Անժելիկան և թագավորը (ֆրանս.՝ Angélique et le Roi), ֆրանսիական պատմա-արկածային ռոմանտիկ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1966 թվականին, ռեժիսոր Բեռնար Բորդերիի կողմից[5]։ Այն Անն և Սերժ Գոլոն ամուսինների՝ Անժելիկայի մասին պատմող վիպաշարի երրորդ՝ համանուն գրքի էկրանավորումն է։

Անժելիկան և թագավորը
ֆր.՝ Angélique et le Roy
ԵրկիրՖրանսիա
 Գերմանիա
 Իտալիա
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱնժելիկան և թագավորը
Թվական1965 և փետրվարի 4, 1966
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲեռնար Բորդերի[1][2][3]
ՊրոդյուսերՌայմոնդ Բորդերի և Ֆրանսիս Կոն
Սցենարի հեղինակԲեռնար Բորդերի, Դանիել Բուլանժե, Ալեն Դեկո և Ֆրանսիս Կոն[4]
ԴերակատարներՄիշել Մերսիե[2], Ժան Ռոշֆոր[2], Ժան-Լուի Տրենտինյան, Ջուլիանո Ջեմմա, Էռնստ Շրյոդեր, Շառլ Ռենյե, Ժակ Տոժա[2], Ֆրանսուա Մետր, Ռոզալբա Ների, Ժակ Իլլինգ, Սերժ Մարկան, Պիետրո Տորդի, Ռոբերտ Հոֆման, Ռոբերտո, Ֆեդերիկո Բոյդո, Լինո Բանֆի, Ջիորջիո Բանդիերա, Ալֆրեդո Ռիցցո, Կլոդ Ժիրո, Ռոբերտ Հոսեյն, Սամի Ֆրեյ[2], Ֆրեդ Ուիլյամս, Միշել Գալաբրյու, Էնն Սմիռներ, Էստելլա Բլեն, Դանի Ժակե, Դոմինիկ Զարդի, Ժան Դեգրավ, Ժան Գոլդ, Ժան Լեֆևր, Jean Parédès?, Joëlle Bernard?, Միշել Թոմաս, Ֆիլիպ Լեմեր, René Lefèvre?, Ռոբերտ Բերի, Ռոբեր Ֆավար, Valérie Boisgel? և Պասկալ Մարտինո[4]
ՕպերատորՀենրի Փերսին
ԵրաժշտությունՄիշել Ման
ՄոնտաժՔրիստիան Գաուդին
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն100 րոպե
ՆախորդՀիասքանչ Անժելիկան
ՀաջորդԱնսաստելի Անժելիկան

Սյուժեն խմբագրել

Անժելիկայի ամուսինը՝ Ֆիլիպ դը Պլեսսի-Բելյերը զոհվում է Հոլանդական պատերազմի ժամանակ, որից հետո Անժելիկան վերադառնում է ամուսնու կալվածք։ Վերսալում այդ ժամանակ իշխում էր թագավորի սիրուհին՝ մարքիզուհի դը Մոնտեսպանը, ով հայտնի էր իր պերճանքով ու անպատկառությամբ։

Ֆրանսիա է ժամանում Սեֆյան Պարսկաստանի դեսպան Բաչիար Բեյը, ում հետ Լյուդովիկոս XIV թագավորը ցանկանում էր պայմանագիր ստորագրել։ Տեսնելով, որ իր դիվանագետները ի վիճակի չեն ինչ-որ բան անելու, թագավորը որոշում է դեսպանի մոտ ուղարկել գեղեցիկ կնոջ՝ Անժելիկային։ Տատանվելուց հետո այնուամենայնիվ Անժելիկան որոշում է օգնել թագավորին և գաղտնի կերպով ժամանում է Վերսալ։ Մարքիզուհի դը Մոնտեսպանը կարծում է, որ Անժելիկան այլ նպատակով է եկել, այն է՝ իրենից խլել թագավորին։

Լյուդովիկոսը գթասրտություն դրսևորելով, Անժելիկային է վերադարձնում նրա մահապատժի ենթարկված առաջին ամուսնու՝ Ժոֆրեյ դը Պեյրակի Փարիզում գտնվող տունը։ Հին ու լքված տանը Անժելիկան գտնում է ծերուկ ալքիմիկոս Սավարիին։ Բացի այդ, նա գտնում է նաև Ժոֆրեյի արյունոտ վերնաշապիկը, որով իբր նրան այրել էին։ Անժելիկան աղոտ, բայց գիտակցում է, որ Ժոֆրեյը, Սավարիի ընկերը, ողջ է և հեռվից հետևում է իրեն։ Սավարին համառորեն պնդում է, որ Ժոֆրեյը մեռած է։

Անժելիկան մեծ տպավորություն է թողնում պարսիկ դեսպանի վրա և վերջինս կարգադրում է, որ նա ներկայանա իր պալատ։ Այդ ժամանակ Լյուդովիկոսը սարսափած լսում է գլխավոր ոստիկան Դեգրեի զեկույցը այն մասին, որ Փարիզում գտել են դեսպանի կողմից սպանված տասնյակ կանանց։ Նա հրամայում է հարյուրավոր դրագուններ ուղարկել Անժելիկային փրկելու համար, սակայն վերջին պահին փոխում է հրամանը, մտածելով, որ դեսպանը կարող է վիրավորվել և լքել Ֆրանսիան։

Պարսիկ դեսպանը համաձայնվում է Ֆրանսիայի հետ պայմանագիր ստորագրել՝ փոխարենը պահանջելով Անժելիկային։ Այդ ժամանակ ներխուժում է կողոպտիչների մի խումբ, որոնց առաջնորդը առևանգում է Անժելիկային և տանում իր ապաստարանը։ Պարզվում է, որ դա հունգարական շնորհազուրկ իշխան Ֆերենց Ռակոցին էր, ով սիրահարված էր Անժելիկային։

Դեսպանը ցանկանում է հեռանալ, սակայն Անժելիկան տեղի ունեցածը ներկայացնում է այնպես, որ իբր իրեն առևանգել են ավազակները և ինքը նրանց փրկագին է վճարել։ Դեսպանը իր պատվիրակներով ներկայանում է թագավորին, ստորագրում պայմանագիրը և պահանջում Անժելիկային։ Թագավորը հայտնվում է դժվար դրության մեջ, բայց նրան օգնության է հասնում նախարար Կոլբերը, բոլորի ներկայությամբ հայտարարելով, որ Անժելիկան թագավորի սիրուհին է։ Թագավորական պալատը ցնցվում է այդ նորությունից...

Անժելիկան դառնում է Ֆերենցի սիրուհին։ Լյուդովիկոսը զայրացած է, փոխանակ Անժելիկան կրկին շարունակի դեսպանի Վերսալ այցելելուն նպաստել, զվարճանում է Ֆրանսիայի համար անցանկալի անձնավորության հետ։ Լյուդովիկոսը Դեգրեին ուղարկում է Ռակոցիին ձերբակալելու, սակայն վերջինիս հաջողվում է հեռանալ գաղտնի մուտքով։

Մարքիզուհի դը Մոնտեսպանը ատում է Անժելիկային և երազում է վերջ տալ նոր սիրուհու կյանքին։ Այդ ժամանակ Անժելիկայի և թագավորի միջև զրույց է տեղի ունենում։ Անժելիկան համակրում է երիտասարդ միապետին, բայց չի կարող ներել իր սիրելի ամուսնու՝ Ժոֆրեյ դը Պեյրակի մահը։ Լյուդովիկոսը խոստովանում է, որ Ժոֆրեյին մահապատժի չեն ենթարկել, այլ գաղտնի կերպով ներում է ստացել թագավորի կողմից և տեղափոխվել է առանձին բանտ։ Ճանապարհին փորձել է փախչել, սակայն խեղդվել է Սենի մեջ, քանի որ ուժ չուներ լողալու, իսկ խարույկի վրա՝ նրա փոխարեն այրել են ուրիշ հանցագործի։ Անժելիկան ավելի շատ հակված էր հավատալու, որ իր ամուսինը ողջ է և արդյունքում պարզ է դառնում, որ նա իրավացի էր...

Անժելիկային փորձում են սպանել թունավորված գիշերազգեստի միջոցով։ Նա հրաշքով փրկվում է և իր հավատարիմ Բարկարոլի օգնությամբ պարզում է, որ դա թագավորի սիրուհու ձեռքի գործն է։ Մարքիզուհի դը Մոնտեսպանը Սատանային երկրպագողների աղանդի մեջ էր, որին աղոթելիս խնդրում էր, որպեսզի թագուհուն անպտղություն պարգևի։ Անժելիկան խանգարում է նորածին երեխային զոհաբերելու գործընթացին, որի ժամանակ զոհվում է իր հավատարիմ Բարկարոլը։ Դավադիրների մասին Անժելիկան պատմում է Դեգրեին, սակայն վերջինս համոզում է, որ այդ մասին նա չպատմի թագավորին։ Դրա փոխարեն Դեգրեն հայտնում է, որ իրեն հաջողվել է տեղեկություն հավաքել Ժոֆրեյի փրկվելու մասին։ Պարզվում է, որ նա գետի մեջ չի խեղդվել, նրան բուժել են վանականները, որից հետո նա գաղտնի մուտքով գնացել է իր Փարիզում գտնվող տուն, որտեղից վերցրել է ոսկին ու թաքնվել Ֆրանսիայի հարավում։ Անժելիկան ցանկանում է անմիջապես նետվել ամուսնուն որոնելու, սակայն Դեգրեն համոզում է սպասել մինչև առավոտ։

Այդ գիշեր Ժոֆրեյը խավարի միջով թափանցում է դղյակ, որպեսզի վերջին անգամ տեսնի իր սիրելիին։ Նա չի ցանկանում նոր փորձությունների ենթարկել կնոջը, ուստի գերադասում է նրա համար մեռած մնալ։ Այդ նույն ժամանակ դղյակ է մտնում մարքիզուհի դը Մոնտեսպանի կողմից ուղարկված մարդասպանը՝ Անժելիկային սպանելու նպատակով։ Սակայն Ժոֆրեյը սպանում է չարագործին։ Անժելիկան արթնանում է և տեսնում է Ժոֆրեյին, վազում է դեպի նա, բայց Ժոֆրեյն հեռանում է գաղտնի մուտքով, թողնելով հեկեկացող Անժելիկային դռան ետևում։

Անժելիկան ի վերջո Սավարիից կորզում է ճշմարտությունը։ Վերջինս հաստատում է, որ Ժոֆրեյը ողջ է և նրան է հանձնում Ժոֆրեյի երկտողը։ Այնտեղ գրված էր, որ նա սիրում է Անժելիկային, սակայն Անժելիկայի բարօրության համար իսկ՝ պետք չէ փնտրել իրեն։ Սակայն Անժելիկան Ժոֆրեյին սիրում էր կյանքից առավել և Սավարիի հետ ուղևորվում է իր սիրեցյալին որոնելու...

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Միշել Մերսյե Անժելիկա Սանսե դե Մոնտելու
Ռոբեր Հոսեյն Ժոֆրեյ դը Պեյրակ
Ժան Ռոշֆոր Ֆրանսուա Դեգրե
Կլոդ Ժիրո Ֆիլիպ դը Պլեսսի-Բելյեր
Սամի Ֆրեյ Բաչիար Բեյ
Ժակ Տոժա Լյուդովիկոս XIV
Էստելլա Բլեն մարքիզուհի դը Մոնտեսպան
Ֆրեդ Ուիլյամս Ֆերենց Ռակոցի
Պասկուալե Մարտինո Սավարի
Ռենե Լեֆևր Ժան Բատիստ Կոլբեր
Միշել Գալաբրյու Բոնտան
Կլեր Ատանա թագուհի Մարիա Թերեզա Իսպանացի

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Ալեն Դեկո, Բեռնար Բորդերի, Ֆրանսիս Կոն, Պասկալ Ժարդեն սցենարիստ
Բեռնար Բորդերի ռեժիսոր
Ֆրանսիս Կոն, Ռայմոն Բորդերի պրոդյուսեր
Անրի Պերսեն օպերատոր
Միշել Ման կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմն առաջին անգամ Ֆրանսիայում ցուցադրվել է 1966 թվականի հունվարի 31-ին։
  • 1968 թվականին կինոնկարն արժանացել է գերմանական «Ոսկե էկրան» մրցանակին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0058909/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=44440.html
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «Sorti le 31 janvier 1966». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.