտասարդ գրողի, դերասանի և բեմադրիչի դեբյուտը ոչ միայն ինքնին հաջող է, այլև ապագայում էլ ավելին է խոստանում»[8]։
Քննադատ Լարիսա Կրյաչկոն փաստել է, որ «Վ. Շուկշինի ֆիլմը բարձր է գնահատվել կինոյի վարպետների կողմից»[9], սակայն քննադատել է Շուկշինի էթիկական դիրքորոշումները[10]։ Նա անընդունելի է համարել «այն դարում, երբ բոլորը սովորում են, գովերգել հերոսի անգրագիտությունը, սոցիալական մեծ հեղափոխությունների դարաշրջանում քարոզել որոշակի «գեղջկական» ճշմարտություն, կյանքի իմաստը փնտրել ամենապարզ բուսական ուրախությունների մեջ...»:
Կինոքննադատ Լև Աննինսկին նշել է, որ ֆիլմն ընդունվել է որպես կինոկատակերգություն, ուստի «կատակերգական հաջողությունը պարզապես նախատինքներից փրկել է Շուկշինին իր ռեժիսորական կարիերայի սկզբում. հազվագյուտ և անվստահ առարկությունները խեղդվել են ծիծաղի ծովում»[11]։ Այնուամենայնիվ, շուտով «մասնագետ քննադատներն արդեն անհանգստացել են. հոդվածից հոդված ի հայտ են եկել զգուշավոր ակնարկներ, թե արդյոք Վ. Շուկշինը շատ չի շեշտը դնում իր հերոսների «պարզամտության» վրա. այնպես որ, ի վերջո, կարող է ստացվել, որ ինտելիգենտ լինելը նման է մեղքի»[11]։
Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը նշել է, որ չնայած Պաշա Կոլոկոլնիկովի կյանքի նկատմամբ վերաբերմունքի լրջությանը, ֆիլմում «դրվել են իսկական կատակերգական անհամապատասխանություններ»։ Նրանք «մերկ և սաստկացված չէին, այլ խնամքով համեմված էին կենցաղային մանրամասներով, հոգեբանորեն մոտիվացված և, հետևաբար, գործում էին ներքուստ, գաղտնի»[12]։
Քննադատ Իննա Լևշինան Պաշա Կոլոկոլնիկովին անվանել է ռուսական բնավորության տեսակ և այսպես է նկարագրել նրան. «Լուսավոր, թեթև, մանկամիտ, հուզիչ և ծիծաղելի՝ հասարակ շուկշին-կուրավլյովյան տղա»[13]։ Իննա Լևշինան գրել է. «Ճիշտ գտնված Կուրավլյովը մեղմ դերասան է, որը կամաց-կամաց գրավում է հանդիսատեսին, և համեստ «ճանապարհային» սյուժեի դրամատուրգիան, որի խնդիրը հեղինակի դիրքորոշումն է ինքնին՝ հստակ սոցիալ-բարոյական չափանիշներով, ահա թե ինչն է... «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմ բերել պատումի ամբողջականություն ու ռեժիսորական հավաքվածություն»[14]։
Կինոքննադատ Կոնստանտին Ռուդնիցկին նշել է, որ ֆիլմը քննադատների կողմից ընդունվել է «բարյացակամորեն, սակայն սառնությամբ»[15]։ Նրա իսկ գնահատմամբ՝ սա «շատ լավ, անկաշկանդ, ազատ խաղարկված ֆիլմ է՝ լի կյանքով և խորամանկ շուկշինյան հումորով»[15]։
Կինոգետ Յուրի Տյուրինը մանրամասն ուսումնասիրել է ֆիլմը՝ նշելով, որ այն «կինեմատոգրաֆիական կյանքի իրադարձություն էր», և այն նկատել են հանդիսատեսն ու քննադատները[16]։ Նա նաև նշել է, որ «Շուկշինը մեծ կինո Է եկել իր կենտրոնական թեմայով, իր պատկերավորության համակարգով»[17]։
Մեկ այլ հայտնի կինոգետ Գեորգի Կապրալովը կարծում էր, որ «Շուկշինը սկսել է կոտրել... սովորական սխեմաները, եթե խոսենք կինոյի մասին, իր առաջին իսկ ինքնուրույն ռեժիսորական աշխատանքով...»[18][19]։ Նա նաև գրել է, որ «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը «նրանով է գրավում, որ միանշանակ լուծումներ չի տալիս, այլ ստիպում է մտածել կյանքի բարդության մասին, խորհել բարու, բարոյականության, ճշմարիտ և կեղծ գեղեցկության մասին»[20]։
Կինոգետ Նեա Զորկայան գրել է. «...Դեբյուտանտ ռեժիսորի «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը փայլեց հումորով, ասես առավոտյան թարմ ցող, բացեց հմայիչ դիմանկարների շարք, որոնք պատկերված են անթերի գիտելիքներով և բարեկամական սիրով։ Եվ նրանց բոլորին կարծես գրավում է դեպի իր երթուղին վարորդ Պաշկա Կոլոկոլնիկովը։ Լեոնիդ Կուրավլյովի կատարմամբ էկրանին ներկայացվեց իսկական ռուս ժողովրդական հերոս, ժամանակակից Իվանուշկան, միամիտ և խորամանկ, երազող և հավատարիմ ընկեր։ Ծնվել է արտասովոր կինեմատոգրաֆիստ»[21]։
Շուկշինի ստեղծագործության հետազոտող Իրինա Շեստակովան գրել է. «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը դարձել է նոր ինքնատիպ ստեղծագործություն, որում Վ. Շուկշինը ցուցադրել է արվեստի երկու տեսակի՝ գրականության և կինեմատոգրաֆիայի սինթեզի հնարքների տիրապետումը»[22]։ Մշակութաբան Նատալյա Կիրիլովան նման գնահատական է տվել. «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 27 մլն հանդիսատես, շրջադարձային է դարձել Վ. Մ. Շուկշինի ճակատագրում՝ իրար կապելով նրա գրական և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը»[23].
Մրցանակներ
խմբագրել- 1964 թվականի Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի առյուծ» մրցանակ մանկական լավագույն ֆիլմի համար,
- Առաջին համամիութենական կինոփառատոնի մրցանակ (Լենինգրադ, 1964) լավագույն կատակերգական ֆիլմի համար («կենսուրախության, քնարականության և օրիգինալ լուծման համար»)։
«Երջանիկ եղիր, Պաշկա՛»
խմբագրել1995 թվականին Լեոնիդ Կուրավլյովը կրկին կատարել է Պաշկա Կոլոկոլնիկովի դերը «Երջանիկ եղիր, Պաշկա՛» սոցիալական գովազդային հոլովակում[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0058771/
- ↑ «В Воронеже появился арт-объект, посвящённый Василию Шукшину». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Затерянный дворец». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Донской, 1964, էջ 50—52
- ↑ Донской, 1964, էջ 50
- ↑ Шукшин, 1964, էջ 52
- ↑ Кузнецов, 1965, էջ 137
- ↑ 8,0 8,1 Кузнецов, 1965, էջ 142
- ↑ Крячко, 1965, էջ 176
- ↑ Крячко, 1965, էջ 176—177
- ↑ 11,0 11,1 Аннинский, 1966, էջ 15
- ↑ Юренев, 1973, էջ 97
- ↑ Левшина, 1969, էջ 7
- ↑ Левшина, 1970, էջ 46
- ↑ 15,0 15,1 Рудницкий, 1977, էջ 99
- ↑ Тюрин, 1984, էջ 115
- ↑ Тюрин, 1984, էջ 117
- ↑ Капралов, 1979, էջ 33
- ↑ Коробов, 1988, էջ 108
- ↑ Капралов, 1979, էջ 36
- ↑ Зоркая, 2017, էջ 194
- ↑ Шестакова, 2012, էջ 48
- ↑ Кириллова, 2017, էջ 244
- ↑ «Русский проект. Будь счастлив, Пашка». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Донской М. Есть такой режиссёр! // Искусство кино. — 1964. — № 9. — С. 50—52.
- Шукшин В. Послесловие к фильму «Живёт такой парень» // Искусство кино. — 1964. — № 9. — С. 52—53.
- Крячко Л. Бой «за доброту» // Октябрь. — 1965. — № 3. — С. 175—184.
- Кузнецов М. Дебют, обещающий многое… // Экран 1964 / Сост. М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1965. — С. 136—142. — 388 с.
- Аннинский Л. Не в этом дело, тятя! // Искусство кино. — 1966. — № 7. — С. 15—20.
- Левшина И. Актёр непредвиденных возможностей // Советский экран. — 1969. — № 23. — С. 7.
- Левшина И. Шукшин против… Шукшина? // Искусство кино. — 1970. — № 2. — С. 40—49.
- Юренев Р. Талант обещает многое // Искусство кино. — 1973. — № 12. — С. 97—103.
- Рудницкий К. Проза и экран. Заметки о режиссуре Василия Шукшина // Искусство кино. — 1977. — № 3. — С. 96—125.
- Капралов Г. «Борьба за человека никогда не кончается» // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 31—53. — 335 с.
- Тюрин Ю. П. Есть такой режиссёр! («Живёт такой парень») // Кинематограф Василия Шукшина. — М.: Искусство, 1984. — С. 74—120. — 320 с.
- Коробов В. И. Василий Шукшин. — М.: Современник, 1988. — 286 с.
- Шестакова И. Поэтика фильма В. Шукшина «Живёт такой парень» // Мир науки, культуры, образования. — 2012. — № 4. — С. 46—48.
- Шестакова И. В. От рассказов к фильму: «Живёт такой парень» // Интермедиальная поэтика раннего кинематографа В. М. Шукшина. — Барнаул: Издательство Алтайского университета, 2013. — С. 26—67. — 179 с.
- Серебряная О. «Живёт такой парень»: «Думать шибко люблю» // Воспоминания о Шукшине / Сост. Л. Аркус, В. Степанов, А. Чечот. — М.: Фонд «Формула успеха» имени В. М. Шукшина, 2017. — С. 89—108. — 304 с.
- Зоркая Н. М. Лента длиною в эпоху. Шедевры советского кино. — М.: Белый город, 2017. — С. 194. — 249 с.
- Кириллова Н. Б. …Нравственность есть правда… Философия творчества Василия Шукшина // Парадоксы медийной культуры : избр. статьи. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2017. — С. 237—262. — 452 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Тюрин Ю. П. — М.: Искусство, 1984«Есть такой режиссёр! («Живёт такой парень»)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.