Անդափ (Աինթապ, Այնթապ Եփրատացվոց, Այնթեփ, Անթաբ, Անթապ, Անթափ, Անթեպ, Անթեպ Անտիոքա, Անթեփ), քաղաք Կիլիկիայում, նրա հյուսիսարևելյան կողմում, Մարաշ-Հալեպ ուղեգծի վրա, Եփրատի վտակ Սաջուրի ափին։ Փռված է դաշտաձև բարձրադիր հովտում, որը հյուսիսից, արևմուտքից և հարավից շրջապատված է կրաքարային, կավճային և մարմարի կազմություն ունեցող բլուրներով։ Ունի գեղեցիկ դիրք, առողջարար, մեծ մասամբ ցամաքային կլիմա, խմելու և ոռոգելու առատ ջուր։ Շրջակայքում կան խաղողի և պտղատու փարթամ այգիներ, քարհանքեր։

Քաղաք
Անդափ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Բնակչություն51 000 մարդ

Տնտեսություն խմբագրել

Հայտնի է ընտիր խաղողով, ծիրանով, խնձորով, ընկույզով և ուրիշ պտուղներով։ Մշակում են նաև հացահատիկ, բամբակենի։ Հռչակված էր որպես առևտրաարհեստավորական կենտրոն։ Անդափն այժմ վերանվանված է Ղազիանթեպ և համանուն վիլայեթի կենտրոնն է։

1970 թվականին քաղաքն ուներ 160,2 հազար, մեծ մասամբ թուրք բնակիչ։ Այստեղ գործում են տեքստիլ, կաշվի, սպիրտի-օղու, օճառի և այլ ձեռնարկություններ։ Արտադրվող և արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ են գրավում ծխախոտը, չամիչը, դոշաբը, օղին, բամբակե գործվածքները և այլն։

Պատմական տվյալներ խմբագրել

Անդափը թեև որպես բնակավայր հին է, սակայն նրա մասին առաջին պաշտոնական տեղեկություններ հաղորդում են խաչակիրները (11-12-րդ դարեր), որոնք այստեղ կառուցել են ամուր բերդ և դարձրել իրենց ռազմական հենակետը։ Միջին դարերում քաղաքը մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ, հետո կարճ ժամանակով անցել է Կիլիկիայի հայոց իշխան Գող Վասիլի ձեռքը։ 1266 թվականին Կիլիկիայի Հեթում 1-ին թագավորը երկու անգամ անհաջող փորձ կատարեց քաղաքն իր տիրապետությանը միացնելու համար։ 14-15-րդ դարորում Անդափը շրջակայքով գրավել էին եգիպտացիները։ 1404 թվականին քաղաքն ավերվում է Լենկթեմուրի կողմիցԼ Անդափը վերջնականապես նվաճել են թուրքերը 1516 թվականին։

Հայերն Անդափում խմբագրել

Անդափում և նրա շրջակայքում դեռ հին ժամանակներից զգալի թիվ են քազմել հայերը, որոնք զանգվածաբար այստեղ են տեղափոխվել սկսած 14-րդ դարի Հայաստանի և Փոքր Հայքի տարբեր շրջաններից (Մուշ, Մալաթիա, Մարաշ, Բեհեսնի, Ադյաման, Բերեջիկ, Ուրֆա)։ Ոմանք գտնում են, որ քաղաքն այդպես են անվանել Ալաշկերտի հովտի Անդափ բնակավայրից ներգաղթած հայերը։ 19-րդ դարի վերջերին Անդափն ուներ 43000 բնակիչ, որից հայերը՝ 16900։ 20-րդ դարի սկզբներին հայերի թիվը շուրջ 36000 էր։ Հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն ու արհեստագործությունն էր։ Ոսկերիչների, որմնադիրների, ներկարարների, կաշեգործների, գորգագործների մեծ մասը հայեր էին։ Անդափցի կանանց արտադրած ասեղնագործ, նուրբ և ճաշակով ապրանքները հայտնի էին հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում և բարձր գին ունեին։ Մինչև 1915 թվականը Անդափում գոյություն ուներ հայկական վեց եկեղեցի, 17 ուսումնարան, դպրոց ու վարժարան (Վարդանյան, Մեսրոպյան սանուց դպրոցը՝ հիմնվախ 1874 թվականին, Ադենական որբախնամ դպրոցը՝ հիմնված նույն թվականին, Հայկանուշյան վարժարանը՝ հիմնված 1877 թվականին, 1882 թվականին բացվել է Վարդանանց նախակրթարանը, 1896 թվականին Անդափում բացվում է առաջին կիրակնօրյա դպրոցը, Այդինյան, Հոխիսիմյան վարժարաններն ու «կեդրոնական թուրքիո կոլեջը», 1912 թվականին հիմնվել է Կիլիկիայի ճեմարանը ցերեկային և գիշերային բաժիններով)։ Անդափում հրատարակվել են նաև Ենի Ցոմուր և Հագիգաթ հայատառ թուրքերեն թերթերը։ 1886 թվականին Վարդանյան կրթարանը հրատարակում է Մենտոր կիսամյա հանդեսը՝ հայերեն և թուրքերեն։

Կոտորածներ խմբագրել

Անդափի հայերը բարեկազմ, գեղեցկադեմ և զվարթ մարդիկ էին։ Անդափի հայերը նույնպես 1915 թվականին տեղահանվեցին, քշվեցին Տերզորի անապատ և զանգվածաբար ոչնչացվեցին։ 1918 թվականին նրանց փշրանքները կրկին վերադարձան հայրենի քաղաք, բայց շուտով իմպերիալիոտական տերությունների կողմից թողնվեցին բախտի քմահաճույքին։ 1920-21 թվականներին Անդափցիները 314 օր հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ։ Կենդանի մնացածները տարեգրվեցին Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, նրանց մի մասը հետագայում հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան։

Անդափում է ծնվել բանասեր, Կիլիկիայի կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանը (1868-1936 թվականներ)։ Անդափ անունը այժմ կրում է Հայաստանի Մասիսի շրջանի նախկին Թազա-գյուղը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 236 — 992 էջ։