Անմեղության դարաշրջան (վեպ)

վեպ

Անմեղության դարաշրջան (անգլ.՝ The Age of Innocence), ամերիկացի վիպասանուհի Էդիթ Ուորթոնի ստեղծագործությունների շարքում լավագույնը համարվող վեպը, որ առաջին անգամ հրատարակվել է 1920 թվականին և որի համար նա հաջորդ տարում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ դառնալով գրական այդ հեղինակավոր մրցանակին արժանացած առաջին կինը[4]։ Վեպը նախ լույս է տեսել բրոշյուրի տեսքով՝ որպես Pictorial Review ամսագրի գրական հավելված (1920 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին), այնուհետև այդ նույն տարում ունեցել է գրքային հրատարակություններ՝ գրեթե միաժամանակ լույս ընծայվելով Նյու Յորքում և Լոնդոնում։ Երկը ջերմորեն են ընդունել թե՛ ընթերցողները և թե՛ գրաքննադատները։ Times Book Review-ի գրական մեկնաբանը գրել է, որ «վեպում փայլուն կերպով արտացոլված է 45 տարի առաջվա Նյու Յորքի համայնապատկերը։ Այն ամենապահանջված գիրքն է հանրային գրադարաններում և ամենալավ վաճառվողը՝ գրախանութներում»[5]։

Անմեղության դարաշրջան
անգլ.՝ The Age of Innocence
ՀեղինակԷդիթ Ուորթոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ[1][2]
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյու Յորք[3], Նյուպորտ և Բոստոն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1920
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/edith-wharton/the-age-of-innocence
Պարգև(ներ)
 The Age of Innocence Վիքիպահեստում

Ուորթոնն իր այս երկը գրել է Ֆրանսիայում բնակվելու տարիներին։ Վեպում նա մեծ արվեստով, վառ գույներով ու տպավորիչ կերպով պատկերել է նյույորքյան հասարակության բարձր խավի կյանքը տասնիններորդ դարի 70-ական թվականներին։ Գլխավոր հերոսը Նյուլենդ Արչերն է, ով բարեկիրթ օրիորդ Մեյ Ուելենդի հետ իր հարսանիքի նախօրեին սիրահարվում է վերջինիս զարմուհուն՝ կոմսուհի Էլեն Օլենսկայային, ում դժվարին ու տխուր ճակատագիրը շատ բաներով հիշեցնում է երկի հեղինակի՝ Ուորթոնի ճակատագիրը։

Էկրանավորումներ և թատերական բեմականացումներ խմբագրել

Վեպի լույսընծայումից ընդամենը չորս տարի անց «Ուորներ բրազերս» (Warner Brothers) հանրահայտ կինոընկերությունը նրա հիման վրա ֆիլմ է նկարահանել (ռեժիսոր՝ Ուեսլի Ռագլես, գլխավոր դերերում՝ Բևերլի Բեյն և Էլիոթ Դեքստեր)։

1928 թվականին Մարգրեթ Այեր Բեռնեսը վեպը վերափոխել է թատերգության և բենականացրել Բրոդվեյի թատրոններից մեկում։ 1934 թվականին, արդեն այդ թատերգության ու բեմականացման հիման վրա, ստեղծվել է ևս մեկ ֆիլմ, որտեղ գլխավոր դերերի կատարմամբ հանդես են եկել Այրին Դյունը և Ջոն Բոլեսը։

1993 թվականին էլ վեպին անդրադարձել է անվանի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով նկարահանել է ֆիլմի իր տարբերակը. Այս կինոնկարում գլխավոր դերերը կատարում են ճանաչված դերասաններ Միշել Պֆայֆերը, Դանիել Դեյ-Լյուիսը, Վայնոնա Ռայդերը, Ռիչարդ Գրանտը, Միրիամ Մարգուլիսը։ Ընդ որում՝ Վայնոնա Ռայդերը Մեյ Ուելենդ Արչերի կերպարի տպավորիչ մամնավորման համար արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, իսկ ֆիլմն էլ Օսկար կինոմրցանակի է արժանացել տարազների ու ձևավորման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.free-ebooks.net/ebook/The-Age-of-Innocence
  2. https://www.epubbooks.com/book/356-age-of-innocence
  3. NoveList PlusEBSCO Information Services.
  4. Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 9. ISBN 0-86576-008-X
  5. The Age of Innocence, Edith Wharton, Foreign Language Teaching and Researching Press(外研社),ISBN 7-5600-4204-X, back cover

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմեղության դարաշրջան (վեպ)» հոդվածին։