Ռոդիոն Նահապետով
Ռոդիոն Ռաֆայելի Նահապետով (հունվարի 21, 1944, Պյատիխատկի, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ), խորհրդային, ամերիկացի, ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Ականակիրները» ֆիլմի դերակատարման համար (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
Ռոդիոն Նահապետով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Պյատիխատկի, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1965) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1972) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1964-մինչ այժմ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | թատրոն և Կինեմատոգրաֆիա |
Ամուսին | Վերա Գլագոլևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0620471 |
rodionnahapetov.com |
Կենսագրություն
խմբագրելՌոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թվականին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում, ռմբակոծությունների ժամանակ, մի տանը, որտեղ պատսպարվել էր մայրը՝ Ռոդինա ընդհատակյա կազմակերպության կապավորը։ Ավելի ուշ Ռոդիոն Նահապետովը հիշում է[2]
Հայրը՝ Ռաֆայել Թադևոսի Նահապետովը[3]՝ հայ էր[4] Ռոդիոնի մոր հետ ծանոթացել էր Կրիվորոժիեում՝ պարտիզանական ջոկատում։ Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո հայրը վերադարձավ Հայաստան, որտեղ նա ընտանիք ուներ։ Իր հորը Ռոդիոնը երբեք չի տեսել և մինչև տասը տարեկանը կարծում էր, որ նա զոհվել է պատերազմի ժամանակ[2][5]։
Մայրը՝ Գալինա Պրոկոպենկոն (1922-1966), ուկրաինացի էր, գյուղական դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի[2][6]։
Որոշ ժամանակ Ռոդիոնը խորթ հայր ուներ, ով մաթեմատիկայի ուսուցիչ էր և հեռացել էր ընտանիքից մոր հիվանդության սկսվելու ժամանակ[5]։
Պատերազմից հետո Ռոդիոնն ապրում էր տատիկի հետ Սկալևատկա գյուղում, որտեղից 1949 թվականին մոր հետ տեղափոխվեց Դնեպրոպետրովսկ։ Առաջին տարիներին ընտանիքը մահճակալով անկյուն էր վարձում և նյութական մեծ կարիքի մեջ էր։ Ռոդիոնի մայրը սկզբում աշխատում էր որպես պիոներջոկատավար, իսկ 1950 թվականի սեպտեմբերից՝ Դնեպրոպետրովսկի № 34 միջնակարգ դպրոցում՝ որպես ուկրաիներեն լեզվի և գրականության ուսուցչուհի։
1951 թվականին 29 տարեկան մոր մոտ տուբերկուլոզ հայտնաբերվեց, որի արդյունքում նա հոսպիտալացվեց, իսկ փոքր Ռոդիոնը դպրոցի միջնորդությամբ, ուղարկվեց Նովոմոսկովսկ՝ մանկատուն[7]։ 1954 թվականին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ռոդիոնին ետ վերցրեց մանկատնից[6]։
Որոշ ժամանակ աշխատելով որպես դաստիարակ քաղբանտարկյալների ճամբարում՝ մայրը օգնում էր բանտարկյալներին՝ նրանց նամակները դուրս փոխանցելով։ 1962 թվականի գարնանը, այն բանից հետո, երբ Նիկիտա Խրուշչովին նամակ գրեց, որպեսզի նա ամեն ինչում գլուխ հանի, քաղբանտարկյալներին ակտիվ օգնություն ցուցաբերելու համար նրան ուղարկեցին Իգրենի հոգեբուժարան։ Որոշ ժամանակ անց Ռոդիոնին հաջողվեց մորը հանել այնտեղից, սակայն շուտով Գալինան մահացավ քաղցկեղից, որը իր կարծիքով ներարկումների հետևանք էր[5]։ Ավելի ուշ Նահապետովն այդ մասին նկարահանեց «Հոգեբուժարան» («Վարակում»[8]) ֆիլմը։ Սցենարի վրա աշխատանքը Նահապետովի վրա մեծ զգացմունքային ազդեցություն թողեց[9]։
Հետպատերազմյա աղքատ կենցաղը և մշտական նյութական կարիքը կոփեց Նահապետովի բնավորությունը և ձևավորեց ամեն գնով աղքատությունից դուրս գալու և հայտնի մարդ դառնալու ձգտումը։ Հետագայում լինելով հայտնի խորհրդային դերասան, 1970-ական թվականներին վերադառնալով Դնեպրոպետրովսկ՝ ընկերոջ հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է, որ այլևս չվերադառնա այդ քաղաք[5]։
Մանկության ընկերների հիշողությամբ Նահապետովը քիչ էր շփվում, խելոք էր և ոչ կռվարար։ Ընկերների հետ զբոսնել չէր սիրում, շախմատը, գրքերը և թատերական խմբակը նախընտրում էր ժամանցային խաղերից[6]։
Նահապետովի ամենամոտ ընկերը դերասան Ժենյա Բեզռուկավին էր, ով նույնպես ավարտել էր № 34 դպրոցը։ Նրա օրինակին հետևելով էր, որ Ռոդիոնը ընդունվեց Դնեպրոպետրովսկի թատերական ուսումնարան։ Բակի ընկերները նրան актюр էին անվանում։ Սակայն մականունը նրան չհուսահատեց, միայն մղեց ավելի վճռական քայլերի, և 1960 թվականին չավարտելով ուսումնարանը՝ տեղափոխվեց Մոսկվա[10]։
Դեռևս դպրոցում Նահապետովը հետաքրքրվում էր գիտաֆանտաստիկ գրականությամբ։ Սովորում էր նավամոդելային խմբակում, լուրջ հետաքրքրվում էր նկարչությամբ և երաժշտությամբ, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով չկարողացավ զարգացնել այդ հմտությունները։ Առավել ուժեղ էր թատրոնով հետաքրքրվածությունը, որին նպաստում էին Մշակույթի տանը կից գործող դրամատիկական խմբակում պարապմունքները, որտեղ ձեռք բերեց դերասանական խաղի առաջին հմտությունները։ Նահապետովի՝ դերասան դառնալու ցանկությունն ավելի սրվեց, երբ նա ներկա գտնվեց այն ժամանակի հայրենական կինոյի հայտնի դերասանների՝ Բորիս Անդրեևի, Մարինա Լադինինայի և Սերգեյ Բոնդարչուկի հետ հանդիպմանը[6][7]։
Դպրոցն ավարտելուց հետո[11]՝ 16 տարեկան հասակում, առաջին փորձից ընդունվեց ՎԳԻԿ-ի դերասանական ֆակուլտետ՝ Յուլիա Ռայզմանի արվեստանոց։ Քանի որ Ռայմզանը նկարահանումներում շատ էր զբաղված և քիչ էր ուշադրություն դարձնում խմբակին, հետագա դերասանի ուսուցմամբ սկսեց զբաղվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի (МХАТ) դերասան Անատոլի Շիշկովը, ինչպես նաև Ալեքսանդր Բենդերը և Էմիլիա Կրավչենկոն։ Ռոդիոն Նահապետովը 1965 թվականին ավարտեց ՎԳԻԿ-ը[6][7][12]։
1972 թվականին Ռոդիոն Նահապետովն ավարտեց նաև ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Իգոր Տալանկինի արվեստանոցը։ 1978 թվականից աշխատել է Մոսֆիլմում որպես դերասան և ռեժիսոր[12]։
1989 թվականին Նահապետովը աշխատանքի հրավեր ստացավ և մեկնեց ԱՄՆ, որտեղ մշտական բնակություն հաստատեց և աշխատեց մինչև 2003 թվականը[12]։
2003 թվականից Նահապետովը ապրում և աշխատում է Ռուսաստանում[6]։
Անվան պատմություն
խմբագրելՆահապետովի մայրը զգացմունքային պոռթկման ազդեցության տակ որդուն անվանեց «Ռոդինա» (ռուս.՝ Родина - հայրենիք) պարտիզանական ջոկատի պատվին։ Դպրոցում նրան հակիրճ անվանում էին Ռադիկ։ Ավելի ուշ, երբ Նահապետովն անձնագիր էր ստանում, Դնեպրոպետրովսկի անձնագրային բաժնում անվան վերջին տառը հանեցին և համարելով, որ Ռոդինա անունը իգական անուն է, նրան գրանցեցին արական անունով՝ որպես Ռոդին[5]։ «Առաջին ձյունը» ֆիլմի նկարահանումներից հետո խմբագիրը, նայելով տիտղոսագրերը, համարեց, որ վրիպակ է տեղի ունեցել և ուղղեց դերասանի անունը՝ ավելացնելով ի տառը՝ Ռոդիոն։ Այսպես, Ռոդինա Նահապետովը դարձավ Ռոդիոն Նահապետով[2][6]։
Ընտանիք
խմբագրելԱռաջին անգամ Ռոդիոն Նահապետովն ամուսնացել է թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասանուհի Վերա Գլագոլևայի հետ (1976-1991), ում հետ ծանոթացել էր «Աշխարհի վերջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց ամուսնությունից ծնվեցին 2 դուստրերը՝ Աննան (հոկտեմբերի 14, 1978), որը դերասանուհի է, Մեծ թատրոնի բալետի պարուհի և Մարիան (հունիսի 28, 1980), ով ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստական ֆակուլտետը։
Երկրորդ անգամ ամուսնացել է ԱՄՆ քաղաքացի, կինո և հեռուստապրոդյուսեր Նատալիա Շլյապնիկովի հետ[2][5][6], ում ծնողները ռուս տարագիրներ էին։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԽՍՀՄ-ում
խմբագրելԴերասան
խմբագրելԴեռ ինստիտուտում Նահապետովը, ուսման նկատմամբ ունենալով լուրջ ու հարգալից վերաբերմունք և հեշտ իմպրովիացիա անելով՝ կարողանում էր մաքսիմալ հասնել իր հերոսների կերպարների արտահայտմանը։ ՎԳԻԿ-ն ավարտելիս Ռոդիոն Նահապետովը դիպլոմայինը հանձնելու ժամանակ արդեն 2 գլխավոր դեր էր խաղացել՝ ինժեներ Գենայի դերը ռեժիսոր Վասիլի Շուկշինի «Այսպիսի տղա է ապրում» (1964) և երիտասարդ պոետ Կոլյա Տերենտևի դերը ռեժիսորներ Բորիս Գրիգորևի և Հուրի Շվիրյովի «Առաջին ձյունը» (1964) ֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա նկարահանվեց ևս մեկ՝ ռեժիսոր Մառլեն Խուցիևի «Ես 20 տարեկան եմ» ֆիլմում, որը պատմում էր 1960-ական թվականների երիտասարդության մասին[13]։
Առաջին իսկ դերակատարումից հետո դերասանի բնավորության մեջ նկատվեց ինդիվիդուալություն, ներքին զսպվածություն և ուժ[7]։ Իր հերոսների բնավորությունների ուսումնասիրմանը Ռոդիոնը մոտենում էր հասուն պրոֆեսիոնալի պես։ Այսպես, ռեժիսոր Մարկ Դոնսկոյի «Մոր սիրտը» (1965) և «Մոր հավատարմությունը» դիլոգիաներում Վլադիմիր Լենինի կերպարը ներդաշնակ ներկայացնելու համար, Ռոդիոնը կարդաց մի շարք հոդվածներ և գրքեր. ֆիլմում դերասանը խաղում էր Լենինին 3 տարբեր հասակներում՝ պատանի, երիտասարդ և հասուն։ Այս աշխատանքը դերասանի համար քննություն էր, որով ցույց էր տրվում նրա պրոֆեսիոնալ և ոչ միայն հասունությունը[6][12]։ Ստեղծագործական համագործակցությունը Դոնսկոյի հետ ձևավորեցին Նահապետովին իբրև դերասան։ Մարկ Դոնսկոյը Ռոդիոնին վերաբերվում էր որդու պես և մեծ ջերմությամբ։
Հանդիսատեսի սերն ու Ռոդիոնի հանրահայտությունն եկավ Ուզբեկֆիլմում ռեժիսոր, նրա ուսանողական ընկեր Էլյոր Իշմուխամեդովի «Քնքշություն» (1966) և «Սիրահարները» ֆիլմերի նկարահանումներից հետո։ «Քնքշություն» ֆիլմում Ռոդիոնը (Տիմուր) խաղում էր անփոխադարձ, հանկարծակի և ողբերգալի ավարտված սիրո դեր։ Հետագա «Սիրահարները» ֆիլմում նա խաղում էր հակահրդեհային հրաձիգի դեր, ում ֆիլմի հեղինակները վերագրեցին Ռոդիոն Նահապետովի որոշ կենսագրական տվյալներ և վերջինիս տվեցին Ռոդին անունը։ Հենց այս դերերից հետո Ռոդիոնը ձեռք բերեց 1960-ական թվականների քչախոս ինտելիգենտ երիտասարդի կերպարը, ով որոշ առումով իր ժամանակի հերոսն էր համարվում[5][7][12]։
Ռեժիսորներ Բորիս Գրիգորևի և Յուրի Շվիրևի «Գաղտնաբառ պետք չէ» ֆիլմում հետախույզ Մաքսիմ Իսաևի դերակատարման համար Ռոդիոն Նահապետովը 1968 թվականին Համամիութենական կինոփառատոնում մրցանակ ստացավ։
Ռոդիոն Նահապետովի կատարմամբ հանդիսատեսի կողմից հիշվեց ձախ էքստրեմիստ, տաքարյուն հեղափոխական Բենեդիկտոյի դերը սուր սյուժեով, ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Այդ քաղցր բառը՝ ազատություն» ֆիլմում (1972). հերոսը լատինոամերիկյան հորինված մի երկրից էր։ Դերասանական մեծ հաջողություն ունեցավ արի ծովային օդաչու, ավագ լեյտենանտ Ալեքսանդր Բելոբրովի դերը ռեժիսոր Սեմյոն Արանովիչի «Ականակիրները» հերոսական ֆիլմում (1983)։ Այս դերակատարման համար Նահապետովը ստացավ Դովժենկոյի անվան արծաթե մեդալ և ԽՍՀՄ պետական մրցանակ[5][7][12]։
2004 թվականին՝ «Սիրահարները» ֆիլմի ցուցադրումից 35 տարի անց, Ռոդիոն Նահապետովը կրկին նկարահանվեց Էլյոր Իշմուխամեդովի «Սիրահարները 2» ֆիլմում, որտեղ խաղաց իր նախկին հերոսին՝ Ռոդինին, ով ծերացել էր 20 տարով։
Ռեժիսոր
խմբագրելԵրբ Ռոդիոն Նահապետովը սովորում էր ՎԳԻԿ-ի դերասանական բաժնում, Իգոր Տալանկինն նրան հրավիրեց իր ռեժիսորական արվեստանոց։ Սակայն մի քանի տարի անց, Մարկ Դոնսկոյի հետ «Մոր սիրտը» և «Մոր հավատարմությունը» ֆիլմերում համատեղ աշխատանքից հետո, արդեն որպես կայացած դերասան, Ռոդիոն Նահապետովը որոշեց զբաղվել ռեժիսուրայով։ Առաջին ռեժիսորական աշխատանքները կարճամետրաժ «Հիշո՞ւմ ես» և «Գինի խատուտիկներից» ֆիլմերն էին (1972)։ Առաջին ֆիլմը հիմնված է ռեժիսորի՝ մանկատանն ապրելու ժամանակվա անձնական հիշողությունների վրա։ Երկրորդը՝ Ռեյ Բրեդբերիի համանուն պատմվածքի երաժշտական էկրանավորումն է[7]։
Նահապետովի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Քեզ հետ և առանց քեզ» (1973) ֆիլմն է, որը նա 1975 թվականին ներկայացրեց Սան Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնում և որն ավելի ուշ Բելգիայի «Ֆեմինա» ամենամյա ֆիլմադիտման ժամանակ ստացավ մրցանակ[6][7]։ Ֆիլմը պատմում է Մարինա Նեյոլովայի և Յուոզաս Բուդրայտիսի հերոսների սիրո պատմության մասին[7][12]։
Ռոդիոն Նահապետովի երկրսրդ ֆիլմը՝ «Աշխարհի վերջը» (1975), Լյուբլյանի «Մարդ-աշխատանք-ստեղծագործություն» միջազգային կինոֆորումի ժամանակ 1976 թվականին ստացավ Մեծ մրցանակ։ Ֆիլմը բազում ուղղումների ենթարկվեց և դժվարությամբ էկրան բարձրացավ, սակայն մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում։ Գլխավոր դերը խաղաց Վերա Գլագոլևան, ով արդյունքում դարձավ ռեժիսորի կինը։
Նահապետովի ռեժիսորական աշխատանքների գլխավոր թեման սերն էր, պայքարը ժամանակի հետ, հույսի պահպանումը կամ էլ հանգամանքների բերումով դրա կորուստը։ Մաքսիմ Գորկու «Թշնամիները» պիեսի էկրանավորման մեջ դերակատարումների համար Ռոդիոն Նահապետովը հավաքեց տաղանդների մի ամբողջ բանակ՝ Ինոկենտի Սմոկտունովսկի, Նիկոլայ Գրիցենկո, Նիկոլայ Տրոֆիմով, Ելենա Սոլովեյ, Մարինա Նեյոլովա, Ռեգիմանտաս Ադոմայտիս, Յուոզաս Բուդրայտիս, Վերա Գլագոլևա[7][12]։
Նահապետովը 1980 թվականին Բորիս Վասիլևի վեպի հիման վրա «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» հեռուստաֆիլմը նկարահանեց, որը 1981 թվականին Երևանում կայացած Համամիութենական կինոփառատոնին մրցանակ ստացավ։ Ֆիլմը պատմում է մարդու և հասարակության բարդ հարաբերությունների մասին, բնության նկատմամբ սիրո, մարդասիրության և արդարության մասին։ Ինչպես և նախկին ֆիլմերը, այս մեկը ևս դժվար գրաքննական ճանապարհ անցավ, սակայն հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն ունեցավ։ Գլխավոր դերերում նկարահանվեցին հայտնի դերասաններ Ստանիսլավ Լյուբշինը և Նինա Ռուսլանովան։ Բորիս Վասիլևը, ով մասնակցում էր սցենարի ստեղծման աշխատանքներին, տեսնելով, որ սցենարի վերջնական տարբերակը էականորեն տարբերվում է վեպից, պահանջեց իր ազգանունը հանել տիտրերից[7][12]։ Վերա Գլագոլևայի մասնակցությամբ (գլխավոր դեր) «Քո մասին» (1981) երաժշտական ֆիլմը 1983 թվականին Մոնտե Կարլոյի փառատոնին ստացավ «Ոսկե նիմֆա» մրցանակ[7][12]։
ԽՍՀՄ-ում Նահապետովի նկարահանած վերջին ֆիլմը «Գիշերվա ավարտին» ֆիլմն էր։ Չնայած ԽՍՀՄ-ի տարածքում այն մեծ հաջողություն չունեցավ, 20th Century Fox հոլիվուդյան կինոընկերությունը գնեց ֆիլմը համաշխարհային ցուցադրության համար[6][7]։
Ի հավելումն հիմնական ռեժիսորական աշխատանքին՝ Ռոդիոն Նահապետովը հանդես էր գալիս նաև որպես կոմպոզիտոր՝ գրելով երաժշտություն երկու փաստագրական ֆիլմերի համար[12]։
ԱՄՆ-ում
խմբագրել1989 թվականին (որոշ տվյալներով նաև 1991 թվականին) այն բանից հետո, երբ նրա «Գիշերվա ավարտին» (1987) ֆիլմը գնվեց 20th Century Fox կինոընկերության կողմից, Ռոդիոն Նահապետովը իր ծանոթներից մեկի հրավերով մեկնեց ԱՄՆ, որտեղ ապրում և աշխատում էր մինչև 2003 թվականը[7][12][14]։
Մեկնելուց քիչ անց Նահապետովը ամուսնալուծվեց Վերա Գլագոլևայից՝ թողնելով նրան 2 երեխաների հետ և ամուսնացավ իր մենեջեր Նատալիա Շլյապկինոֆի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր ԱՄՆ-ի անկախ հեռուստատեսության ասոցիացիայում[7]։
Ամերիկյան կինոյում ինքնահաստատվելու առաջին փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Նրա կողմից գրված բազմաթիվ սցենարները պահանջարկ չունեին։ Միայն երկու տարի անց՝ 1992 թվականին, երբ Ռոդիոն Նահապետովը կնոջ՝ Նատալիայի հետ, արդեն պատրաստվում էին վերադառնալ Ռուսաստան, նրան հաջողվեց կնքել առաջին հոլիվուդյան պայմանագիրը Էրիկ Լի Բաուերսի սցենարի հիման վրա «Հեռազգաց» (Stir) գեղարվեստական ֆիլմը նկարահանելու համար։ Ֆիլմը էկրան բարձրացավ 1997 թվականին։ Այս ֆիլմում ռեժիսորն առաջին անգամ էր աշխատում ամերիկացի հեռուստադիտողի շրջանում հայտնի ֆանտաստիկ թրիլեր ժանրում։ Գլխավոր դերերում նկարահանվեցին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Մայքլ Ջորջ Փոլարդը, Կարեն Բլեքը, Թոնի Թոդը, Ռենո Ուիլսոնը և այլք։ Փոքր դերով հանդես եկավ նաև ռեժիսորը[6][12]։
Այս ֆիլմի նկարահանումների համար Նահապետովը կնոջ հետ 1995 թվականին ստեղծեց իր RGI Productions կինոընկերությունը, որը, «Հեռազգաց»-ից հետո համագործակցելով ОРТ հեռուստաալիքի հետ, նկարահանեց ԱՊՀ-ում հայտնի «Մահացու ուժ 2» հեռուստասերիալի ամերիկյան 3 սերիաներ՝ «Առաքելությունն իրականանալի է» ընդհանուր անվամբ։ Նահապետովը մասնակցեց այդ նկարահանումներին որպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Այս համագործակցության հաջողության շնորհիվ կայացավ ռուս-ամերիկյան հաջորդ նախագծի համատեղ իրականացումը՝ «Ռուսները հրեշտակների քաղաքում» 12 սերիանոց դետեկտիվ հեռուստաֆիլմը, որը էկրան բարձրացավ 2002 թվականին։ Ֆիլմի սցենարը գրեց Ռոդիոն Նահապետովը։ Ֆիլմում նկարահանվեցին հայտնի դերասաններ Կարեն Բլեքը, Էրիկ Ռոբերթսը, Լեյն Դևիսը, Շոն Յանգը, Գարի Բյուզին, Էրիկ Էստրադան, ինչպես նաև ռուս կինոդերասաններ Լև Դուրովը, Վալերի Նիկոլաևը, Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան, Եկատերինա Ռեդնիկովան և այլք։ Գլխավոր դերը խաղաց Նահապետովը, իսկ դերերից մեկը՝ ավագ դուստրը՝ Աննան։
Հաջորդ լիամետրաժ ֆիլմ-թրիլերը՝ «Սահմանային բլյուզ»-ը, Նահապետովը նկարահանեց իր սցենարի հիման վրա արդեն կայացած դերասանական կազմով։ Գլխավոր դերերը խաղացին նախկին ֆիլմում նկարահանված Էրիկ Ռոբերթսը, Գարի Բյուզին, Էրիկ Էստրադան, Եկատերինա Ռեդնիկովան և Վլադիմիր Ստեկլովը։ Ֆիլմը էկրան բարձրացավ 2004 թվականին։ Բյուջեն կազմեց $10 000 000:
Նույն թվականին էկրան բարձրացավ Ռուսաստանի «Ցենտրալ Պարտներշիփ» կինոստուդիայում ռեժիսորի կողմից նկարահանված բազմասերիանոց «Իմ մեծ հայկական հարսանիքը» լիրիկական կոմեդիան (սցենարը՝ Հաննա Հովհաննիսյան-Սլուցկու)։ Գլխավոր դերերը խաղացին ռուս և հայ հայտնի դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մարատ Բաշարովը, Մարիա Շուկշինան, Նատալիա Անդրեյչենկոն և այլք։ Ռեժիսորը ֆիլմում միայն փոքր դեր խաղաց՝ գլխավոր հերոսուհու հոր կերպարը։ «Հայկական հարսանիքից» հետո Նահապետովը սցենար գրեց և իր RGI Productions կինոընկերությունում նկարահանեց «Վարակում» (Contamination) հոգեբանական թրիլերը։ Սցենարը մասամբ հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի էին ունեցել 1960-ական թվականներին ռեժիսորի մոր հետ[15]։ Ռեժիսորի հիմնական դերասանական կազմի (Էրիկ Ռոբերթս, Կարեն Բլեք) հետ մեկտեղ ռուս-ամերիկյան ֆիլմում նկարահանվեցին ռուս հայտնի դերասաններ Անդրեյ Սմոլյակովը, Իգոր Արտաշոնովը, Ալեքսանդր Անդրիենկոն և այլք։ Ֆիլմում խաղաց նաև ռեժիսորի կրտսեր դուստրը՝ Մարիան։ Ֆիլմը կինովարձույթի դուրս եկավ 2007 թվականին։ 2008 թվականին «Ոսկե փյունիկ» կինոփառատոնին ռեժիսորն այս ֆիլմի համար Ռուսաստանի դերասանների գիլդիայի կողմից հատուկ մրցանակ ստացավ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ռուսական մշակույթի առաջխաղացման համար։
Բացի գեղարվեստական ֆիլմերից RGI Productions ստուդիայում Նահապետովը նկարահանել է նաև 3 լիամետրաժ փաստագրական ֆիլմեր[5][7]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելՊետական մրցանակներ
խմբագրել- 1967 - ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
- 1985 - ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Ականակիրները» ֆիլմի դերակատարման համար[12][14]
- 1985 - ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ[12]
Կինո-հասարակական մրցանակներ
խմբագրել- 1968 - Համամիութենական կինոփառատոնի մրցանակ՝ դերասանական աշխատանքի համար
- 1976 - Բելգիայի Ֆեմինա ամենամյա կինոդիտումների մրցանակ՝ «Քեզ հետ և առանց քեզ» ֆիլմի համար
- 1976 - «Մարդ-աշխատանք-ստեղծագործություն» միջազգային կինոֆորումի Մեծ մրցանակ (Լյուբլյանա)՝ «Աշխարհի վերջը» ֆիլմի համար
- 1981 - Երևանում կայացած Համամիութենական կինոփառատոնի մրցանակ՝ «Մի կրակեք սպիտակ կարապների վրա» բազմասերիանոց հեռուստաֆիլմի համար
- 1983 - Մոնտե Կարլոյի «Ոսկե նիմֆա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար «Քո մասին» երաժշտական հեռուստաֆիլմում (Ռադի Կուշներովիչի հետ)
- 1984 - Ալեքսանդր Դովժենկոյի անվան արծաթե մեդալ՝ «Ականակիրները» ֆիլմում դերակատարման համար
- 2008 - Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի հատուկ մրացանակ «Ոսկե փյունիկ» կինոփառատոնում՝ «Վարակում» ֆիլմի շնորհիվ համաշխարհային կինեմատոգրաֆում ռուսական մշակույթի առաջխաղացման համար
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2015 | Гознак | Նորաձևության տան
կադրերի բաժնի պետ |
2013 | Երդվում ենք պաշտպանել | Իվան Նաչալով |
2008 | Ժառանգություն | Վլադիմիր Սերով |
2007 | Առաջինը տանը | վարորդ |
2007 | Վարակում | Վասիլի Տելնիկ |
2005 | Իմ մեծ հայկական հարսանիքը | Գրիգորի, Լենայի հայրը |
2004 | Սահմանային բլյուզ | |
2004 | Սիրահարները 2 | Ռոդին |
2002 | Ռուսները հրեշտակների քաղաքում | Անդրեյ Սոմով |
2001 | Մահացու ուժ 2 | Ժենյա |
1997 | Հեռազգացը | գլխավոր մաֆիոզ |
1989 | Այն | Գրուստիլով |
1988 | Առավոտյան մայրուղի | Անտոն Կլյամին (վարորդ) |
1988 | Թռչնի թռիչք | Գլեբ |
1987 | Գիշերվա ավարտին | դրվագ |
1986 | Հարձակում ՌԷՊԿ-ի վրա | Բորիսով |
1985 | Ցատկ | Կուստովսկի |
1984 | Հետքերով գնացողը | |
1984 | Ինչ-որ մեկը պետք է․․․ | Դենիս Դրոբիշև |
1984 | Ներիր մեզ, առաջին սեր | Ալիկ |
1983 | Ականակիրները | Ալեքսանդր Բելոբրով |
1983 | Սերաֆիմ Պոլուբեսը և Երկրի
այլ բնակիչները |
Նիկիտա Զավյալով |
1983 | Ուշացած սերը | Նիկոլայ Շաբլով |
1982 | Մարդը, որ փակեց քաղաքը | Ռոգով |
1982 | Երկու ղեկավարները
ընտանեկան քրոնիկոսից |
Գամեր |
1982 | Մոնտ Օրիոլ | Պոլ դե Պրետինի |
1981 | Сужу тебя любовью | Սոպկո |
1981 | Փակ դռան առջև | Մուրադ |
1980 | Վալենտինա | Վլադիմիր Շամանով |
1978 | Կասկածյալը | Դիմիտրիու |
1976 | Սիրո ստրկուհին | Վիկտոր Պոտոցկի |
1975 | Երազել և ապրել | Կոնստանտին Պետրովիչ |
1972 | Այդ քաղցր բառը՝ ազատություն | Բենեդիկտո |
1969 | Հին տունը | Նիկոլայ Օգարյով |
1969 | Սիրահարները | Ռոդին |
1967 | Ուղիղ գիծ | գիտնական Վոլոդյա Բելով |
1967 | Գաղտնաբառ պետք չէ | Մաքսիմ Իսաև |
1966 | Քնքշություն | Տիմուր |
1966 | Մոր հավատարմությունը | Վ․ Լենին |
1965 | Մոր սիրտը | Վ․ Լենին |
1962-1964 | Ես քսան տարեկան եմ | կարմիրբանակային |
1964 | Առաջին ձյունը | պատմասաց |
1964 | Ապրում է այսպիսի տղա | Գենա |
Ռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2007 | Վարակում |
2004 | Սահմանային բլյուզ |
2004 | Իմ մեծ հայկական հարսանիքը |
2002 | Ռուսները հրեշտակների քաղաքում |
2001 | Մահացու ուժ 2 |
1997 | Հեռազգացը |
1987 | Գիշերվա ավարտին |
1986 | Հովանոց նորապսակների համար |
1984 | Հետքերով գնացողը |
1981 | Քո մասին |
1979 | Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա |
1977 | Թշնամիները |
1975 | Աշխարհի վերջը․․․ |
1973 | Քեզ հետ և առանց քեզ |
1972 | Գինի խատուտիկներից |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2007 | Վարակում |
2004 | Սահմանային բլյուզ |
2002 | Ռուսները հրեշտակների քաղաքում |
1984 | Հետքերով գնացողը |
1981 | Քո մասին |
1972 | Գինի խատուտիկներից |
Հնչունավորում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Կերպար |
---|---|---|
2014 | Գրիգորի Ռ․ | Նիկոլայ II |
1984 | Հաղթանակ | Կլաուս Վերներ |
1984 | Հետքերով գնացողը | Վալենտին Ռուսով |
1983 | Ետ նայիր | ուսուցիչ |
1982 | Խնդրում եմ ներեք | Յոնաս Կոնդրոտաս |
1981 | Կողոպուտ | Հովարդ Հոքս |
1980 | Փաստ | |
1980 | Թեհրան-43 | Ֆոշ |
1980 | Մի կրակեք սպիտակ կարապների վրա | Չուվալով |
1980 | Հաղթանակի այս օրը | կարդում է տեքստը |
1978 | Ճակատագրական ճանապարհորդություն | Սայմոն Դոյլ |
1977 | Սրիկայի մահը | Քսավիե Մարեշալ |
1977 | Թշնամիները | Յակով Բարդին |
1976 | Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը | Հանս Դորնբրոկ |
1974 | Ժողովրդական սիրավեպ | Միկելե Պլաչիդոյի հերոսին |
1973 | Քեզ հետ և առանց քեզ | Յուոզաս Բուդրայտիսի հերոսին |
1972 | Հետաքննությունն ինձ է հանձնարարված | |
1972 | Եվ անձրևը մաքրում է բոլոր հետքերը | Ալեն |
1972 | Վաղն ուշ կլինի | Մ․ Կնյաժկոյի հերոսին |
1972 | Վերադարձ | Յա, Ազիզյանի հերոսին |
1972 | Հայրիկ | Առնո |
1971 | Վերջին լեռնանցքը | Հասան Տուրաբովի հերոսին |
1971 | Քարը քարին | Կոմս |
1970 | Նվագարան մարդը | Ֆիլիպ Էվանս |
Պրոդյուսեր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2004 | Սահմանային բլյուզ |
2001 | Մահացու զենք 2 |
Մասնակցություն ֆիլմերում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008 | Ֆիլմ ֆիլմի մասին |
1987 | Եվգենի Գաբրիլովիչ․ Էկրանի գրողը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201512220003?index=12&rangeSize=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Родион Рафаилович Нахапетов - биография». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ В Днепропетровске Родион Нахапетов сменил имя - КП.ру 13 октября 2006(չաշխատող հղում)
- ↑ Автобиографическая повесть «Влюблённый», Журнальный вариант
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 В Днепропетровске Родион Нахапетов сменил имя(չաշխատող հղում)
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 «Родион Рафаилович Нахапетов на сайте rudata.ru». Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին. Վերցված է 2015-01-19-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 «Родион Нахапетов на сайте «Киноафиша»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Elyse Kaner. «The double life of movie legend Rodion Nahapetov» (անգլերեն). Վերցված է 2014 թ. մայիսի 10-ին.
- ↑ Родион Нахапетов на сайте «Российская газета»
- ↑ «В Днепропетровске Родион Нахапетов был «актюром»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Телепередача «Васильевский остров», эфир 28.02.2012 (11 канал, Днепропетровск)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 Нахапетов Родион Рафаилович в энциклопедии «Кругосвет»
- ↑ «Фильм «Мне двадцать лет» (Застава Ильича) на сайте «Рускино»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 14,0 14,1 Родион (Родин) Нахапетов на сайте «Актёры советского кино»
- ↑ «Заражение - психологический триллер на основе реальных событий». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |